Կրթության նախարարությունը կրկին համալրվում է դաշնակցականներով

Կրթության նախարարությունը կրկին համալրվում է դաշնակցականներով

Կրթության եւ գիտության նախարարությունում կրկին կադրային տեղաշարժեր են։ ԿԳՆ-ն Դաշնակցությանը հանձնելուց հետո նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը, իր նախորդի օրինակով ու հանգույն, սկսել է ազատվել Աշոտյանի նշանակած կադրերից։ Մենք տեղեկացանք, որ մի քանի վարչությունների պետերի ասվել է՝ դիմում գրեք գնացեք, նրանց մի մասը հրաժարվել է, ասել են՝ թող անձամբ նախարարն ասի։ Իսկ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը դիմում է գրել, ազատվել աշխատանքից եւ տեղափոխվել Ազգային ժողով։ Նա նշանակվել է Հերմինե Նաղդալյանի օգնական եւ, ոմանց կարծիքով, հնարավոր է ընդգրկվի 2017 թ. ՀՀԿ համամասնական ցուցակում։ Նրա փոխարեն ժամանակավոր արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել, մինչեւ նոր պետի համար մրցույթ կհայտարարվի։



Ի դեպ, տեղեկությունը ճշտեցինք ոչ թե պաշտոնական աղբյուրից՝ Ազգային ժողովից, այլ մեր սեփական աղբյուրներից, քանի որ ԱԺ-ում հղում արեցին արդարադատության նախարարության երկնած՝ անձնական տվյալների պաշտպանության մասին անհեթեթ օրենքին, որով իբրեւ թե արգելվում է առանց անձի թույլտվության ասել, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնում։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նման տարրական ինֆորմացիան հրաժարվում են տրամադրել մամուլին՝ թաքնվելով այս օրենքի տակ։ Եվ կարծում ենք, որ սրա համար պետք է ոմանք պատժվեն, եւ գուցե արժե, որ Սահմանադրական դատարան հայց ուղղվի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի եւ նշված օրապակաս օրենքի հակասության եւ Սահմանադրության խախտման կապակցությամբ։



Կրթության նախարարությունից հաստատեցին լուրը, որ Տիգրան Սահակյանն ազատվել է իրենց վարչության պետի պաշտոնից։ Նախարարի խոսնակ Լուսինե Մարգարյանն ասաց, որ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ղազարյանը։ Վերջինս, մինչ նախարարություն տեղափոխվելը, եղել է «Պոլիտեխնիկի» հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկանի տեղակալ։ Թե մրցույթը երբ կհայտարարվի, հայտնի չէ։ «Այս պահին նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց խոսնակը։
Հետաքրքրվեցինք Արթուր Ղազարյանի կուսակցական պատկանելությամբ։ Մի ներքին ձայն մեզ հուշում էր, որ պաշտոնակատարը ՀՅԴ անդամ է, եւ մեր ներքին ձայնը չէր սխալվում։ «Այո, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է, նաեւ Հանրային խորհրդի անդամ»,-ասաց Լուսինե Մարգարյանն ու սկսեց թվարկել ՀՅԴ-ական նորեկի արժանիքները։ Նա քաղաքական գիտությունների թեկնածու է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։ Նաեւ զինվորական ծառայություն է անցել 1998-2000 թվականներին, որը, խոսնակի կարծիքով, «այսօր շատ ակտուալ է բոլոր ժամանակներում մեր պետության համար»։



Ամենայն հավանականությամբ, քաղծառայության առաջիկա մրցույթում հենց Արթուր Ղազարյանն էլ կհաղթի, քանզի Լուսինե Մարգարյանը չբացառեց, որ նա կառաջադրի իր թեկնածությունը։ Հակառակ պարագայում հազիվ թե դեկանի տեղակալի պաշտոնից ազատեին ու մի քանի օրվա համար բերեին նախարարություն՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ