Տիգրան Մուկուչյանը գտել է այդ սողանցքը փակելու ձեւը

Տիգրան Մուկուչյանը գտել է այդ սողանցքը փակելու ձեւը

Հայաստանում նոր Ընտրական օրենսգրքի մշակման ու վերամշակման ակտիվ գործընթացի մեջ են։ Իշխանությունները խոստանում են իրենք իրենց դեմ «պայքարել» եւ այնպես անել, որ ընտրակեղծարարության սողանցքները փակվեն, ընդդիմությունն էլ ջանք չի խնայում նորանոր պայքարի միջոցներ առաջարկելու գործում։ Իշխանությունները դեմ չեն այդ մեխանիզմները կյանքի կոչելու, որովհետեւ ուզում են իդեալական օրենք ստեղծել, որտեղ սողանցքներ չկան, եւ ընտրակեղծարարների գործունեության համար դաշտ չկա։ Իշխանություններն ուզում են ամեն գնով համոզել ընդդիմությանն ու ժողովրդին, թե իրենք գիտակցում են, որ ընտրություն կեղծելն ամոթ է, չի կարելի, ավելին՝ անբարոյականություն է (կաշառք տվողների ու վերցնողների ականջը կանչի), եւ իրենք հիմա այնպիսի օրենսգիրք են կազմել, որ էլ նման բան հնարավոր չէ անել։ Ընդդիմությունը, սակայն, չի հավատում իշխանությունների հանկարծահաս ազնվությանը։ Ուստի ընդդիմությունը որոշել է կոնտրմեխանիզմներ դեմ տալ եւ փակուղի մտցնել «ազնիվ պայքարողներին»։ Էլ մատների թանաքոտում, էլ ոտքերը պաղ ջուր դնել, էլ մինչեւ ընտրատեղամաս մտնելը ավետարանի վրա երդվել, որ չեն կեղծելու, էլ ցուցակների հրապարակում եւ ցուցակների մաքրում (քիմմաքրում, էլ մատնահետքով ու անձի նույնականացմամբ քվեարկություն)։ Մի խոսքով՝ ընդդիմությունն ամեն հնարավոր միջոց ձեռնարկում է, որ «անխոցելի» առաջարկներ անցկացնի։ Դրանով նրանք հույս ունեն, որ ընտրությունները լիարժեք կվերահսկվեն ու կանցնեն արդար, թափանցիկ, առանց կեղծիքների։ Միայն մի բան պարզ չէ՝ նրանք ուզում են դրանով արդար ու թափանցիկ ընտրություննե՞ր անցկացնել, թե՞ ՀՀԿ-ին տապալելու մեխանիզմներ մշակել։ Նրանք, սակայն, հաշվի չեն առել, որ կան օրինախախտումներ, որոնց դեմ մատներն էլ թանաքոտեն, ոտքերին էլ տատու անեն, «պապայի-մամայի արեւ էլ երդվեն», մեկ է՝ գործնականում չեն կարողանա դեմն առնել։



Խոսքն ընտրակաշառք վերցնելու կամ ճնշումներին ենթարկվելով կողմնորոշված քվեարկություն կատարելուն է վերաբերում։ Ոչ կարելի է հսկել, որ 100 տոկոսով բացառվի տներում, շտաբներում, մութ շքամուտքերում փող բաժանելը, ոչ էլ կարող ես մարդկանց վախը բռնել։ Ինչպես հնարավոր չէ ստիպել, որ կաշառվածներն ու վախեցածները քվեախցում չլուսանկարեն քվեարկած թերթիկը եւ չներկայացնեն ուր որ պետք է։ Անշուշտ, դա օրինախախտում է։ Սակայն դրա դեմ պայքարի որեւէ արդյունավետ մեխանիզմ դեռ չի հայտնագործել գիտությունը, նույնիսկ բրիտանացի գիտնականները կամ ՆԱՍԱ-ի ինժեներներն են անզոր դրա դեմ պայքարել, ուր մնաց մեր ընդդիմությունը՝ Լեւոն Զուրաբյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի ճկուն խելքով։ Եթե փորձենք օրենքով դրա դեմն առնել, կարող է հայտնվենք ԱՄՆ նահանգներից, օրինակ, Ինդիանայի վիճակում, որտեղ արգելված է վաճառել սեփական աչքերը կամ հյուրանոցի երկրորդ հարկից կրակել ցուլերի վրա։ Հայաստանում էլ կարելի է, օրինակ, արգելել 150 հազար դրամից ավել արժողությամբ, այսինքն՝ լուսանկարելու հնարավորությամբ հեռախոսների վաճառքը կամ հեռախոսները քվեախցիկ մտցնելը։ Կարելի է նաեւ օրենքով «հայհոյանք դնել» կաշառք վերցնողների ու քվեարկած թերթիկները լուսանկարողների վրա։



Իսկ եթե ավելի լուրջ՝ ի՞նչ կարելի է անել այս ընտրակեղծիքների դեմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, տեսականորեն պայքարի որոշ մեխանիզմներ առաջարկեց։ Թեպետ ինքն էլ է համաձայն, որ կաշառք տալու/վերցնելու դեմ պայքարելը շատ բարդ է։ Նախ նա նշեց, որ իրենք այսօր քվեախցերը դարձրել են առավելագույն տեսանելի, որպեսզի հնարավոր լինի տեսնել քվեախուց մտած մարդուն։ Բայց, իհարկե, չվերահսկել նրա քվեն։ Դրանով հնարավոր կլինի հետեւել՝ լուսանկարե՞ց նա, թե՞ ոչ։ Բայց դա էլ լիարժեք մեխանիզմ չէ, քանզի կարող է հանձնաժողովի անդամները չֆիքսեն այդ պահը։ ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու, այդ թվում՝ քվեարկած քվեաթերթիկն ստուգելու, այն լուսանկարելու համար Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսվում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, կամ ազատազրկում՝ 2-3 տարի ժամկետով։ Բայց այստեղ խոսքը բացահայտման մասին է, այդ թվում՝ կաշառք տալ-վերցնելը։ Մուկուչյանի կարծիքով՝ կաշառքի հանցակազմն ամենադժվար բացահայտվող արարքներից է։ Կա տվող եւ կա վերցնող։ Եվ եթե երկուսն էլ չեն հայտնում այդ մասին, շատ բարդ է դա բացահայտելը։ Իսկ ինչ վերաբերում է քվեաթերթիկը լուսանկարելուն, ապա Մուկուչյանն ասաց, որ այստեղ հնարավոր է այնպիսի մեխանիզմ ներդնել, որ դրա կարիքն ուղղակի չառաջանա, քվեաթերթիկը լուսանկարելու իմաստ այլեւս չլինի։



«Օրինակ, կան մի շարք երկրներ, որտեղ յուրաքանչյուր թեկնածուի համար տպվում է ինքնուրույն քվեաթերթիկ, եւ քվեաթերթիկների թվաքանակը լինում է ընտրողների քանակից շատ։ Դրանցից դրված է լինում նաեւ քվեախցերում, հետեւաբար, եթե ընտրողին անգամ տված լինեն կոնկրետ թեկնածուի անունով քվեաթերթիկ, այդ նույն քվեաթերթիկից լինելու է նաեւ քվեախցում։ Արդյունքում ընտրողը կարող է մեկ ուրիշ քվեաթերթիկ գցել արկղի մեջ»,-ասաց նա։



Կա մեկ այլ տարբերակ, որը հիմա փորձում են ներդնել նոր Ընտրական օրենսգրքով։ Ամեն թեկնածու քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը։ Սկզբում ուզում էին դա գույներով անել, հիմա որոշվել է՝ միագույն։ Ենթադրենք՝ կա 10 թեկնածու։ Ընտրողը պետք է այդ տասից մեկի անվանական քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մյուս 9 թերթիկները՝ առանձին արկղի մեջ։ Մուկուչյանի կարծիքով՝ կարելի է այդ արկղը թողնել քվեախցում, որպեսզի բացառեն կրկին շահագրգիռ անձանց կողմից քվեի վերահսկման մեխանիզմը։ «Ամբողջ խնդիրը հետեւյալն է։ Դու մտնում ես քվեախուց, քո ձեռքին կա յուրաքանչյուրից մեկական քվեաթերթիկ։ Բայց քվեախցում էլ տեղադրված է յուրաքանչյուր կուսակցությունից 10 քվեաթերթիկ։ Այսինքն, եթե դու նույնիսկ ինչ-որ բան դուրս էլ ես հանում, որեւէ կերպ դու չես կարողանալու հիմնավորել, որ էնտեղ չես թողել էն քվեաթերթիկը, որը պետք է ենթարկվեր վերահսկողության, կամ այնտեղից չես վերցրել ուրիշը»,-նշեց Մուկուչյանը։ Մի խոսքով՝ այս հարցի լուծումը հնարավոր է տալ, բայց դա, իհարկե, դարձյալ լիարժեք չի բացառի կաշառք տալն ու վերցնելը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ