Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խորհրդական է պետք

Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խորհրդական է պետք

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր խորհրդական ունեցավ՝ Արման Խաչատրյանը, ով մինչ այդ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, համալրել է կառավարության ղեկավարի խորհրդականների շարքը։ Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկը՝ Սերգեյ Լոքյանը, ազատվել էր աշխատանքից, քանի որ նրա հայրը՝ դաշնակցական Դավիթ Լոքյանը, դարձավ նախարար։ Որպեսզի հայր ու որդի կառավարությունում բարձր պաշտոն չզբաղեցնեն, կրտսեր Լոքյանը որոշեց հրաժարվել իր պաշտոնից՝ զրկելով Հովիկ Աբրահամյանին իր «թանկ ու օգտակար» խորհուրդներից։ Հիմա նրա փոխարեն այդ «սուրբ» գործը կիրականացնի Արման Խաչատրյանը։



Նկատենք, որ Աբրահամյանն ունի 11 խորհրդական, որից մեկը՝ Հայկ Դավթյանը, գլխավոր խորհրդական է։ Հետաքրքիր է՝ շատ խորհրդական ունենալը քաղաքականությամբ զբաղվող մարդու համար շա՞տ խելքի նշան է, թե՞ ճիշտ հակառակը։ Հատկապես, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էր ասում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ։ Երեւի շատ խորհրդական է պետք։ Առհասարակ, խորհրդականի աշխատանքի արդյունավետությունը պետք է արտացոլվի իր ղեկավարի աշխատանքում եւ դրանով իսկ շոշափելի դառնա հասարակության մեջ։ Եթե լավ խորհուրդներ տան, իրենց շեֆերն էլ լավ աշխատեն, երկրին շատ օգուտ կտան։ Եթե զուտ հաստիք զբաղեցնելու եւ մեր հաշվին բարձր աշխատավարձ ստանալու համար են ծանոթ-բարեկամով նշանակվում այդ պաշտոնին, ապա դա լրիվ այլ հարց է։ Օրինակ՝ վերջին շրջանում ընդունված պրակտիկա է դարձել, երբ մի նախարարի կամ մարզպետի ազատում են աշխատանքից, նրան հետո կամ դեսպան են ուղարկում որեւէ երկիր, կամ նախագահի ու վարչապետի խորհրդական են նշանակում։



Վառ օրինակ՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը. մարզպետի պաշտոնը լքելուց հետո նա անմիջապես անցավ վարչապետին խորհուրդ տալու «ազգանվեր» գործին։ Որեւէ մեկը, սակայն, չի կարող ասել, թե ինչ է շահել հասարակությունը Շահգալդյանի տված խորհուրդներից։ Կամ՝ վարչապետի խորհրդականների թվում են Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, որը, ասում են, ավելի շատ մոսկվաներում է լինում, քան Հայաստանում։ Աբրահամյանի խորհրդականներից է նաեւ արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Մալխասյանը։ Մյուս խորհրդականը Կորյուն Հակոբյանն է՝ Հրանուշ Հակոբյանի եղբայրը, որը ժամանակին բնապահպանության փոխնախարար է եղել։ Հաջորդը Գագիկ Խաչատրյանն է՝ քաղաքաշինության նախկին փոխնախարարը, Ջրային կոմիտեի նախագահի նախկին տեղակալը։ Ավելի հետաքրքիր պատկեր է ՀՀ նախագահի խորհրդականների ցանկում։ Այստեղ են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանը, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը, ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Վաղամեռիկ Արմեն Մովսիսյանն էլ էներգետիկայի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո գնաց նախագահի խորհրդական աշխատելու։ Իմաստն այն է, որ մարդկանց դրսում չթողնելու համար խորհրդական են նշանակում՝ կաբինետ, ավտոմեքենա, կարգավիճակ շնորհում։ Խորհրդականից էլ լավ գո՞րծ՝ անշառ ու գլխացավանքից զերծ։



Խորհրդականների կատարած աշխատանքի եւ նրանց արդյունավետության մասով վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ մեզ միայն ասաց. «Յուրաքանչյուր խորհրդական իր գործառույթն ունի, գործառույթները սահմանում է վարչապետը, նրանք էլ կատարում են վարչապետի հանձնարարականները»։ Մեր դիտարկմանը, թե հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ խորհրդականն ուղղակի պաշտոն է, որ զբաղեցնում են եւ առանձնապես որեւէ արդյունավետ աշխատանք չեն կատարում, տիկին Պողոսյանն ասաց. «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խորհրդականները շատ արդյունավետ աշխատում են»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ