Ընտրությունների ուղիղ հեռարձակմանը դեմ են, տեսանկարահանմանը՝ կողմ․ ԱԺ-ում քննարկում են ԸՕ նախագիծը
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այս պահին քննարկում են Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակը, որը այս քառօրյային ներկայացվելու է խորհդրարանի դատին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Ընտրական օրենսգրքի այս նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այն կարևոր փոփոխությունները, որոնք կատարվել են Ընտրական օրենսգրքի նախագծում։
Նախ Հարությունյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծում ներառվել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:
Հետո թվարկեց փոփոխությունները, որոնցում կարևորագույններից մեկն այն է, որ ընտրություններն անցնելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով։ Հարությունյանի խոսքով՝ Համամասնական ընտրակարգն ունի մի լուրջ խնդիր, եթե այն ներկայացվի պարզունակ եղանակով, ապա կնշանակի, որ քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքում։ Հետևաբար՝ իրենք առաջարկում են այնպիսի մոդել, որը լայնորեն կիրառվում է մի շարք զարգացած երկրներում։ Խոսքը բաց քվեակարգով համամասնական մոդելի և տարածքային սկզբունքով մոդելի մասին է:
«Գաղափարը հետևյալն է, որ յուրաքանչյուր տարածքում ևս իրականացվում է համամասնական ընտրություն՝ տեղի ցուցակներով: Այստեղ կա երկու ընտրություն: Մենք լուծում ենք կարևորագույն հարց՝ տարածքներում ևս կուսակցության առանձին ցուցակներ են լինում, և ընտրողը պետք է իր ձայնը տա այս կամ այն կուսակցությանը: Փաստորեն, մենք ստանալու ենք պատկեր, թե որ կուսակցությունը ինչպիսի հեղինակություն է վայելում այս կամ այն տարածքում»,- նշեց նա։
Անդրադառնալով կայուն մեծամասնության ձևավորմանը՝ Հարությունյանն ասաց, որ իրենք առաջարկում են 54 թիվը՝ որպես կայուն մեծամասնության ձևավորման համար շեմ։
Ընդդիմության առաջարկություններից մատների թանաքոտմանը դեմ են, փոխարենը՝ իրենք ամրագրել են մատնահետքով քվեարկություն անցկացնելու դրույթը։ Իսկ ընդդիմության այն առաջարկությանը, որ ընտրատեղամասերում կազմակերպվի ուղիղ հեռարձակում, Հարությունյանն ասաց, որ իրենք կողմ չեն։
«Մենք կողմնակից չենք կազմակերպել ուղիղ հեռարձակում, քանզի նման տրաֆիկ չենք կարող ապահովել Հայաստանում»,- ասաց նա՝ նշելով, որ ճիշտ չի ընկալվի, եթե որևէ տեղամասում կապի խափանում լինի։ Բայց տեսանկարահանմանը կողմ են՝ պայմանով, որ գտնվի դոնոր, որ պատրաստ կլինի դա ֆինանսավորելու։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարծիքներ