«Ես ասում եմ՝ աղջիկը սիրուն ա, դուրս գալիս ա, ինձ ասում են՝ կոշիկը մաշած ա. գինին պիտի օղուց էժան լինի»

«Ես ասում եմ՝ աղջիկը սիրուն ա, դուրս գալիս ա, ինձ ասում են՝ կոշիկը մաշած ա. գինին պիտի օղուց էժան լինի»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխության նախագիծ է ներկայացրել։ Սրանով Բագրատյանն առաջարկում է հանել գինիների ակցիային հարկից շշի և այլ բաղադրիչների գինը, եւ ակցիզը կիրառել միայն շշի պարունակության՝ բուն գինու վրա։ Սրանով, ըստ Բագրատյանի, գինիների գինը կնվազի։ Բագրատյանը բացատրում է նրանով, որ գինու մեջ սպիրտի չափաբաժինը 12 տոկոս է, օղու մեջ՝ 40 տոկոս։ Հետևաբար՝ գինին օղուց պետք է էժան լինի։



Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, սակայն, համաձայն չէ։ Նա կարծում է, որ սրանով գինու գինն իջնելու է լավագույ դեպքում տասը դրամով։ Մինչդեռ դա որևէ էական ազդեցություն չի թողնի սպառողի ցանկության վրա։ Սպառողն, ըստ նրա, ավելի շատ օղի է օգտագործում, քան գինի, բացի այդ՝ օղին ավելի էժան է։ Եթե ուզում ենք խթանել գինու արտադրությունն ու վաճառքը, ուրեմն պիտի օղու գինը բարձրացնենք, որ գինին նկատելի իջեցնենք, որ մարդիկ օղին թողնեն՝ գինի սկսեն խմել։



«Եթե ես ակցիզային հարկի մասին այս օրենքը կիրառում եմ գինու վրա, ես չեմ կարող այն չկիրառել նաև օղու վրա։ Արդյունքում՝ իջնելու է նաև օղու գինը։ Մեր շուկայում օղու մեկ լիտրը սկսվում է 500 դրամից, գինու գինը՝ միջինը 2000։ Եթե այս օրենքը կիրառենք, դրանց գինը կիջնի լավագույն դեպքում 10 դրամով։ Հիմա ինձ ասեք՝ ինչի՞ պիտի Հայաստանի քաղաքացին չցանկանա գնել 490 դրամանոց օղին և սկսի առնել 1990 դրամանոց գինին»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ այնպես չստացվի, թե Այվազյանը դեմ է խաղողագործության զարգացմանը: 



Բագրատյանն էլ հակադարձեց․ «Ես ասում եմ՝ աղջիկը սիրուն ա, դուրս գալիս ա, ինձ ասում են՝ կոշիկը մաշած ա։ Ես Ձեզ ասում եմ՝ Հայաստանում կա օղու մաֆիա»։ Հետո ավելացրեց, որ օղին այսօր թորեցիր, վաղը կարող են ծախել, իսկ գինու ստացման գործընթացն անհամեմատ ավելի երկար է։



Քննարկումն ընթանում էր Այվազյանի և Բագրատյանի միջև ծավալված թեժ բանավեճերով, այնքան թեժ, որ Բագրատյանը զայրացավ, թե՝ «մի ջղայնացրու ինձ, թող ասեմ»։ Ներկա էր նաև էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Վերջինս ասաց, որ իրենք այս ձևով այս նախագծին չեն կարող դրական եզրակացություն տալ։ Հակառակ դրան՝ Այվազյանը, սակայն, ինքն էլ հակադարձում էր Բագրատյանին, եւ նշեց, որ ինքն էլ առաջարկում է, ամեն դեպքում, դրական եզրակացություն տալ՝ հիմք ընդունելով Բագրատյանի ներկայացրած սկզբունքներն այս նախագծի հարցում։



Մինասյանը, բացատրելով իրենց առարկությունը, ասաց․ «Սկզբունքը հետևյալն է՝ սպիրտի, ոգելից խմիչքների նկատմամբ միջազգային փորձն ասում է, որ ակցիզը կիրառվում է սպիրտայնության նկատմամբ։ Մենք ասում ենք՝ այո, շնորհակալություն, որ էս հարցը բարձրացրել եք, որ քննարկման առարկա է դարձել, ճիշտ է, թե սկզբունք կա, որ հեղուկի նկատմամբ է կիրառվում ակցիզը։ Բայց եթե այս նախաձեռնության նպատակը երկուսն է, ապա դրանցից մեկին՝ խաղողագործության խթանմանը կա այլ մեխանիզմ, իսկ տարանջատման դեպքում մենք ունենալու ենք այլ խնդիր՝ ֆիսկալ մինուս»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ