ԱԺ փորձագետն առաջարկում է հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» անվանումից

ԱԺ փորձագետն առաջարկում է հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» անվանումից

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության փորձագետ, քաղաքագիտության մագիստրոս Ստեփան Հասան-Ջալալյանը հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել Արցախի խորհրդարանին։ Նա, պատմական ակնարկով հիմնավորելով, որ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը շինծու է եւ արհեստածին, առաջարկում է Արցախում անցկացվելիք սահմանադրական փոփոխություններով ամրագրել, որ պետք է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» փոխարեն ընդունել «Արցախի Հանրապետություն» տարբերակը։ Նա կարծում է, որ սրանից լավ առիթ չկա՝ այս առաջարկը ներկայացնելու, քանզի Արցախում պատրաստվում են Սահմանադրություն փոխել։ Գրությունը հասցեագրված է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին։ 



«Պատմական վկայությունների համաձայն՝ Արցախը Ղարաբաղ է կոչվել XIII դարում: Նման անվանում տվել են քոչվոր թյուրք-թաթարական ցեղերը: 1920-ական թվականներից սկսած՝ «Ղարաբաղ» անվանումը քաղաքական նպատակներով խեղաթյուրվել է՝ ստանալով «Լեռնային» հավելումը: Հորինվել են նույնիսկ նոր անվանումներ՝ «Դաշտային», «Ստորին» եւ «Վերին» հավելումներով»,-իր նամակում նշել է Ստեփանն ու բացատրել, թե ինչպես են ծագել այս անվանումները։ Ըստ նրա, Ելիզավետպոլի կամ Գանձակի նահանգի լեռնային ու նախալեռնային շրջաններում ապրող հայերն ու քոչվոր կյանք վարող մահմեդականները հաճախ են ընդհարումներ ունեցել։ Դրա համար Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նշյալ տարածքների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաեւ վերոնշյալ ընդհարումները բացառելու կամ նվազեցնելու նպատակով որոշել է նահանգի լեռնային մասն անջատել դաշտայինից: Նախատեսվում էր ստեղծել երկու նահանգ՝ Ելիզավետպոլի (մահմեդական) եւ Գանձակի (հայկական): Թեպետ քաղաքական անհամաձայնության պատճառով հարցը լուծում չի ստանում, բայց քաղաքական շրջանակներում արմատավորվում է «Լեռնային Գանձակ» անվանումը: 1920-ական թվականներից խորհրդային Ադրբեջանի իշխանությունները մոռացության են տալիս «Լեռնային Գանձակ» արտահայտությունը՝ գործածության մեջ դնելով «Լեռնային Ղարաբաղ», «Հարթավայրային Ղարաբաղ», «Վերին Ղարաբաղ» եւ «Ստորին Ղարաբաղ» կեղծ անվանումները:



Ուստի նա առաջարկում է Աշոտ Ղուլյանին քննարկել 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությունից «Լեռնային Ղարաբաղ» բառերը հանելու հնարավորությունը՝ այդպիսով պաշտոնապես ընդունելով միայն «Արցախի Հանրապետություն» անվանումը:



Ստեփան Հասան-Ջալալյանը եւս ծնունդով Արցախից է եւ Գանձասարի հայտնի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի տոհմի շառավիղներից։
Մեզ հետ զրույցում Ստեփանն ասաց, որ «Արցախ» բառը, իր կարծիքով, բաղկացած է «ար» եւ «ձախ» բառերից, որտեղ, ըստ Աճառյանի, «ար»-ը նշանակում է այր, տղամարդ, նաեւ հայ։ «Իսկ «ձախ»-ը, սա իմ բացատրությունն է, կարծում եմ, որ նշանակում է Արաքս գետի ձախակողմին գտնվող։ Եվ, իսկապես, Արաքս գետի ձախակողմին է գտնվում պատմական Արցախը։ Եվ, ըստ երեւույթին, ես մտածում եմ, որ մի ժամանակ Արաքս գետի ձախ կողմում գտնվող պատմական տարածքն անվանել են Արձախ՝ իբրեւ թե արերի, այսինքն՝ հայերի հայրենիք։ Իսկ «Արձախ» ինչու եմ ասում, որովհետեւ բազմաթիվ աղբյուրներում կան հիշատակություններ, որ «Արցախ»-ը գրվել է «Արձախ», օրինակ՝ 8-րդ դարի պատմիչ Եղիշեի մոտ»,-ասաց նա։



Ղարաբաղի անվանումն էլ, ըստ նրա, որեւէ վատ բան չի նշանակում, ասում են՝ նշանակում է սեւ այգի, պարսկական ծագմամբ՝ կանաչ այգի, բայց դա մերը չէ։ Այդ արտահայտությունը տվել են քոչվոր ցեղերը, երբ եկել-գնացել են այդտեղ։ Հիմա նրանց լեզվով այդ բառը, ԱԺ փորձագետի կարծիքով, մենք վերցրել ու դարձրել ենք մեր երկրորդ հայկական պետության անվանում։ «Ես միշտ էլ այս հարցը տարբեր առիթներով, երբ որ գնացել եմ եւ հանդիպել եմ Արցախ այս կամ այն պաշտոնյային, պատգամավորին, նախարարին կամ վարչապետին, ասել եմ էս մասին»,-նշեց նա՝ ընդգծելով, որ հարցը քանի որ հանրաքվեով պետք է լուծվեր, հիմա իսկական առիթն է այն քննարկելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ