Իլհամ Ալիևին. «Բոյդ՝ վիթխարի, գլուխդ՝ ոչխարի»

Իլհամ Ալիևին. «Բոյդ՝ վիթխարի, գլուխդ՝ ոչխարի»

ՀՀԿ-ի հայտնի տատիկի սիրտը մի կում թարմ ջրից բացի մեկ էլ թեթևանալ, մեկի հետ զրուցել էր ուզում։ Հյուսիսային պողոտայում մտամոլոր զբոսնում էր Սուսաննա տատիկը, երբ նրան տեսնելով՝ բարևեցինք ու հարցրինք՝ ինչպես է։ Գարնանային բարկ արևի տակ, երբ ճառագայթները, դեռևս սեզոնային սառը քամու դիմադրությանը հանդիպելով, չեն հասցնում լիարժեք ջերմացնել մարդկանց վերջույթները, տեղ-տեղ ուժգնացող քամին էլ ակամա ցրում է անցորդների դեմքին երևացող մեղմ ժպիտը, ՀՀԿ-ի տատիկի դեմքին մի ինքնաբավ պայծառություն հայտնվեց, երբ լսեց բարևս։ ՀՀԿ-ի նիստերից ինձ հիշելով՝ կանգնեցրեց, որ մի քանի բառ զրույցի բռնվի իր լրագրող ծանոթի հետ, ում հետ նիստի օրերին հաճախ էր վիճում տարբեր թեմաներով։ Երբեմն նույնիսկ ձեռնափայտ էր ճոճում վրաս, երբ իր հետ համամիտ չէի լինում «աշխարհաքաղաքական» ինչ-ինչ հարցերում։ Օրինակ՝ իշխանությանը հաճոյանալու հարցերում։



Նախ հարցրեց՝ որտե՞ղ է Հյուսիսայինի այն նորակառույց շատրվանը, որտեղից ջուր են խմում։ Տեղը ցույց տվեցի։ Հետո հարցրեց մոտակայքի հայտնի սրճարանի մասին։ Հարցրի՝ «Լա Պիացցա՞ն» նկատի ունի։ «Դա էլ հենց շատրվանների աջ կողմում է»,-ասացի ու դիմացի շենքը մատնացույց անելով՝ ցույց տվեցի նրան «Լա Պիացցայի» տեղը։ «Հա, հա, ոնց որ էդ էր»,- էլիտար սրճարանի անունն ինքն իր մեջ բացահայտած՝ հավանություն տվեց մեր պատասխանին, թեև չկարողացավ ճիշտ արտասանել «Լա Պիացցա» անունը։ Ճիշտ է, չիմացանք՝ ինչին էր պետք այդ սրճարանի տեղն իմանալը, բայց իմացանք, որ տատիկն ուզում է վերջին դեպքերից խոսել, Արցախ կատարած իր այցից։



Պարզվեց՝ ինքն իր միջոցներով վեր է կացել, «Կիլիկիա» ավտոկայանից նստել տրանսպորտ ու գնացել հասել է Ստեփանակերտ։ Այնտեղ Բակո Սահակյանին է հանդիպել, պաստառ է պահել՝ վրան հայրենասիրական տողեր գրած։ Վերջում էլ Ալիևի պոռտը տեղն է դրել ու հետ վերադարձել։ Այս ամենի մասին ուզում էր անպայման գրվեր։



«Էս ուզում եմ, որ գրես... Գնացի սաղ հարցերը լուծեցի, հետ եկա»,- ինքնագոհ հայտարարեց նա։ Հետո իրեն հատուկ ոճով մի երկու տող «ձոնեց» Ալիևին. «Իլհամ Ալիև, բոյդ՝ վիթխարի, գլուխդ՝ ոչխարի»։ Վերջում էլ ճշտեց. «Էսօր ՀՀԿ-ի նիստ կա, չէ՞»։ Իմանալով, որ իր սիրելի կուսակցությունն այսօր գործադիր մարմնի նիստ է գումարելու, սիրտը հանգստացավ, ինձ հաջողություն մաղթեց ու հեռացավ՝ երեկոյան հանդիպելու պայմանով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ