Լավրովը Երևան որևէ փաստաթուղթ չի բերել․ Շարմազանով

Լավրովը Երևան որևէ փաստաթուղթ չի բերել․ Շարմազանով

Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացրել է Արցախ կատարած իր այցի արդյունքները։ Ներկայացրել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի արդյունքները։ 



«Լավրովի այցի մասով մեր կողմից նշենք, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, Հայաստանը դիրքորոշումն այս հարցում չի փոխել, Հայաստանը եղել, մնում է և կլինի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Մենք գտնում ենք, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- այսօր նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր։



Պատասխանելով Hraparak.am-ի հարցին, թե Սերժ Սրագսյանը գո՞հ էր Լավրովի այցի արդյունքներից, և ինչպե՞ս է արձագանքել Սերգեյ Լավրովը ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը, որն այլընտրանք չունի, Շարմազանովը մասնավորապես ասաց. «Առաջին մեսիջը, որ ես մեզ համար առանձնացրել եմ, հետևյալն է, որ ինչ որ ասում էր հայկական կողմը, այսինքն՝ նոր զինադադարի պայմանագիր չի կարող լինել, քանի դեռ գործում է 1994 թվականի զինադադարը։ Եվ Սերգեյ Լավրովն այսօր իր ասուլիսում նշել է, որ այդ պայմանագիրն անժամկետ է։ Դա նա արեց, ոչ միայն ՌԴ անունից, այլ Մինսկի խմբի համանախագահ երկրների անունից»։



Նա նաև նկատեց, որ շատ էր խոսվում միակողմանի զիջումների, ինչ-որ նոր փաստաթղթի մասին, տարածքների հանձնման մաիսն, որ Լավրովը գալիս է Հայաստան՝ պարտադրելու և այլն։ Նրա խոսքով՝ մենք տեսանք, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն:



«Լավրովն ասաց՝ սեղանին որևէ փաստաթուղթ դրված չէ, ինքը Երևան որևէ փաստաթուղթ չի բերել։ Սեղանին դրված էր այն փաստաթուղթը, որը քննարկվել է դեռևս 2013թ. Կազանում, և որից Հայաստանը չի հրաժարվել, հրաժարվողը Ադրբեջանն է։ Եթե մի փաստաթղթից հրաժարվում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, նշանակում է այդ փաստաթուղթը ձեռնտու չէ Ադրբեջանին։ Այսինքն՝ այսօր խոսել միակողմանի զիջումների մասին, իբր թե Լավրովը բերում էր նոր փաստաթուղթ, դա էլ չքվեց»,- նշեց ՀՀԿ խոսնակը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ