Տարածքների վերադարձի վերաբերյալ որեւէ մեկն առայժմ չի պատրաստվում ոչինչ քննարկել

Տարածքների վերադարձի վերաբերյալ որեւէ մեկն առայժմ չի պատրաստվում ոչինչ քննարկել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մեծ իրարանցում էր առաջացրել հայկական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում։ Ամեն տեսակի սցենարներ շրջանառվեցին՝ ռուս-ադրբեջանական ծրագրի իրականացում, տարածքների հանձնում, լավրովյան մեկ այլ՝ ավելի վատ փաստաթղթի ներկայացում եւ այլն։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին երեկ հարցրինք՝ Լավրովի այցի արդյունքներն ինչպիսի՞ն էին, ի՞նչ էինք սպասում եւ ի՞նչ ստացանք։



Զաքարյանի կարծիքով՝ Լավրովի այցից նախ կարեւոր էր այն, որ հստակ եւ պահանջկոտ դիրքորոշում է արտահայտվել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի եւ հրադադարի ռեժիմը պահպանելն ամրապնդելու վերաբերյալ։ Բացի այդ, ըստ պատգամավորի, շատ հստակ ուղերձ կար՝ ուղղված Ադրբեջանին, որ ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չի կարող ունենալ, եւ որեւէ կերպ հույսեր փայփայել՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, արդարացված չեն։



- Լավրովը դրա՞ համար էր եկել՝ դիրքորոշում հայտնելո՞ւ։



- Քանի որ այցը պաշտոնական էր, բնականաբար, արծարծվել են նաեւ շատ ու շատ այլ խնդիրներ՝ տնտեսական, քաղաքական, հումանիտար օրակարգերով, բայց այս պահի դրությամբ, իհարկե, մեզ բոլորիս հուզում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը կարգավորման այս փուլի վերաբերյալ։



- Մինչ այդ էլ, սակայն, Ռուսաստանի դիրքորոշումը նույնն էր՝ կողմ են հարցի խաղաղ կարգավորմանը։ Հիմա ի՞նչ նորություն արձանագրվեց Լավրովի այցով։



- Նորությունը, որ 1994-95 թթ. համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի հիմք, եւ այն անժամկետ է, այսինքն՝ չի կարող վերանայվել եւ պետք է պահպանվի։



- Լրատվամիջոցներում, մասնավորապես՝ ռուսական հայտնի պարբերականներում, «լավրովյան փաստաթղթի» մասին էր խոսվում, որ դա Մադրիդյան սկզբունքների «արդիականացված» տարբերակն է լինելու, եւ որը պետք է Լավրովը ներկայացներ մեզ...



- Եկեք լրատվամիջոցներին չանդրադառնանք։ Մեզ համար խիստ էական եւ առաջնային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մինչեւ որ կարգավիճակի հարցի վերաբերյալ կողմերի միջեւ չլինեն հստակ ամրագրված ձեւակերպումներ, բնականաբար, այդ ձեւակերպումների շուրջ քննարկումներն ուղղակի զուտ քննարկումներ են։



- Ինչ-որ բան որոշվե՞ց Լավրովի այցով։



- Առայժմ դժվար է ասել, բայց, իհարկե, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն այս հարցում խիստ կարեւոր է եւ էական։ Եվ Լավրովի հայտարարություններն այս հարցով կարծում եմ, որ այն նվազագույն կարեւորն էր, որ այս փուլի համար արվեց։



- Արդարացա՞ն հայկական կողմի սպասելիքներն այս այցից։



- Մեր սպասելիքները, իհարկե, շատ ավելին են, 25 տարի մենք դրա մասին հստակ ասում ենք, եւ կարծում եմ, որ մեր սպասելիքները մեկ այցի շրջանակներում չեն տեղավորվում։ Իմ խորին համոզմամբ՝ միակ բանը, որն այսօր մենք պետք է քննարկենք, այն է, որ փորձենք վերակենդանացնել Կազանի փաստաթուղթը։



- ՌԴ արտգործնախարարի այցին ընդառաջ՝ աղմուկ բարձրացավ, թե տարածքների վերադարձման հարց կարող է քննարկվել, որ հնարավոր է Ռուսաստանը ոչ մեր օգտին հարցի լուծում առաջարկի եւ այլն...



- Տարածքների վերադարձի վերաբերյալ որեւէ մեկն առայժմ չի պատրաստվում ոչինչ քննարկել։ Այսօր պետք է վերադառնալ խաղաղ կարգավորման հուն, ստեղծել լիարժեք մեխանիզմներ՝ հրադադարի խախտման դեպքերը քննելու։ Այսօր պետք է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ եւ մի հստակ ամրագրում ունենալ, որ Ադրբեջանում եւս ընկալում են խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Քանի դեռ Ադրբեջանում չեն խոսում ինքնորոշման իրավունքի եւ ԼՂՀ անկախ կարգավիճակի մասին, բնականաբար, Հայաստանում որեւէ մեկն իրավունք չունի խոսելու որեւէ փոխզիջման մասին։ Առհասարակ, պետք չէր ակնկալել, որ Լավրովը Մոսկվայից բերելու էր խնդրի լուծումը, եւ մենք նստած դրան էինք սպասում։ Մենք հակամարտության կողմերից մեկն ենք եւ ունենք մեր հստակ դիրքորոշումը։



- Լավրովն իր ասուլիսում քննադատական խոսք ասաց Թուրքիայի հասցեին, թե նրա կոչերն ուղղված են խնդրի ռազմական ճանապարհով լուծմանը, բայց Ադրբեջանին հասցեական որեւէ գնահատական, որեւէ քննադատական խոսք չհնչեց, որ իրենք են Արցախի դեմ ագրեսիա սանձազերծել։



- Ադրբեջանին հասցեական գնահատականը հետեւյալն էր, որ խնդիրը չունի ռազմական լուծում։ Դատապարտվեցին նաեւ ռազմական գործողությունները եւ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու նկրտումները։ Պարզ է, որ միջնորդների համար մի փոքր դժվար է կոնկրետ հասցեատեր նշել, ինչը, իհարկե, իմ տեսանկյունից արդարացված չէ, որովհետեւ սա այն իրավիճակը չէ, որտեղ պետք է պարիտետներ պահել։



- Հիմա բանակցություններն ի՞նչ ընթացք են ստանալու, ի՞նչ է սպասվում մեզ։



- Ես կարծում եմ, որ միջնորդ կողմերը պետք է շարունակեն մոտեցնել կողմերին բանակցությունների սեղանի շուրջ եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։



- Մենք ուզո՞ւմ ենք, որ ստատուս քվոն դեռեւս պահպանվի։



- Ստատուս քվոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չունեն հստակ փոխադարձ ընդունելի համաձայնություններ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ