Զոհվածների ընտանիքների համար հարկին դեմ չէ, բայց թող ԱԺ-ն քայլն անի

Զոհվածների ընտանիքների համար հարկին դեմ չէ, բայց թող ԱԺ-ն քայլն անի

Երեկ մենք գրել էինք, որ որոշ իրավաբաններ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին առաջարկել են Հայաստանում ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ՝ 1 տոկոսի չափով։ «Տեւական պատերազմի մեջ գտնվող երկրում այլ կերպ հոգալ առանց խնամողի մնացած ընտանիքների ծախսերը, հնարավոր չէ։ Ընդ որում՝ առաջարկել ենք 1 տոկոսի գանձումն սկսել 100 հազար աշխատավարձի շեմով»,-ասել են նրանք։



Արծվիկ Մինասյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ընթացք տալո՞ւ են այդ առաջարկին, եւ ինչպե՞ս է անձամբ ինքը վերաբերվում դրան։ «Դա հայրենիքի պաշտպանության հարկի կամ պարտադիր վճարի մասին առաջարկություն է, որը, կարծում եմ, ճիշտ է, որ պառլամենտից նախաձեռնությունը գա, որպեսզի կառավարությունում քննարկման առարկա դառնա»,-ասաց նա՝ նշելով, որ ինքնին գաղափարը մերժելի չէ։ Նրա կարծիքով՝ դա այնպիսի բան է, որ ճիշտ է, որ հանրության կողմից լիազորված, մարդկանց քվեներով ընտրված անձինք այդ նախաձեռնությամբ հանդես գան, ոչ թե կառավարությունը։ «Հայրենիքի պաշտպանության հարկը՝ դա նաեւ հանրության տարբեր հատվածները ներկայացնող քաղաքական մարմնի՝ պառլամենտի շրջանակներում պիտի լինի»,-ասաց նա։



Իսկ թե ինչ կտա այդ առաջարկը կյանքի կոչելը, ինչ է իրենից ներկայացնում այդ հարկը, Մինասյանն ասաց. «Հիմա ես չեմ պատասխանի էդ հարցին, որովհետեւ Դուք էլ, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե դրա նպատակը նաեւ որն է՝ ոգեւորություն, համախմբում, անհրաժեշտ ներուժի կենտրոնացում եւ նպատակային ծրագրերի իրականացում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ