Չարժե՞ Երեւանում Պուտինի արձանը կանգնեցնել

Չարժե՞ Երեւանում Պուտինի արձանը կանգնեցնել

Երեւանի քաղաքապետարանին առաջարկում ենք քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձանը Երեւանում կանգնեցնելու գաղափարը: Որ ծառայության համա՞ր։ Այն նույն ծառայության, որ Չերչիլին մղում էր գրելու, թե Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի դիմաց, պետք է Ստալինի արձանը կանգնեցվի: Կամ նույնպիսի ծառայության համար, որը բրազիլացի ֆուտբոլիստ Պելեին ժամանակին դարձրել է UNESCO-ի կրթական մրցանակի եւ ոսկյա մեդալի ասպետ: 



Քանի որ ինքս կատարելապես անտարբեր եմ ու նույնքան էլ հեռու եմ սպորտից, Պելեի մասին էլ շատ բան չգիտեմ, բացի նրանից, որ բրազիլացի է, ֆուտբոլիստ է, անցյալ դարի կեսերին է ապրել եւ խաղացել եւ իր ժամանակին միլիոնավոր չքավորների ու ֆուտբոլասերների կուռքն է եղել: Հենց վերջին հանգամանքն էլ նրան դարձրել է UNESCO-ի ոսկե մեդալի ասպետ: Այդ պատմությունն արդեն մանրամասնությամբ գիտեմ:



Չգիտեմ՝ քանի տարեկանում մայրցամաքային, թե համաշխարհային ինչ մրցաշարերում հաղթելուց հետո Պելեն (ենթադրելի է` այլոց գրական օժանդակությամբ) իր մասին ինքնակենսագրական գիրք է գրում: Քիչ է, որ այդ գիրքը դառնում է համաշխարհային բեսթսելլեր, այն ամբողջ Աֆրիկան ու Ասիան է ցնցում: Միլիոնավոր բոկոտն, անգրագետ, անկազմակերպ տղայիկներ, որ վազվզում էին փոշեպատ փողոցներում եւ նույնիսկ տառերը չէին ճանաչում, Պելեին տեսնելով համաշխարհային փառքի ճաճանչների մեջ, սկսում են իրենց իդենտիֆիկացնել Պելեի հետ, հավատալ, թե ինչը նրան հաջողվել է, իրենց էլ կհաջողվի, եւ Պելեի հաջողության բանալին գտնելու համար հոժարակամ սովորում են տառերը, որպեսզի Պելեի ինքնակենսագրությունը կարդան:



Հանրագումարում Պելեի առաջին ինքնակենսագրությունը կարդալու համար մի քանի միլիոն պատանի Ասիայում եւ Աֆրիկայում սովորում են տառերը եւ հաղթահարում են անգրագիտությունը: Այն, ինչը երբեք չէր հաջողվի Հոմերոսին իր «Իլիականով», Պյութագորասին՝ իր թեորեմներով, Արիստոտոլին՝ իր «Լոգիկայով», Մոլիերին, Շեքսպիրին ու Վեգային՝ իրենց բոլոր գլուխգործոցներով, հաջողվում է Պելեին իր մի գրքով: Պելեն միլիոնավորներին դարձնում է գրագետ, որքան էլ նման նպատակ իր առջեւ չէր դրել:



Գալով ՌԴ նախագահ Պուտինին, կարծում եմ, վերջին մեկ-երկու շաբաթում հայ ժողովրդին մատուցած նրա ծառայությունները նույնքան արժանի են գնահատվելու եւ հավերժացվելու, որքան Պելեի ակամա ծառայությունը կրթության գործին: Պուտինը երկու շաբաթում Ադրբեջանին վաճառած զենքով եւ ռուս պաշտոնյաների տխմար հայտարարություններով արեց ավելին, քան ճշմարտությունը, բարոյականությունը կամ հարյուր տարվա հայ ժողովրդի պատմությունն էին կարողացել անել:



Հին հռոմեացիները մի հետաքրքիր ասույթ ունեն սկյութացիների մասին: Հռոմեացիները նրանց մարդ չէին համարում՝ ասելով. «Սկյութացիները գազաններ են, որովհետեւ նրանց համար ոչինչ չարժե ճշմարտությունը»: Հայաստանում, անգամ երկրի քաղաքական ու լրատվական դաշտում, որքա՜ն անձ էր շրջում, որոնց համար նույնպես ոչինչ չարժեին ճշմարտությունը, արդարությունը կամ բարոյականությունը: Այդ մարդկանց, չգիտես ինչու, հուզում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը, բայց չեն հուզում Ռուսաստանի կողմից Սեւրի դաշնագրի վիժեցումը, Կարմիր բանակի ներխուժումը Հայաստան կամ Արեւմտյան, նույնիսկ Արեւելյան Հայաստանի մի մասը Թուրքիային նվիրաբերելը: Այդ մարդիկ հանգիստ Ռուսաստանի հանցագործությունները Թուրքիային էին վերագրում, որոշ տգետներ ու բարոյազուրկներ էլ այնտեղ էին հասել, որ անգամ Սեւրի դաշնագրով հայության իրավունքները ճանաչած եվրոպական երկրներին էին զազրախոսում:



Կային եւ այնպիսիք, որոնք նույնիսկ մեր օրերում Ռուսաստանի` Ղրիմ ներխուժելու համար էին ուրախ եւ փաստաբանություն էին անում կամ ԽՍՀՄ փլուզման տարիների կարճամիտների նման հույսեր էին փայփայում, թե Ռուսաստանը պիտի մնացյալ մարդկության հետ դիմակայությունում հաղթի: Ի՜նչ հույսեր… Թերեւս, պրոռուսների ֆիզիկական առողջության եւ հոգեկան անդորրի համար ավելի օգտակար կլինի, եթե հետզհետե գիտակցեն, որ, ինչպես քառորդ դար առաջ փլուզվեց ու ոչնչացավ ԽՍՀՄ-ը, այնպես էլ տեսանելի ապագայում 1917-ի ցնցումների մեջ է հայտնվելու այսօրվա Ռուսաստանը: Եթե 1917-ի դեժավյուն իրական չլիներ, Պուտինը դժվար թե Ազգային գվարդիա ստեղծեր ու վերջինիս, ըստ էության, ժողովրդի վրա կրակ բացելու իրավասությամբ օժտեր:



Ինչեւէ, Հայաստանում, բոլոր օբյեկտիվ գործընթացներից ավելի, ադրբեջանական հարձակումն ու ռուսական զենքի կրակոցները մերօրյա մոլորյալների աչքերը բացեցին: Հիմա Հայաստանում շատերը Ռուսաստանի քայլերն են դիտարկում ու քննադատում, նույնիսկ կարծես Ռուսաստանից իրենց որկրամոլային կախվածությունը եւ կենդանական վախն են հաղթահարում: Արդյունքում ստի ու ահի մեջ թաղված բազմաթիվ հայերի Պուտինը կամա-ակամա սկյութացիների կարգավիճակից բարձրացրեց ու կանգնեցրեց մարդ դառնալու` ճշմարտությունը գիտակցելու եւ գնահատելու ճանապարհի վրա: Ուղղակի Քրիստոսին արժանի մեծագործություն, եւ այդքանից հետո Պուտինի գոնե մի արձան Երեւանում չկանգնեցվի՞:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ