Համո Սահյանի տուն-թանգարանը բացվեց բանաստեղծի ծննդյան օրը

Համո Սահյանի տուն-թանգարանը բացվեց բանաստեղծի ծննդյան օրը

Սյունիքի մարզի Լոր համայնքում գտնվող մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանը հենց բանաստեղծի ծննդյան օրը՝ ապրիլի 14-ին, բացել է իր դռները։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Համո Սահյանի որդին՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրի Սահյանը, որը դեռեւս դեկտեմբերին վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով կանգնեցնի Համո Սահյանի արձանն ու բացի նրա թանգարանը։ Բայց բանաստեղծի արխիվը վաճառելու աղմուկից հետո մշակույթի նախարարությունն արձագանքել էր եւ թանգարանի վերանորոգման հարցին արագ ընթացք տվել։ Ինչը նշանակում է, որ այս պահին Սահյանի անտիպ արխիվը վաճառելու կարիք չկա։ 



Նաիրի Սահյանը նշեց, որ բարեկարգվել է նաեւ թանգարանի բակը, ամեն ինչ լավ է արված, գոհ է ու շնորհակալ կատարված աշխատանքից։ Ինչ վերաբերում է բանաստեղծի հուշաքարին, ապա այն վերջերս է տեղադրվել Կասյան փողոցի վրա, իսկ թանգարանի բակում տեղադրվել է նաեւ բանաստեղծի կիսանդրին։ Հեղինակը քանդակագործ Գեդիկ Բաղդասարյանն է, որը Սահյանի ընկերն է եղել։



Նաիրի Սահյանի կարծիքով, թեեւ մշակույթի նախարարը ներկա չէր թանգարանի բացմանը, բայց կարեւորը դա չէր, այլ այն, որ թանգարանը բացվեց. «Ժողովրդի համար բացվեց, ով պիտի գար, եկավ, ամեն ինչ նորմալ էր, շատ լավ, այնպես որ, պարտադիր չէր գալը, գուցե զբաղված են, իրենք իրենց գործն արել են, շնորհակալ եմ»։ Փոխարենը բացմանը ներկա է եղել Սյունիքի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը, որը, ըստ Ն. Սահյանի, գյուղապետի, Սիսիանի քաղաքապետի հետ օգնում է թանգարանին։



Ինչ վերաբերում է թանգարանային ցուցանմուշներին, ապա բանաստեղծի որդին ընդգծում է։ «Ինչ կարողացել եմ, տվել եմ, օրինակ՝ հայրիկիս գրասեղանը, որի վրա աշխատել է 10 տարուց ավել, ժամացույցներ, լուսանկարներ, մակագրված գրքեր, որ իրեն նվիրել են, մի խոսքով՝ այն, ինչ որ կար տանը պահպանված։ Ես մի քանի օր հետո կգնամ կտեսնեմ՝ եթե ինչ-որ պակաս բան էլ կա, անմիջապես կլրացնեմ»,-նշեց Նաիրի Սահյանն ու կարծիք հայտնեց, որ գուցե այսուհետ ամեն ապրիլի 14-ին սահյանական օրեր անեն տուն-թանգարանում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ