Դատական դեպարտամենտը Վճռաբեկ դատարանի համար նոր «ջիպ» է գնել

Դատական դեպարտամենտը Վճռաբեկ դատարանի համար նոր «ջիպ» է գնել

Դատական դեպարտամենտն ապրիլի 1-ին պայմանագիր է կնքել «Մեգնա» ՍՊԸ-ի հետ և բյուջեի միջոցներով ձեռք բերել 2016 թ. արտադրության Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի արժեքը մոտ 15 մլն դրամ է: Նշենք, որ Nissan X-Trail-ը ճապոնական արտադրության քաղաքային արտաճանապարհային է՝ ոչ մեծ հզորությամբ միջինքաշային «ջիպ» տեսակի մոդել։



Այս կապակցությամբ հարցում ուղարկեցինք Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե ու՞մ է սպասարկելու այդ ավտոմեքենան,ի՞նչ նպատակներով է այն ծառայելու, ինչո՞վ է բացատրվում հենց այդ ընկերությունից, այդ մակնիշի և մոդելի, այդ արժողության ավտոմեքենա ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք հնարավո՞ր չէր ավելի մատչելի գնով որևէ այլ ավտոմեքենա ձեռք բերել՝ խնայելով պետբյուջեի միջոցները։



Ի պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ վերոնշյալ Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան գնվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի կարիքների համար՝ պայմանավորված մեքենաներից մեկի շահագործման ժամկետը լրանալու հանգամանքով: Մեքենան ձեռք է բերվել օրենքով սահմանված մրցութային կարգով:



Դեպարտամենտից, սակայն, չեն պատասխանել, թե կոնկրետ ում է սպասարկելու այս ավտոմեքենան, ինչու՞ են հենց այս ավտոմեքենան նախընտրել, և արդյոք հնարավո՞ր չէր ավելի մատչելի գնով որևէ այլ ավտոմեքենա ձեռք բերել։ Նկատենք, որ նույն «Մեգնա» ընկերությունում ավելի մատչելի արտաճանապարհային կամ սեդան թափքով մոդելներ կան, որոնք լիարժեք հնարավոր է օգտագործել ծառայողական նպատակներով՝ մի քանի միլիոնով խնայելով պետբյուջեի սուղ միջոցները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ