Գալուստ Սահակյանի ասած «հազվագյուտ բանն» ու 20 հազար դրամ անդամավճարը

Գալուստ Սահակյանի ասած «հազվագյուտ բանն» ու 20 հազար դրամ անդամավճարը

«Մենք բոլորին էլ, նայած պայմաններում, և՛ տեսնում ենք սուր, և՛ տեսնում ենք թույլ մրցակիցներ, էնպես որ կարծում եմ՝ այն քաղաքական թիմերը, որոնք ասելիքներ ունեն, անպայման պիտի նաև կուսակցություն ունենան։ Եվ չեմ կարծում, որ կուսակցությունների ավելացմամբ ինչ-որ մի բան փոխվում է։ Կարծում եմ, որ կուսակցություններն ինչքան ավելի շատ լինեն և համարձակ խոսեն, այնքան ավելի մեր դրությունը կլավանա»։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությանը, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։



Դիտարկմանը, թե Օսկանյանն այսօր դիմել է բիզնես շրջանակներին՝ իրենց կուսակցությանը ֆինանսավորելու համար, մինչդեռ բիզնես շրջանակները սովորաբար իշխող կուսակցության կողքին են լինում, Սահակյանն ասաց․ «Չեմ կարծում, որ բիզնես շրջանակներն իշխող կուսակցության կողմից են լինում, որովհետև եթե հիմա հարցնեմ, մի քանի անուններ կտաք ու կլռվեք»։



Նա նաև «մի հազվագյուտ բան ասաց», որ ինքը եթե երբևէ կուսակցություն ստեղծելու լիներ, երբեք ու երբեք չէր դիմի որևէ մեկին, որ իրեն փող տային։ Ըստ նրա՝ պետք է նախևառաջ հնարավորություններ ունենաս, նոր ստեղծես․ «Եթե պիտի ուրիշի ունեցվածքով ինչ-որ բան ստեղծես, կարծում եմ՝ դա հում պրոցես է»։
Hraparak.am-ի հարցին՝ հիմա ՀՀԿ-ն ինչո՞վ է գոյատևում, ո՞ւմ միջոցներով, Գալուստ Սահակյանն ասաց՝ հիմնականում անդամավճարներով։
«Մոտավորապես 150 հազար կուսակցականներ ունենք, չէի ասի, որ բոլորը ժամանակին են տալիս, բայց մեծ մասը գումարներ տալիս են»,- ասաց նա՝ նշելով, որ անդամավճարի ֆիքսված չափ չկա, ով ինչքան կարողանում, տալիս է։
Ինքը, օրինակ, որքա՞ն է վճարում, Գալուստ Սահակյանն ասաց․ «Ես որտեղ գրանցված եմ՝ 20-20 հազար դրամ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ