Լեզվի սայթաքում չի եղել

Լեզվի սայթաքում չի եղել

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը, որ նա արել էր լրագրողների հետ զրույցում Ղարաբաղի ազատագրված տարածքների հետ կապված, լուրջ դժգոհություն է առաջացրել։ Նրա ասածից տարակուսանք ու վրդովմունք է առաջացել ոչ միայն Հայաստանում, այդ թվում՝ իր հարազատ Հանրապետական կուսակցության ներսում, այլեւ Արցախում։ Մասնավորապես՝ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում խիստ արտահայտվել է Նաղդալյանի ասածների վերաբերյալ։ Նաղդալյանը, հիշեցնենք, երկու օր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ազատագրված շրջանների վերաբերյալ, տվել էր «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը եւ ասել, թե մեզ այդ հողերը պետք չեն։ «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում, եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»,- ասել էր նա: 



Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունն էլ հայտարարություն է տարածել, թե «Նաղդալյանն Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ»։ Եվ դատապարտել է Հերմինե Նաղդալյանի «պարտվողական եւ զիջողական» արտահայտությունները, քանի որ «դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը եւ լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում»՝ համարելով, որ պարտվողական եւ զիջողական հայտարարությունները «թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին»: «Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը, որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, հակասում է Արցախի եւ համայն հայության շահերին»,-ասված է հայտարարության մեջ։



Նախ խոսեցինք ԱԺ առաջին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ Նա ասաց, որ զրուցել է տիկին Նաղդալյանի հետ։ «Եվ ինձ մոտ այնպիսի ընկալում էր, որ տիկին Նաղդալյանի կամ խոսքերն են թյուրընկալման առիթ տվել, կամ... ամեն դեպքում, դա չի նկատի ունեցել, ինչ որ մեր հանրությունը հիմա հասկանում է»։



Հերմինե Նաղդալյանն էլ փորձեց բացատրել կամ արդարացնել իր հայտարարությունները։ Նախ նա նշեց, որ «գրավյալ տարածքներ» արտահայտությունն ի սկզբանե իրեն հարց ուղղող լրագրողն է արել, եւ ինքն «ուղղակի հետ է վերադարձրել այդ արտահայտությունը լրագրողին»՝ այդ արտահայտությունը ձեռքերով չակերտների մեջ առնելով, որը տեսանյութում չի երեւում։ «Ասեմ, որ իմ զրույցը լրագրողների հետ եւ լրագրողի՝ ինձ տված հարցն ու իմ տված պատասխանը եղել են բացառապես Մադրիդյան սկզբունքների եւ 2010-2011 թվականների քննարկումների վերաբերյալ։ Եվ ես ընդհանուր գծերով ներկայացրել եմ մեր դիրքորոշումները՝ շեշտադրումներն անելով Արցախի ժողովրդի կամարտահայտության՝ հանրաքվեի վրա, անկախության ճանաչման եւ այն գործընթացների վրա, որոնք մեկ ամբողջական համալիր փաթեթ են ներկայացնում, որը կոչվում է Մինսկի սկզբունքներ։ Որեւէ անդրադարձ այսօրվա իրողություններին, ադրբեջանական այս ագրեսիային եւ դրան հետեւող զարգացումներին այդ զրույցների մեջ չի եղել, դրա տեսանյութը կա, կարող եք ծանոթանալ»,-ասաց նա։



Ինչ վերաբերում է նրան, թե ինքն օգտագործել է պարտվողական կամ զիջողական արտահայտությունները, ինչպես նշված էր արցախյան «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարության մեջ, Նաղդալյանն այսպես արձագանքեց. «Իմ կենսագրությունը հայտնի է արցախյան անկախության պայքարի առաջին օրվանից մինչ օրս, հայտնի են նաեւ իմ մոտեցումները, որոնք մշտապես հնչել են, որ արցախյան հարցի բանալին ոչ որեւէ մայրաքաղաքում է գտնվում, ոչ էլ որեւէ մեկի ձեռքերում, այլ բացառապես Ստեփանակերտում է եւ Արցախի ժողովրդի ձեռքին։ Իմ այդ մոտեցումները հայտնի են նաեւ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միջազգային հարթակում»։ Հետո ավելացրեց՝ ինքը ցավում է, որ իր բառերը ներկայացվել են այլ ձեւով, կոնտեքստից կտրված եւ թյուրըմբռնում առաջացրել։ «Եվ սա, կարծում եմ՝ պարզապես շահարկում է, եւ դրա նպատակն է դիտավորությամբ ինչ-որ մի սպեկուլյացիա ստեղծել»։



Մեր այն դիտարկմանը, թե իր այս հայտարարությունը, ամեն դեպքում, մտահոգություն է առաջացրել նաեւ իր թիմում, Նաղդալյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ մեր լրագրողները, ոչ իմ կոլեգաները ԼՂՀ-ում եւ այստեղ երբեւիցե մտահոգություն չպիտի ունենան, որ Ղարաբաղը պետք է պաշտպանել ինձնից, կամ թե որ Ղարաբաղի պարտվողական տրամադրությունն ինձնից պիտի գա։ Դրա մտահոգությունը գոնե իմ մասով որեւէ մեկը չպիտի ունենա»։ Այդուհանդերձ, կարո՞ղ ենք ասել, որ իր խոսքում որոշակի անզգուշություն է եղել կամ լեզվի սայթաքում։ «Ոչ, ոչ, ոչ մի լեզվի սայթաքում, սա պարզապես կոնտեքստից կտրված, նախադասությունը վերցրած եւ առանձին օգտագործված է»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ