Մաեստրոն կեցությամբ կա, գոյությամբ՝ ոչ այդքան

Մաեստրոն կեցությամբ կա, գոյությամբ՝ ոչ այդքան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի եւ խորհրդարանի թերեւս ամենակոլորիտային դեմքերից է։ Դուր են գալիս մեզ նրա մտքերը, թե ոչ, ընդունելի են, թե «դիմադրելի», ինչպես կասեր ինքը, փաստ է, որ կոլորիտային են ու հետաքրքիր։ Այս առումով, թերեւս, նրա պակասն զգացվում էր ԱԺ-ում։ Նա եւ կա խորհրդարանում, եւ չկա։ Առողջական խնդիրներ ունենալու օրվանից նա գալիս է աշխատանքի, բայց կաբինետից դուրս չի գալիս, նիստերին չի մասնակցում, ձայնը չենք լսում։ Նրա փոխարեն նիստերը վարում է Էդուարդ Շարմազանովը, երբեմն նաեւ՝ Հերմինե Նաղդալյանը։ Բայց նրանք երկուսը տեղով կրակ էլ դառնան, մտքի ահեղ փայլատակումներ էլ ունենան, մեկ է՝ մաեստրոյի մտքի թռիչքին ու լեզվական շեդեւրներին չեն հասնի։ Ի վերջո, նա ուղղակի սոսկ պաշտոնյա չէ, նա Գալուստ Սահակյանն է, նրա պաշտոնն ու կոչումը Գալուստ Սահակյան լինելն է, ինչպես ինքն է բազմիցս նշել։



Առողջական խնդիրները, սակայն, վերջերս թույլ չեն տալիս Գալուստ Գրիգորիչին առավել հաճախ ու հրապարակային դրսեւորվել որպես Գալուստ Սահակյան։ Դրա համար էլ ԱԺ նիստերն անցնում են հիմնականում քառակուսի մտքերի կոնտեքստում՝ առանց գրիգորիչական շուլուխների, առանց փիլիսոփայության, մի խոսքով՝ առանց Գալուստ Սահակյանի տեսության։ Երեկ նա կրկին խորհրդարանում էր՝ ավելի շատ հանրային վայրերում, քան դահլիճում։ Եկել էր իր նախկին կաբինետ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարի մոտ։ Արդեն ԱԺ նախագահի կաբինետ վերադառնալիս նա, թեեւ առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ, այնուամենայնիվ, շփվեց լրագրողների հետ, սովորականի պես հոժարակամ պատասխանելով մեր հարցերին։



Նա խոսեց պաշտոնանկ եղած բանակի դեմքերի, Օսկանյանի կուսակցության ու հարկադիր կատարող Միհրանի օֆշորների մասին։ Արանքում «խփելով» Օսկանյանին, թե պետք չէ կուսակցություն ստեղծել՝ ուրիշից փող հայցելով, եւ որ ինքը նման բան չէր անի։ Այդ առիթով մենք նաեւ իմացանք, որ ՀՀԿ-ն գոյատեւում է անդամավճարներով, ինքն էլ ամսական 20 հազար է վճարում։



Մենք հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է նորից վերադառնալ ակտիվ քաղաքական կյանք, նիստեր վարել, ելույթներ ունենալ։ «Դե, նիստ վարելն ում էլ տաս, նա էլ կվարի, չեմ կարծում, թե դա ակտիվ քաղաքական գործընթաց է։ Նիստերը կարող ես վարել, կարող ես չվարել, ինչպես աշխարհի տարբեր Ազգային ժողովներում, այնպես էլ մեզ մոտ։ Ես միշտ էլ, ով հարցը տալիս է, պատասխանում եմ։ Երկրորդն էլ՝ որոշակի առողջական վիճակներ ունեի, հիմա նաեւ բուժվում եմ այդ ուղղությամբ, եւ ամեն ինչ լավ է գնում»,-լավատեսություն հայտնեց նա։



Իսկ ի՞նչ է կարծում, Շարմազանովին հաջողվո՞ւմ է լիարժեք փոխարինել իրեն այս հարցում։ «Ես չեմ կարծում, թե էդտեղ փոխարինողի կարիք կա։ Դա նիստ է, եւ պիտի կարողանաս, ով ուզում է խոսել, իհարկե՝ կանոնակարգին համապատասխան, պիտի ձայն տաս, որպեսզի մարդիկ խոսեն»,-նիստը վարողի դերն առանձնապես չկարեւորելով՝ ասաց ԱԺ գլխավոր նիստ վարողը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ