Փոստանջյանը՝ Նաղդալյանին․ «Կներեք, պիտի ասեմ՝ կռուտիտ մի՛ եղեք»

Փոստանջյանը՝ Նաղդալյանին․ «Կներեք, պիտի ասեմ՝ կռուտիտ մի՛ եղեք»

Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունից հետո վարման կարգով ձայն խնդրեց։ Նա զայրացած նշեց, որ ինքը երկու անգամ պետք է վարման կարգով ձայն խնդրի, այնպես որ, պահանջեց իրեն երկու անգամ ձայն տալ։ Նշենք, որ քվեարկությունից առաջ պատգամավորներին թույլ չտվեցին արտահայտվել, ինչն էլ դժգոհության ալիք բարձրացրեց ընդդիմության շրջանում։ Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, որն ընդունվեց 98 կողմ ձայներով։



Ձայն ստանալով՝ Փոստանջյանը նախ նետեց Նաղդալյանի ուղղությամբ․ «Նախ, տիկին Նաղդալյան, Դուք արդեն վաստակել եք այդ անվանումը, կներեք որ պիտի ասեմ՝ կռուտիտ մի՛ եղեք»։



Նաղդալյանը չներեց․ «Ճիշտն ասած՝ չեմ ներում, մի՛ ասեք»։



«Չէ, ներեք, որովհետև այդ անվանումը ես չեմ Ձեզ տվել, այդ անվանումն ուղղակի պտտվում է ամբողջ համացանցում»,-ասաց Փոստանջյանը՝ շարունակելով․ «Դուք ունեցել եք դիտավորություն՝ թույլ չտալու, որպեսզի մենք կարողանանք վարման կարգով արտահայտվել, քանի որ ունեիք մտավախություն, որ մենք կվերցնեինք ընդմիջում, և դուք չէիք կարողանա բերման ենթարկել ձեր այդ զանգվածին, որն այս պահի դրությամբ արդեն այստեղ չի, փախել է»։ Նշենք, որ Փոստանջյանի ասած այդ «զանգվածը» այն օլիգարխիկ պատգամավորներն են, ովքեր քվեարկությունից րոպեներ առաջ եկան շենք, իրենց քվեարկությունը կատարեցին՝ ի շահ իշխանությունների, ու րոպեներ անց նորից լքեցին դահլիճը։



Հետո «Ժառանգության» միակ կին պատգամավորը հիշեց Սերժ Սարգսյանին։ 



«Էդ ես չեմ ասել, որ Կազանում ես պատրաստ էի ստորագրել հողեր հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ։ Էդ ես չէի ասել, որ 80-ականների զենքերով ենք կռվում, էդ ես չեմ ասել, որ 2007 թվականի ազգային անվտանգության հայեցակարգն է գործում։ Էդ ես չեմ ասել, որ պատրաստվում եմ այս անել կամ այն անել․․․»,-ասաց նա, ու Նաղդալյանը հնչեցրեց «գոնգը»՝ նշելով, որ Փոստանջյանի ելույթը վարման կարգի հետ որևէ կապ չունի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ