Իշխանությունն օրենքի խախտումով անցկացրեց Ընտրական օրենսգիրքը

Իշխանությունն օրենքի խախտումով անցկացրեց Ընտրական օրենսգիրքը

Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 5։ Այդ 98 կողմ քվեարկողների մեջ կային դիրքերից խորհրդարան եկած ՀՀԿ-ականներ եւ ոչ միայն ՀՀԿ-ականներ, որոնք քվեարկությունից րոպեներ անց լքեցին իրենց օրենսդրական դիրքերը։



Բայց քվեարկությունն անցավ խայտառակ կիքսով, որի հեղինակը հատուկ դրա համար դահլիճ եկած Գալուստ Սահակյանն էր։ Նա թույլ չտվեց, որ օրենքով սահմանված կարգով պատգամավորները քվեարկությունից առաջ վարման կարգի հետ կապված ելույթներ ունենան։ «Քվեարկեք, հետո վարման կարգի համար կխոսեք»,-ասաց Գրիգորիչը, ու դահլիճը պայթեց։ Ընդդիմադիրների բողոքներին, սակայն, լսող չեղավ. քվեարկությունն անցկացվեց։ Այդ ընթացքում դահլիճից ցուցադրաբար դուրս եկան Օսկանյանի նորաստեղծ կուսակցության անդամներ Էլինար վարդանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը։



Իրականում, ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ վարման կարգով կարող են ելույթ ունենալ եւ քվեարկությունից առաջ, եւ քվեարկությունից հետո։ Բայց եթե պատգամավորները ցանկություն ունեն ելույթ ունենալ, նախագահողը պարտավոր է ձայն տալ նրանց։ Սա բազմիցս կրկնեցին ընդդիմադիրները, սակայն նրանց լսող չեղավ։ Ընդդիմությունը ցանկանում էր նաեւ 20 րոպե ընդմիջում վերցնել, բայց դա էլ չտվեցին։ Զավեշտն այն է, որ երկրի առանցքային օրենսգրքերից մեկը, որով պետք է ապահովվի ժողովրդի օրինական քվեարկությունը, անցնում է օրենքի խախտումներով։ ՀՀԿ-ականները միաբերան պնդում էին, թե «ի՞նչ տարբերություն՝ ելույթ կունենայի՞ք, թե՞ ոչ, մեկ է՝ ձեր խոսքերը որեւէ ազդեցություն չէին ունենալու քվեարկության պատկերի վրա, քանզի 98 կողմ ձայն արդեն կար, եւ նախագիծն անցնելու էր»։ Շարմազանովն էլ նկատեց. «98 հոգի տեսախցիկների առաջ օրը ցերեկով կողմ է քվեարկել, ի՞նչ խախտում, էս ի՞նչ խաբար ա, չեմ հասկանում»:



Ընդդիմությունից Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ իրենց ելույթների բովանդակությունը կապ չունի վարման կարգով ձայն տալ-չտալու հետ, իրենք պարտավոր էին տալ եւ վերջ։ Առհասարակ, ՀՀԿ-ն ցանկանում էր ամեն գնով անցկացնել ԸՕ նախագիծն առաջին ընթերցմամբ։ Բայց Գալուստ Սահակյանը չափազանց կոշտ ձեւով փորձեց «խորամանկել» ու նախագիծն ուժի զոռով անցկացնել։ Այնուհետեւ մոտ կես ժամ թեժ բանավեճի բռնվելով՝ ԱԺ երկու փոխխոսնակները փորձում էին շտկել իրենց ղեկավարի թույլ տված կիքսը՝ պնդելով, թե իբր որեւէ խախտում թույլ չի տրվել։



Վերջը բանը հասավ իրար վիրավորելուն, երբ Փոստանջյանը Հերմինե Նաղդալյանին հորդորեց «կռուտիտ չլինել»։ Բայց իշխանությունները միաբերան «կռուտիտ» էին անում Գալուստ Սահակյանի փչացրածը, քանզի նա պարզապես ԱԺ կանոնակարգ-օրենքն այնպես «կռուտիտ» արեց, որ ամբողջ թիմով չէին կարողանում շտկել։ Արդեն դահլիճից դուրս ՀՀԿ-ականներն էլ էին տարակուսած քչփչում, թե «էս ի՞նչ արեց Գրիգորիչը, ախր սենց բան չէր կարելի անել»։



Ընտրական օրենսգրքին դեմ են քվեարկել ՀԱԿ բոլոր պատգամավորները` բացի Լյուդմիլա Սարգսյանից, որը կողմ էր նախագծին, ԲՀԿ-ից անկախացած պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդամներ Լյովա Խաչատրյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը եւ «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը քվեարկեցին ձեռնպահ։ Քվեարկության չմասնակցեցին մի քանի ՀՀԿ-ականներ, ովքեր չէին եկել, օրինակ՝ Մանվել Գրիգորյանը, նաեւ վերոնշյալ եռյակը՝ Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» խմբակցությունից վաղուց անկախացած Խաչատուր Քոքոբելյանը, որը դահլիճում չէր, ինչպես նաեւ ՕԵԿ հինգ պատգամավորներ, որոնք դահլիճում էին, բայց չքվեարկեցին։ Ավելի ուշ Փոստանջյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկել։



Նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա հաջորդ քառօրյային։ Ընդդիմությունը, ինչպես հասկացանք, ամեն գնով ցանկանում էր տապալել առաջին ընթերցմամբ ԸՕ-ի ընդունումը, բայց քանի որ իշխանության առաջ ժամկետ է դրված՝ մինչեւ հունիսի 1-ն անպայման ընդունել օրենսգիրքը, քանի որ Սահմանադրության պահանջն է այդպիսին՝ 2017-ի ընտրություններին շատ ժամանակ չի մնում, նրանք ամեն գնով անցկացրին առաջին ընթերցմամբ, որ ժամանակ չկորցնեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ