Ես ձեզ նորից եմ ասում՝ հայրենիքը վտանգի մեջ է, էդ բանը հասկանո՞ւմ եք, թե՞ չէ

Ես ձեզ նորից եմ ասում՝ հայրենիքը վտանգի մեջ է, էդ բանը հասկանո՞ւմ եք, թե՞ չէ

«Մենք հիմա չպիտի զբաղվեինք Ընտրական օրենսգրքով, բայց քանի որ Սահմանադրությամբ պետք է մինչև հունիսի 1-ը ընդունվի, այդ պատճառով մենք հիմա, բոլոր կարևոր գործերը թողած, զբաղվում ենք դրանով»։ Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին, հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։



Հետո անդրադարձավ Ընտրական օրենսգրքի երեկվա քվեարկությանը՝ այն անվանելով խայտառակություն։ Բայց նշեց, որ իրենք հիմա չեն պատրաստվում նախկինի պես քննադատել իշխանություններին՝ հաշվի առնելով երկրի առջև ծառացած իրավիճակը։
«Ճիշտ է, ապրիլի 2-ից հետո մենք ավելի զուսպ ենք, եթե առաջ կարող էինք անխնա հարձակումների ենթարկել իշխանություններին, հիմա այդ ամենը տեղափոխվել է զուսպ քննադատության ոլորտ։ Բայց մենք չենք մոռանում, որ, միևնույնն է, մեր՝ թեկուզև զուսպ քննադատությունների թիրախը եղել է և կա իշխանությունը»,- ասաց նա՝ կոչ անելով զերծ մնալ մանր գզվռտոցներից թեկուզ հենց ընդդիմության շարքերում: 



Hraparak.am-ը հետաքրրքվեց Զուրաբյանից, թե հնարավո՞ր է բնավորություն դառնա իրենց այս զուսպ կեցվածքը, և ՀԱԿ-ի այդ անզուսպ քննադատության զսպանակը այդպես էլ զսպված մնա։ «Ուրեմն, նախևառաջ ես շատ զգացված եմ, որ, փաստորեն, Դուք սրտացավ եք մեր պահվածքի համար, այսինքն՝ Դուք անհանգստացած եք և դրանով ընդունում եք, որ մինչև հիմա այդ արմատական, լուրջ և անկաշկանդ քննադատության դերը կատարել ենք։ Երկրորդը, կարծում եմ՝ Դուք էլ եք ընդունում, որ մեր պահվածքը ճիշտ է հիմա։ Եթե բոլշևիկների Լենինի նման մենք պիտի հայտարարեինք սեփական հայրենիքի պարտության կարգախոսը՝ նման իրավիճակում, էդ հաճույքը մենք ձեզ չենք նվիրի»,- ասաց նա։



Մեր դիտարկմանը, թե իրենք այս զուսպ կեցվածքով, սակայն, որոշակի հաճույք են պատճառում իշխանություններին, Զուրաբյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ինչու է Ձեզ այդ հոգեբանական պահը հուզում։ Սա քաղաքականություն է, սա հաճույք կամ տառապանք պատճառելու հոգեբանական խաղ չէ։ Այսօր ազգի բախտն է դրված՝ որպես ամենակարևոր խնդիր։ Բոլորը պետք է վեր կանգնեն նախկին բնազդներից։ Ես ձեզ նորից եմ ասում՝ հայրենիքը վտանգի մեջ է, էդ բանը հասկանո՞ւմ եք, թե՞ չէ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ