Քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս

Քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի համար զարմանալի էր կանոնակարգի խախտմամբ Ընտրական օրենսգրքի նախագծի երեկվա քվեարկությունը։ Նա ասաց, որ իրենց վարման կարգով ելույթ ունենալու հնարավորություն չտրվեց։ Հետո նշեց, թե ինչեր են նախատեսվում այս նախագծով, որոնք անընդունելի են իր համար։



«Եթե ուսումնասիրեք, խորը կհիասթափվեք, թե ինչ է ընդունվել, ինչ է քվեարկվել երեկ այս Ազգային ժողովում։ Քվեարկվել է մի նախագիծ, որով նախատեսվում է, որ եթե քվեատուփը գողանաս, հափշտակես, 200 հազար դրամ պետք է պատասխանատվության ենթարկվես, որովհետև ասում է՝ եթե հափշտակում ես կեղծելու նպատակով, դրա համար քրեական է պատասխանատվությունը, եթե ոչ՝ վարչական։ Ի՞նչ է՝ քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս»,- ասաց նա։



Hraparak.am-ի հարցին, թե եթե իրենց թույլ տային վարման կարգով ելույթ ունենալ, դա որևէ կերպ կազդե՞ր քվեարկության պատկերի վրա, Մարգարյանն ասաց․ «Մենք կփորձեինք առաջին հերթին մեր գործընկերներին կոչ անել՝ դեմ քվեարկել կանոնակարգի խախտումներով ներկայացված օրենսգրքերի փաթեթին, որովհետև ո՛չ հիմնական զեկուցողը, ո՛չ հարակից զեկուցողը չեն ներկայացրել փաթեթը, միայն ներկայացվել է Ընտրական օրենսգիրքը»։



Իսկ իրենք մինչև քվեարկության պահն ունեի՞ն դիրքորոշում՝ ինչպես էին քվեարկելու՝ անկախ ամեն ինչից, Մարգարյանն ասաց, որ ունեին․ դեմ էին քվեարկելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ