Դե ասա՝ հորս արեւ, կաշառք չեմ բաժանելու

Դե ասա՝ հորս արեւ, կաշառք չեմ բաժանելու

Հայաստանի իշխանություններն օրենքից ու օրենսգրքից հույսները կտրել, արդեն ջենթլմենության ու ասպետականության հետ են հույսները կապում։ Հասկացան, որ ոչ օրենքն է «ուղտի ծուռ մեջքը» շտկելու, ոչ էլ քաղաքական կամքի մասին ելույթներն են իրենց «կարմիր կովի կաշին» փոխելու։ Դրա համար էլ իշխանության «կարմիրները»՝ դաշնակցականները, որոշել են իշխանության «սեւերին»՝ հանրապետականներին ու «գույնզգույն» ընդդիմություններին մի յուրահատուկ փաստաթուղթ դեմ տալ։ Խոսքը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարած ջենթլմենական համաձայնագրի մասին է։ 



Դաշնակցական պատգամավորն առաջարկում է քաղաքական ուժերին համաձայնագիր ստորագրել՝ ջենթլմենաբար խոսք տալով, որ առաջիկա համապետական ընտրություններին կաշառք չեն բաժանելու։ Ինչքան է խորացել ճգնաժամը քաղաքական դաշտում, որ արդեն նման բարոյական-էմոցիոնալ համաձայնագրերով են փորձում օրենքը պահել։ Իշխանության մեջ հայտնված դաշնակցականները հանկարծ սկսել են հավատալ ընտրակեղծարարների տղամարդկությանը։ Չնայած, տարիների փորձը ցույց է տվել, որ մեր շատ քաղաքական գործիչների տղամարդկությունն սկսվում է առավոտյան ընտրատեղամասերում կանանց քաշքշելով, օրը ցերեկով օրենքի հերն անիծելով եւ ավարտվում է գիշերը քվեարկության արդյունքները «սրբագրելով»։



Դա նույնն է, թե ընտրակեղծարարների վրա «քֆուր դնեն», որ «ով կեղծել է, կաշառք է բաժանել, մմզ-պպզ»։ Կամ՝ ստիպեն երդում ուտել, որ «ասա՝ հորս արեւ, փող չեմ բաժանելու»։ Ի դեպ, նման մի դեպք է տեղի ունեցել Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին։ Նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Չարենցավանի քաղաքապետի թեկնածուներից մեկը գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ ուղիղ եթերում բանավեճի ժամանակ պահանջեց, որ Շահգալդյանը «երդում ուտի, որ փող չի բաժանելու»։ Շահգալդյանը, իհարկե, չերդվեց, իսկ փող բաժանեց, թե չէ՝ դժվար է ասել։



Աղվան Վարդանյանի այս ջենթլմենական, ասպետիզմի ու նույնիսկ ասկետիզմի դրդող նախաձեռնության մասին խոսեցինք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ընտրակաշառք բաժանելու հետ «ոչ մի կապ չունեցող» քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միանգամից հայտարարեց, որ իրենք ողջունում են այս գաղափարն ու առաջինը իրենք կմիանան։ Իսկ որքանո՞վ այդ ջենթլմենությունը կպահպանվի հանրապետականների կողմից։ Պարզվեց՝ պետք է պահպանվի. «Այդ քաղաքական կամքը մենք պետք է դրսեւորենք»։ Իսկ նրանք, ովքեր այդ կամքը չեն դրսեւորում եւ թուլություն ունեն փող բաժանելու հարցո՞ւմ։ «Դրա համար մենք անում ենք այնպիսի օրենսգիրք, որը նաեւ դա բացառի։ Մենք պետք է կարողանանք այդ քաղաքական կամքը դրսեւորենք եւ ամեն ինչ անենք, որ հասնենք դրան»։ Թե ինչ կապ ունի օրենսգիրքը փող բաժանելու հետ, Բաղդասարյանը չասաց։



Ինքը՝ «ջենթլմենության» գաղափարի հեղինակ Աղվան Վարդանյանը կարծում է, որ քաղաքական ուժերի համաձայնության պարագայում սա կարող է էական ազդեցություն ունենալ։ Իսկ ի՞նչ է կարծում՝ այդքան կամքի ուժ եւ բարոյականություն կունենա՞ն համաձայնագիրը չխախտելու։ «Ես հավատում եմ ասպետական պայմանավորվածություններին, ես հավատում եմ, եթե մարդը որեւէ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնում է, բարոյական պարտավորությունը պակաս պարտավորեցնող չէ, քան իրավականը»։ Փաստորեն, մենք օրենքից արդեն հույսներս կտրել ու ասպետականությա՞նն ենք ապավինում։ «Չէ, բացարձակապես դա չի նշանակում։ Մեր այսօրվա ընտրական համակարգն այնպիսին է, որ ցանկացած լրացուցիչ հնարավորություն, որը կարող է իսկապես բացառել կամ նվազագույնի հասցնել ընտրակաշառքները, դա կարելի է փորձել»։



ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց․ «Ես լուրջ եմ ընդունում այն օրենքները, որոնք կան, եւ այն առաջարկությունը, որ ես արեցի՝ ավելի խստացնել եւ պահպանել օրենքի տառը։ Ես գտնում եմ, որ դա է ամենակարեւորը, թե չէ ինչ-որ թուղթ ստորագրենք-բան...»։



«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էլ «ջենթլմենության» սլաքն ուղղեց անմիջապես Սերժ Սարգսյանին․ «Էդ ջենթլմեն տղան ո՞վ է, Սերժ Սարգսյա՞նը, որը որքան ուզի, այնքան կխփի, այդ թեզից հրաժարվո՞ւմ է, թե՞ այս անգամ ուրիշ բան պիտի խփի»։



ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ զարմացավ, թե իրենք ջենթլմեն են, կյանքում կաշառք չեն բաժանել, հիմա պիտի իրենց ջենթլմենությունն ինչ-որ ստորագրությա՞մբ ապացուցեն։ «Ընդհանրապես, տեսականորեն, վատ չեմ վերաբերվում ջենթլմենությանը, ուղղակի համաձայնագրի կողմերը պետք է ջենթլմեն լինեն։ Գիտե՞ք, էդ նույն բանն է, որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոդկա ու ասեն՝ եկեք համաձայնենք, որ սրանից հետո այլեւս գողություններով կամ սպանություններով չենք զբաղվելու։ Ի՞նչ պիտի անի ազնիվ մարդը նման դեպքում, պիտի ասի՝ հա, ես պատրաստ եմ դա ստորագրե՞լ՝ դրանով ընդունելով, որ ինքը միգուցե անցյալում նման բան արե՞լ է»։ Ըստ Զուրաբյանի՝ եթե ազնիվ մարդը կարող է գողերի «սխոդկայում» նման բան ստորագրել, ուրեմն իրենք էլ պատրաստ են Վարդանյանի այս համաձայնագիրն ստորագրել։



ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ, որի ներկայացրած ուժն էլ՝ «Բարգավաճը», «կյանքում երբեք կաշառք չի բաժանել», ասաց, որ իրենք ցանկացած համաձայնության կողմ են, եթե դա միտված է ստեղծելու վստահության մթնոլորտ։ Հարցրինք նրան․ «Դուք եւ Ձեր քաղաքական ուժը ջենթլմե՞ն եք՝ մասնավորապես կաշառք բաժանելու հարցում»։ «Միանշանակ»։ Հիմա Դուք կարիք ունե՞ք ստորագրությամբ ապացուցելու, որ ջենթլմեն եք։ «Էլի եմ կրկնում, եթե անհրաժեշտ է ստորագրություն, որը երաշխիք է տալիս, որ կգործի, վիճակը կլավանա, խնդիր չեմ տեսնում։ Առանց ստորագրության՝ էլի խնդիր չեմ տեսնում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ