Կինոման․ «Երկրորդ շանս»

Կինոման․ «Երկրորդ շանս»

Կինոյի 75-ամյա լեգենդը չի դադարում զարմացնել։ «Երկրորդ շանս» ֆիլմում Ալ Պաչինոն, կարելի է ասել, իր տարերքի մեջ է, իր մասնագիտական վերելքի խելահեղ ընթացող ճանապարհին, ոչ մի դադար, ոչ մի հանգիստ․․․ 75 տարեկանում էլ՝ էներգիայի կծիկ, վառ, տարերային, գեղեցիկ, շշմեցուցիչ խաղ։ Ալ Պաչինոն այս ֆիլմում մեկ դերասանի ներկայացում է խաղում՝ պատրաստ երկարատեւ ծափահարությունների, հիացական ու զարմացած հայացքներ կորզելու։ Այս օրերին Լոս Անջելեսի փողոցներում դրված վահանակներին կինոյի երկու լեգենդար աստղերի լուսանկարներն են փակցված՝ Ալ Պաչինոյի եւ Ռոբերտ դե Նիրոյի, գրությամբ՝ «Մակարոն ուտողները»։ Մակարոն ուտողները, ովքեր բարձրացրին հոլիվուդյան կինոյի նշաձողը։ Եւ եթե Ռոբերտ դե Նիրոն նորից խաղում է կինոյում, նորից անկրկնելի է եւ բացառիկ, բայց այս մակարոն ուտողներից մեկը, կարծես, հաշտվել է իր տարիքի հետ։ Իր վերջին՝ «Ստաժորը» ֆիլմում Ռոբերտ դե Նիրոն խաղում է ծերունու դեր, խաղում է զուսպ, մի փոքր ինքնահումորով։ Նույնը չենք կարող ասել Ալ Պաչինոյի մասին, չէ՞ որ նա չի հաշտվել իր 75 տարիների հետ, նա դեռ պատրաստ է ցնցել ու հուզել սիրահարվելու աստիճան։ Արդյոք ֆիլմը ստեղծողները դիտմա՞մբ են այնպես արել, որ այս ֆիլմում լեգենդի կողքի դերասանները որպես անշուք ֆոն ծառայեն՝ դժվար է ասել, արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, եթե Ալ Պաչինոյի խաղընկերները ոչ թե նրան ծառայեին, այլ լրացնեին․․․ Ինչեւէ, ֆիլմն այնպիսին է, ինչպիսին որ է, եւ նորից եմ կրկնում՝ պարզապես կարելի է վայելել մեկ դերասանի ներկայացումը․․․



Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:



Աշխեն Քեշիշյան