Ջիմ Քերի․ Անգամ զուգարան եմ մաքրել

Ջիմ Քերի․ Անգամ զուգարան եմ մաքրել

Կատակերգուն պարտավոր չէ փոխել աշխարհն իր արվեստով, բայց կարող է կյանքը ինչ- որ չափով տանելի դարձնել։ Մինչեւ իմ կարիերան տեղից շարժվեց, ես 15 տարի ելույթ էի ունենում ակումբներում։ Գիշերները թավալ էի գալիս անկողնում՝ փորձելով հասկանալ ի՞նչ է պետք մարդկանց, ինչի՞ կարիք ունեն նրանք։ Եւ կարծում եմ՝ ես գտա հարցերիս պատասխանը։ Ես կարողանում եմ այնպես անել, որ մարդիկ երկու ժամով մոռանան ամեն ինչ եւ սրտանց զվարճանան։ Ես օգնում եմ նրանց լիցքաթափվել։ Երբեմն ես կարծես բինտ լինեմ վերքի վրա, որ օգնում է նրանց բուժվել։



Շատ հաճախ կյանքի դժվարություններին, դժվար իրավիճակներին նայել եմ կատակերգուի աչքերով, եւ դա ինձ փրկել է։ Իմ կյանքի լավագույն կատակերգական տեսարաններից մի քանիսը ես խաղացել եմ այն ժամանակ, երբ կնոջս հետ տարաձայնություններ ունեի ու շատ վատ վիճակում էի։



Երբ ես 16 տարեկան էի, ընտանիքս աղքատացավ: Մենք՝ երեխաներս ստիպված էինք աշխատել։ Ընտանիքս դարձավ հավաքարարների թիմ, անգամ զուգարաններ էինք մաքրում։ Այդ ժամանակ ես ատեցի ամբողջ աշխարհը։ Ես ահավոր ցավում էի, որ կյանքն այդպես վարվեց հորս հետ։ Բայց մանկության ու պատանեկության մասին խոսելիս ես ձանձրանում եմ։



Կարող եք չհավատալ, բայց երեխա ժամանակ ես սարսափելի ամաչկոտ էի։ Ինձ հետ ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չէր շփվում։ «Ո՞վ է Ջիմը, դե․․․ նա խելագար է, չարժե հետը շփվել»... Եւ ես հանկարծ հասկացա՝ այն բոլոր հումորային հնարքները, որ անում էի տանը, կարելի է անել նաեւ դպրոցում։ Փորձեցի իբր աստիճանով եմ բարձրանում. բոլորը փլվել էին ծիծաղից։ Եւ ես, եթե հիմար Ջիմն էի, դարձա Ջիմը, ով, ճիշտ է, հիմար է, բայց նաեւ՝ շատ զվարճալի։
Ես սիրում եմ երաժշտությունը, ամբողջ կյանքում, միշտ, մանկուց։ Հայրս կլառնետ ու սաքսոֆոն էր նվագում, եւ իմ աղջիկը նույնպես պաշտում է ջազը։ Նա ընդամենը 12 տարեկան է, բայց ինձնից լավ է գլուխ հանում ջազից:



Ինչից եմ ներշնչվո՞ւմ։ Ես շատ բան եմ վերցնում կենդանիներից։ Երբ ես նոր էի սկսել աշխատել շատ մեծ տարօրինակություններով կատու ունեի։ Եւ ես նրան երկար նայում էի։ Ուզում եմ հանդիսատեսը սպասի, որ ես ինչ-որ խելագար բան կանեմ։



Ես ամբողջ կյանքում հավատում եմ հրաշքներին, եւ այն, իմ կարծիքով, հավատի մեջ է. երբ դու հավատում ես, որ կարող ես ինչ-որ բան անել, ստացվում է: 



Իմ կյանքը խելագար երազ է, երբեմն՝ նույնիսկ անհեթեթության աստիճան։ Վերջերս ինձ մոտ էր «Բիթլզի» պրոդյուսերը, մենք երկու ժամ խոսեցինք, հետո նա մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց ու ասաց․ «Ես շատ հպարտ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար», իսկ ես՝ «Դե լավ հա, հերիք է խաբեք, միթե՞ Դուք դա լուրջ եք ասում․․․»: 



Բոլորս էլ ունենք խենթ բարեկամներ, իսկ ոմանց համար հենց մենք ենք խենթ բարեկամ։



Աշխեն Քեշիշյան