«Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան վերջապես կայացավ

«Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան վերջապես կայացավ

Մայիսի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ «Վայ, մամա ջան» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսը, ապա` պրեմիերան։ «Ապրիլի 23-ի առավոտյան Համազգային թատրոն էին մուտք գործել մարդիկ և կատարվել էր կողոպուտ, թե՛ իրերի, թե՛ դրամի տեսքով և դա այն դրամն էր, որը մենք վերջին 2-3 տարիների ընթացքում որպես հանգանականություն հավաքում էինք Համազգային թատրոնի ապագա շենքը կառուցելու նպատակով։ Նրանց հաջողվել էր դուրս բերել գումարը թատրոնից, բայց մեզ էլ հաջողվեց համապատասխան մարմինների օգնությամբ հայտնաբերել այդ մարդկանց, և նրանք հիմա կալանավորված են։ Մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել, թե իբր նրանք գողացել էին թատրոնի կողմից Արցախին ուղղված հանգանականության դրամները, նման բան չկա, փառք Աստծո նրանք այդ գումարը չէին նկատել և չէին հափշտակել։ Ինձ համար ամենատխուրն այն է, որ գողացողները Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուստի ուսանողներ են»,- մինչ ֆիլմի մասին խոսելը այս հանգամանքին անդրադարձավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։



Իսկ խոսելով ֆիլմի մասին` նա ասաց, որ կարծում է ֆիլմը հայկական արդի կատակերգություններից շատ բաներով է տարբերվելու։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է եղել ապրիլի 6-ին, բայց հասկանալի պատճառով հետաձգվել է այն։



Ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ ֆիլմը ոճային առումով տարբերվում է այլ կատակերգական ֆիլմերից, իսկ մնացած տարբերության մասին չցանկացավ խոսել՝ ասելով, որ հանդիսատեսը ինքը պետք է այն տեսնի և տարբերությունը հասկանա։
Վարդան Մկրտչյանը նշեց մեկ կարևոր տարբերության մասին` այս ֆիլմում խոսում են մաքուր, պարզ հայերեն լեզվով, և դա ոչ թե ծաղրանք է կամ էժան հումոր, այլ իրավիճակ, որի մեջ կարող են հայտնվել յուրաքանչյուրը։ Դերասանուհի Արմինե Պողոսյանի համար այս ֆիլմը առանձնանում էր նրանով, որ այնտեղ խաղացել են Համազգային թատրոնի դերասանները․ «Կարծում եմ, որ հենց այս թատրոնը ոճային առումով է տարբերվում, որն էլ բերվել է ֆիլմ, հետաքրքիր ֆիլմ է ստացվել»։



Ֆիլմի նախնական վերնագիրը կոչվել է «Մեկ անգամ հիվանդանոցում», բայց Դավիթ Հակոբյանի կերպարի հերոսը՝ Գասպարը, ուներ մի խոսք ֆիլմի ժամանակ և ամեն անելանելի դրության մեջ ասում էր․ «Վայ, մամա ջան»։



Ֆիլմը «Մենք ֆիլմ» ընկերության, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի և «ԷՍԷՅՋ պրոդաքշնի» համատեղ արտադրությունն է։ Կատակերգության ռեժիսորը և սցենարի հեղինակը Սերգեյ Հայրապետյանն է, իսկ գլխավոր դերերում են՝ Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Գագիկ Մադոյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Պողոսյանը և այլք։



Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ժամը 19:00-ին, մեկ ժամից ավելի տևացող ֆիլմի մասին դուրս եկողները հիմնականում դրական կարծիք էին հայտնում։ Սպասելիքները կարծես արդարացվել էին, ոմանք նոր էին լսել ֆիլմի մասին, իսկ ոմանք էլ դեռ ապրիլի սկզբից սպասում էին այս օրվան։



Ֆիլմը պատմում է բժիշկ Սիմոնյանի մասին։ Նա երիտասարդ ժամանակ արտաամուսնական կապ է ունեցել տեղի բուժքույրերից մեկի՝ Լենայի հետ, ումից էլ ունեցել է որդի։ 20 տարի անց Լենան գալիս է հիվանդանոց և բժիշկ Կառլեն Սիմոնյանին հայտնում որդու գոյության մասին։ Բժիշկն էլ այդ օրը պատրաստվում էր կարևոր գիտաժողովի, որից էլ կախված էր իր հետագա մասնագիտական ճակատագիրը։ Նա ամուսնացած էր, որպեսզի կինը չիմանա երեխայի գոյության մասին դիմում է տարբեր մեթոդների։ Որդին՝ Ալեքսանը, ով մոր հետ եկել էր հիվանդանոց, սպասասրահում խմում է «Ասկոֆեն» դեղահաբի տարայի մեջ պահված թմրանյութ, ինչն էլ նրա վարքը դարձնում է անկառավարելի։ Ամբողջ գործողությունները տեղի են ունենում բժշկական կենտրոնում։



Hraparak.am-ի հետ զրույցում գլխավոր դերակատարներից Ալլա Սահակյանը նշեց, որ սա իր համար նախադեպ էր, եթե առաջարկություններ լինեն ապագայում այս ժանրում նկարահանվելու, ապա հաճույքով կհամաձայնի։ Նրա խոսքերով` նույնչափ բարդ է խաղալ կատակերգական ժանրում, ինչպես մնացած ժանրերում, բայց ինչպես դերասանուհին նշեց, եթե ունենում ես հումորի զգացում, առավել հեշտ է դառնում աշխատելը։



Աննա Պապիկյան