Խորհուրդ եմ տալիս գումարներ չծախսել իմ դեմ արշավ կազմակերպելու վրա, ուղղակի փորձել ֆիզիկապես լռեցնել ինձ

Խորհուրդ եմ տալիս գումարներ չծախսել իմ դեմ արշավ կազմակերպելու վրա, ուղղակի փորձել ֆիզիկապես լռեցնել ինձ

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը analitik.am կայքի տնօրենի դեմ հաղորդում ներկայացնելուց եւ լրատվամիջոցների առաջին էջերում հայտնվելուց հետո կտրուկ անհետացավ լրագրողներից։ Այս ընթացքում նա մամուլի հետաքրքրությունը բավարարում էր միայն չոր հաղորդագրությունների միջոցով։ Երեկ նա խախտեց լռության ուխտը՝ զրուցելով «Հրապարակի» հետ։ Մեր առաջին հարցին, թե ավելացնելու բան ունի՞ իր տարածած հաղորդագրություններին, ասաց՝ այո, անշուշտ, ունի։



Նախ նա ակնարկով նշեց, որ կարծում է՝ բոլորի համար հասկանալի է, թե ինչ է նշանակում, որ սույն քրեական գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ քննվում են պետական պաշտոնյաների մասնակցությամբ գործերը։ Մինչդեռ այս դեպքում մեղադրյալը՝ Անինա Հովհաննիսյանը, պետական պաշտոնյա չէ, այլ սոսկ մասնավոր կայքի տնօրեն։ «Ակնհայտ է, որ երկար տարիներ գործ ենք ունեցել կազմակերպված մի հանցավոր խմբի հետ, որի մեջ ներգրավված են, անշուշտ, բավականին բարձրաստիճան դեմքեր, որոնք պարբերաբար իջեցրել են պատվերներ եւ հետապնդել են ոչ մաքուր նպատակներ։ Այն, որ փորձել են իմ գործունեությունը սահմանափակել լրատվամիջոցի սուտ, կեղտոտ, զրպարտող հրապարակումներով, դա ակնհայտ է։ Այն, որ դա կապված է իմ կողմից հռչակվող՝ ոմանց համար վտանգավոր կոռուպցիոն դրսեւորումների հետ, ինձ համար ակնհայտ է»,-ասաց նա՝ հիշեցնելով իր բարձրաձայնումները «պետբյուջեից վատնված 800 հազար դոլարի կամ փոշիացված 360 մլն. դրամի պատմությունների» մասին։ Հետեւաբար, նա կարծում է, որ սրանք իր դեմ ուղղված քայլեր են պատվիրատուների կողմից։



Ըստ Ուրիխանյանի՝ այն, որ շորթման կասկածանքով ձերբակալված անձինք ընդամենը մանր ձկներ են շնաձկների վխտացող մի ավազանում, դա իր համար ակնհայտ է։ Ուստի կարծում է, որ պետք է պատժվեն նաեւ այդ մեծ շնաձկները, որոնք հովանավորել եւ ուղղորդել են Անինային։ Ուրիխանյանը նեղսրտած էր այն կարծիքներից, թե ինքը «բռնել է տվել» ինչ-որ մեկին կամ գործ է տվել ոստիկանությանը՝ նշելով, թե ինքն օրենքի մարդ է, ուրիշ ինչպե՞ս պիտի իր դեմ կատարվող հանցագործության դեմն առներ։ «Այն, որ այն ուղղորդող մարմինը, ինչ-որ փեսաների հովանու, ստվերների ներքո գործող կայքեր շահարկում են այդ թեման, ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ ես պետական գործիչ եմ, ես խորապես հավատում եմ, որ ամեն բան մեր երկրում պիտի լինի, այո, օրենքով, իրավապահների, դատարանի մասնակցությամբ, եթե խախտվել է որեւէ մեկի իրավունքը։



Այլ ոչ թե քրեական ռազբորկաների, թիկնազորի կամ, ինչպես մի գործիչ ասել էր, գլխատելու ու բռնաբարելու մեթոդով»,-ասաց նա` նշելով, որ ինքն օրենք գրող եւ օրենքի մարդ է եւ չի կարող խնդիրները լուծել օրենքից դուրս մեթոդներով։ Նրա խոսքով՝ այն կծիկը, որ հիմա քանդվում է, որով կարող են ջրի երես դուրս գալ տարբեր պաշտոնյաների անուններ, շատերի մոտ խուճապ եւ վտանգ է առաջացրել, ինչն էլ ստիպել է իրեն հարվածել։



- Փորձենք բացել փակագծերը։ Գործի վերաբերյալ հաղորդում տրվեց նախ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում, օպերները գնացին եւ մշակած փողը ձեռքին բռնեցին Analitik.am-ի տնօրենի օգնականին, ապա նաեւ տնօրենին։ Հետո դրանով սկսեց զբաղվել ՀՀ քննչական կոմիտեն, բայց օրեր առաջ գործը տեղափոխվեց ՀՔԾ։ Դուք ի՞նչ եզրակացրիք սրանից։



- Դուք ինքներդ կարող եք ենթադրել։ Ես կարող եմ ունենալ իմ տեսակետը, ունեմ նաեւ վստահություն, որ քանդվող կծիկում ներառված են բավականին լուրջ մարդիկ՝ համապատասխան գործառույթներով, որոնք իրականացրել են իքս ծավալի գործողություններ։ Ինչ-որ մի պահի կանգ են առել իմ վրա եւ սխալվել են, որովհետեւ չի կարելի մաքուր կենսագրությամբ մարդուն փորձել շորթել, վարկաբեկել, մտնել անձնական կյանք։



- Այսինքն՝ իրավապահ մարմիններն ի սկզբանե գիտեի՞ն, որ միայն լրատվական կայքի տնօրենով չի սահմանափակվելու գործը, կոնկրետ պաշտոնյաներ էլ են ներգրավվելու դրա մեջ, դրա՞ համար տեղափոխեցին ՀՔԾ։



- Ես Ձեզ նոր ուղիղ տեքստով ասացի՝ վստահ եմ, որ ձերբակալվածներն ընդամենը փոքրիկ ձկնիկներ են մի ավազանում, որտեղ վխտում են մեծ շնաձկներ։ Ավելի պարզ ասեմ՝ անշուշտ, նրանք ունեն հովանավորներ, որոնց թողտվության ու հովանու ներքո նրանք թույլ են տվել նման այլանդակություններ, եւ ես ցավում եմ, որ իրենց հովանավորների դրդմամբ այդ անձինք ձերբակալվեցին։ Հատկապես նրանցից մեկը՝ 2.5 տարեկան երեխայի մայր հանդիսացող Վարդիթեր Գիշյանը, որը, հանցակցելով այս գործին, ակամա դարձավ... ես ուզում եմ հուսալ, որ նա ուղղակի նրանց քաշվածն է, եւ ուզում եմ հուսալ, որ նրա մասնակցությունն ուղղակի մեխանիկական է եղել։ Բայց թող հասարակությունը գիտակցի, որ բազմաթիվ անեծքներ են ստանալու նրանք, ովքեր դրդել են իրենց այդ հանցագործությունները կատարելուն։ Այդ դրդողները պիտի փտեն ճաղավանդակների ետեւում։



- ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը Ձեր մորաքրոջ որդին է։ Նրա գործոնը որեւէ կերպ դեր չի՞ խաղացել այս գործի հարուցման, հետո ՀՔԾ տեղափոխման հարցում։



- Դուք ինձ հարցնում եք մի բան, որի հետ ես տեղեկատվական առումով չեմ կարող առնչություն ունենալ։ Պետական համակարգում ես չունեմ մորաքրոջ տղաներ, բարեկամներ ու մերձավորներ։ Պետական համակարգում, ըստ իս, ինձ համար եւ իմ տիրույթում կան մարդիկ, որոնք իրականացնում են իրենց պետական գործառույթները։ Ազգակցականներ ես ունեմ եւ կարող եմ ունենալ պետական հարթությունից դուրս։



- Analitik.am կայքը եւ Անինա Հովհաննիսյանը լրագրողական միջավայրում ասոցացվում էին ոստիկանության հետ, չնայած ոստիկանության պաշտոնյաները հերքում էին այդ կապը։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք՝ արդյոք նաեւ ոստիկանակա՞ն համակարգում կան Ձեր ասած «մեծ շնաձկները», եւ ոստիկանությունն ստիպված էր զոհե՞լ իր հովանավորյալին։



- Այս հարցին ի պատասխան՝ ես ժպտալով մաղթում եմ, որպեսզի Աստված էլ ավելի ողորմած գտնվի իշխանության շրջանակներում ծվարած մակաբույծների նկատմամբ։
Ես ունեմ ամբողջական տեղեկատվություն ինձ հետաքրքրող շրջանակներում, իհարկե, երկրում գործող բոլոր լրատվական, տեղեկատվական գործունեություն իրականացնող օղակների առնչությամբ։



- Ձեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ կայքը (analitik.am) ո՞ւմ հովանավորչությունն է վայելել։



- Այս կայքը վայելել է մի շարք անձանց եւ կառույցների բարյացակամությունը։ Չեմ կոնկրետացնում, թող քննությունը պատասխանի այդ հարցերին։



- Դուք ասացիք, որ Analitik.am կայքի տնօրեն Անինա Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանն ուղղակի զոհ է։ Իսկ Անինա՞ն։



- Կան իրականացված օպերատիվ հետախուզական գործողություններ, կան փաստական հանգամանքներ, եւ այդ բոլոր հանգամանքները ցույց են տալիս կոնկրետ հանցագործության իրականացման փաստը։ Բայց, համեմատած շնաձկների, ավելի փոքր ձուկը, անշուշտ, ավելի մեղմ հանցակցություն է դրսեւորում։



- Դուք հավատո՞ւմ եք Հայաստանի արդարադատությանը, որ այն կհասնի այդ մեծ շնաձկներին։



- Լավ հարց եք տալիս։ Այ, այստեղ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի։ Եվ այս ճանապարհին դեմս առնելու ձեւը ոչ թե փորձել մարդկանց մեջ գողականության գաղափարախոսություն տարածելն է, այլ միայն մի ձեւ կա՝ ֆիզիկապես լռեցնել։ Հորդորում եմ այդպիսիներին իզուր իրենց գումարները չվատնել իբր լրատվամիջոցներով իմ դեմ արշավ կազմակերպելու վրա եւ ուղղակի փորձել ֆիզիկապես լռեցնել ինձ։ Այլ տարբերակով ես չեմ լռելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ