Ո՞վ պետք է բացահայտի Միհրան Պողոսյանի խուսափելը հարկերից, որ ՊԵԿ-ը վերջապես զբաղվի դրանով

Ո՞վ պետք է բացահայտի Միհրան Պողոսյանի խուսափելը հարկերից, որ ՊԵԿ-ը վերջապես զբաղվի դրանով

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պանամական օֆշորի թեմային և այդ սկանդալում հայտնված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գործին։
Նա ասել էր, որ իրենք կուսումնասիրեն՝ արդյոք Պողոսյանը պանամական օֆշորում բիզնեսներ գրանցելով՝ խուսափե՞լ է ՀՀ-ում հարկեր վճարելուց, թե՞ ոչ։



«Ես երրորդ անգամ եմ հայտարարում, որ հարկային մարմինները անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն»,- ասաց նա։ Ըստ Միրումյանի՝ հարկայինը կհետաքրքրվի նման հարցով բոլոր այն դեպքերում, երբ կբացահայտվի, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ, և ինչի արդյունքում կան չվճարված հարկեր։ Եթե լինեն նման դեպքեր, այդ մասին մեզ կիրազեկեն։ Իսկ ինչպե՞ս իմանանք՝ կա՞ն, թե՞ ոչ նման դեպքեր։ Միրումյանն ասաց, որ երբ որ օրենքով սահմանված կարգով ստուգումներ լինեն, և պարզվի, կիմանանք։



Նկատեցինք, որ ՊԵԿ-ը քննչական մարմին ունի, չի՞ կարող ինքնուրույն ստուգել։ Պարզվեց՝ քննչական մարմինը պետք է ստանա համապատասխան քննիչի որոշում կամ գործ, որ իրականացնի։ Իսկ ումի՞ց պետք է ստանա այդ հրահանգը։ Այստեղ զրույցն ստացավ մի փոքր տաֆտալոգիկ բնույթ։
-Համապատասխան մարմիններից,- եղավ պատասխանը։



Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ որո՞նք են այդ համապատասխան մարմինները։
«Ովքեր որ կարող են հետաքրքրվել և բացահայտել դրանք»,- տաֆտալոգիան շարունակեց Միրումյանը։ Նորից փորձեցինք ճշտել՝ ո՞րն է, ի վերջո, այդ մարմինը՝ գուցե դատախազությո՞ւնը կամ ՀՔԾ-ն, որից պետք է իրենք ցուցում ստանան։ Միրումյանն այստեղ արդեն դժվարացավ պատասխանել․ «Ես իրավական հարթությունում կարող է դժվարանամ պատասխանել՝ կոնկրետ որ մարմինն է դա, բայց կարող եմ ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ ՊԵԿ-ը կստանա նման որոշում՝ իրականացնելու կոնկրետ գործով ստուգումներ, դա կիրականացնենք»: 



Մենք հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք նորմա՞լ է, որ պետական պաշտոնյան կամ ցանկացած ՀՀ քաղաքացի օֆշորում բիզնես ունի և իր հարկերն այնտեղ է մուծում կամ չի մուծում առհասարակ, և արդյոք դա օրինակա՞ն երևույթ է, թե՞ ոչ։
«Եթե հարկերը վճարվում են օֆշորում, պետք է բացահայտվի՝ օֆշորում գործող օրենսդրությանը համապատասխա՞ն է վճարվում, թե՞ ոչ»,- ասաց նա։
Իսկ Հայաստանի օրենսդրությանը համապատասխա՞ն է, որ ՀՀ քաղաքացին իր հարկերն օֆշորային երկրներում է վճարում։
«ՀՀ օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ։ Այլ հարց է, որ դրա արդյունքում կարո՞ղ է հայկական ընկերությունը պակաս է վճարել իր հարկերը, թե՞ ոչ»,-ասաց նա, հետո զարմացավ․ «Ի՞նչ է նշանակում՝ օֆշորում գրանցված ընկերությունը նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ»։



Իսկ եթե օֆշորային ընկերության հետ համագործակցության արդյունքում, հնարավոր է, հայկական ընկերությունը պակաս հարկեր վճարած լինի, դա հարկային մարմինների՞ խնդիրն է, թե՞ ոչ։
Միրումյանն ընդունեց, որ դա, իհարկե, հարկային ծառայության խնդիրն է, և եթե հարուցված քրեական գործի շրջանակներում իրենք ստանան համապատասխան որոշում՝ իրականացնելու ստուգումներ, բնականաբար, կիրականացնեն։



Hraparak.am-ը նկատեց, որ օֆշորում Միհրան Պողոսյանի մասնակցության վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե հարկերից խուսափելու, այլ ուղղակի որպես պետական պաշտոնյա բիզնեսով զբաղվելու հոդվածով։ Հիմա եթե քրգործը լրիվ այլ հոդվածով է հարուցվել, իրենք անելիք ունե՞ն այստեղ։
«Եթե քրեական գործի շրջանակներում պարզվի, որ այդտեղ կարող են լինել նաև հարկերից խուսափելու դեպքեր, բնականաբար, գործը կուղարկվի հարկային մարմիններին, որոնք էլ կզբաղվեն դրանով»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ