ԵԽԽՎ-ականները գիտակցե՞լ են իրենց սխալները

ԵԽԽՎ-ականները գիտակցե՞լ են իրենց սխալները

ԵԽԽՎ անգլիացի և իտալացի պատվիրակներ Ջուզեպե Գալատին և Ալան Միլը ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ են ունենում ԱԺ խմբակցությունների հետ։ Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանի հետ հանդիպումը։ Թեպետ՝ վերջինս ասաց, որ ինքը որպես Թևան Պողոսյան է նրանց հետ հանդիպել։ Ի դեպ, եվրոպացի պատվիրակներից հանդիպմանը մասնակցում էր միայն բրիտանացի Ալան Միլը, քանզի իտալացի պատվիրակը, ասացին, լավ չէր զգում իրեն, հոգնած էր, նոր էր իջել ինքնաթիռից, նաև կարևոր զանգ ուներ Հռոմ, մի խոսքով՝ խառն էր, գործեր ուներ, ուստի նախընտրել էր մնալ հյուրանոցում: 



Հանդիպումից հետո Թևան Պողոսյանը լրագրողներին ասաց, որ ԵԽԽՎ պատվիրակի հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև Արցախի խնդրին վերաբերող հարցեր։
«Բայց պարտքս համարեցի անդրադառնալ նաև այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ժամանակին, մասնավորապես՝ հունվարին, զգուշացնում էինք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին իրենք ունենան մատների արանքով նայելու իրավիճակներ, ապա միգուցե տարածաշրջանում իրենք ունենան տարբեր էսկալացիաներ և ավանտյուրաներ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք հույս են հայտնել, թե այլևս այդպես մատների արանքով կամ հավասարության նշանով չեն անդրադառնա արցախյան խնդրին:



Hraparak.am-ի հարցին, թե ի՞նչ կարևոր միտք հնչեց հանդիպման ընթացքում ԵԽԽՎ պատվիրակի կողմից, որը կառանձնացնի ինքը, Պողոսյանն ասաց․ «Այն, որ ապագայում կփորձեն մի քիչ այլ տարբերակով Արցախի հարցին վերաբերվել։ Բայց դա մեկ մարդու խոսք էր, չգիտեմ՝ ապագայում ինչ կարող է լինել։ Առնվազն իր կողմից, իր գիտակցությամբ (անգլիացի պատվիրակին նկատի ունի) դա շատ ընկալելի էր, որ իրենք էլ են նույն կերպ ընկալում սխալների առկայությունը և կփորձեն, դասեր քաղած, ապագայում անդրադառնալ այս հարցին»: 



Հատկապես ո՞ր սխալների մասին է խոսքը։
«Օրինակ՝ ասենք, երբ որ փորձում էին բալանսավորված մոտեցում ցուցաբերել՝ Ուոլթերի զեկույցը հանեն, բայց էն մյուսը թողնեն։ Թվում էր, թե թեթև զեկույցը էդքան էլ կարևոր չի, բայց, փաստորեն, հասկացան, որ նույնիսկ այդ տեսակի խնդիրը կարող է նաև Ադրբեջանի համար փոքրիկ, բայց ինչ-որ նշանակություն ունենալ»,- ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ