ԵԽԽՎ պատվիրակները հիմա չեն այցելում Ղարաբաղ, բայց օրակարգում պետք է անպայման պահեն այդ հարցը

ԵԽԽՎ պատվիրակները հիմա չեն այցելում Ղարաբաղ, բայց օրակարգում պետք է անպայման պահեն այդ հարցը

Այսօր Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները անդրադարձել են ոչ միայն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, այլև արցախյան խնդրին։
«Պահանջել ենք, որ չեն այցելում Ղարաբաղ, բայց պետք է առիթ ստեղծեն ու այցելեն, իսկ եթե չեն էլ այցելում, ապա պետք է գոնե հստակ գնահատական լինի, թե ով սկսեց պատերազմը, և դրա համար փաստերն ակնառու են, պետք չէ որ իրենք ազդվեն Ադրբեջանի քարոզչությամբ և անորոշ, չհասցեավորված պատասխաններ տան: Իրականությունն այն է, որ ոչ Հայաստանը և ոչ էլ Ղարաբաղը որևէ դրդապատճառ չունեն սկսելու, և հենց Ադրբեջանն էր, որ ստատուս քվոն փոխելու մասին խոսում էր, ընդ որում՝ ռազմական ճանապարհով։ Ըստ էության՝ բանակցությունները դադարել էին հենց Ադրբեջանի մեղքով»,- հանդիպումից հետո ԵԽԽՎ պատվիրակներին փոխանցած իրենց մտահոգության մասին հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:



Նա նաև նկատեց, որ իրենք սուտ ու կեղծ լուրեր են համարել Ադրբեջանի կողմից տարածվող այն հայտարարությունը, թե իբր Ռոբերտ Վոլթերի զեկույցը չընդունվեց, այդ իսկ պատճառով պատերազմական գործողությունները սանձազերծվեցին: Ավելին՝ ասել են, որ ճիշտ հակառակն է եղել իրականում, և պատահական չէ, որ ինտենսիվ գործողությունները եղել են հենց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ, որովհետև Ալիևը համարում էր, որ ԵԽԽՎ-ում ինքը դրա համար ստացել է կանաչ լույս։
Հարցին, թե համազեկուցողների կողմից արձագանքներն ինչպիսին էին, Արմեն Ռուստամյանն ասաց․ «Ղարաբաղի մասով՝ իրենք համարում են, որ, այո, չեն այցելում հիմա, բայց ասում են, որ օրակարգում անպայման պետք է պահեն այդ հարցը և անպայման Ղարաբաղ այցելելուց հետո ունենան համապատասխան ինֆորմացիա՝ կատարվածի հետ կապված, և իրենք անպայման պետք է կանխեն այս պատերազմական գործողությունները: Ընդունում են, որ այստեղ լուրջ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը»,-ասաց նա:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ