Կոնսենսուսը եվ արցախյան խնդիրը՝ ԵԽԽՎ զեկուցողների աչքերով

Կոնսենսուսը եվ արցախյան խնդիրը՝ ԵԽԽՎ զեկուցողների աչքերով

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անգլիացի եւ իտալացի համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին եւ Ալան Միլը երեկ ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ ունեցան ԱԺ խմբակցությունների հետ։ Ի դեպ, հանդիպումներին մասնակցում էր միայն բրիտանացի Ալան Միլը, քանզի իտալացի պատվիրակը, ասացին, լավ չէր զգում իրեն, հոգնած էր, նոր էր իջել ինքնաթիռից, նաեւ կարեւոր զանգ ուներ Հռոմ, մի խոսքով՝ խառն էր, գործեր ուներ, գնացել էր հյուրանոց։



ԵԽԽՎ միակ պատվիրակի հետ պատգամավորները քննարկել են սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ Արցախի խնդրին վերաբերող հարցեր։ Հիմնականում պատգամավորների կողմից շեշտադրումներ են արվել արցախյան հիմնախնդրի վրա՝ բացահայտ մատնանշելով ԵԽԽՎ-ի սխալ կեցվածքն այս հարցում։ Նրանք հիշեցրել են բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի եւ բոսնիացի Միլիցա Մարկովիչի երկու ադրբեջանամետ եւ հակահայկական զեկույցների մասին, որոնցից միայն մեկն ընդունվեց՝ Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։



Ըստ հանդիպումներին մասնակցած պատգամավորների՝ բրիտանացի պատվիրակի մոտ մի շարք հարցերում եղել է սխալների ընկալում, կամ գոնե առնվազն համաձայն է եղել իրենց մտահոգությունների եւ մոտեցումների հետ։ Դաշնակցությունը, օրինակ, մատնանշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Արդբեջանի կողմից ինտենսիվ գործողությունները եղել են հենց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ, որովհետեւ Ալիեւը կարծում էր, որ ԵԽԽՎ-ում ինքը դրա համար ստացել է կանաչ լույս։



«Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցած Թեւան Պողոսյանն էլ մի կարեւոր միտք է առանձնացրել, որ ԵԽԽՎ-ում ապագայում կփորձեն մի քիչ այլ տարբերակով Արցախի հարցին վերաբերվել եւ, դասեր քաղած, անդրադառնալ այս հարցին։ ՀԱԿ-ը ներկայացրել է, թե ինչպես է հայ ազգը համախմբված եղել ապրիլյան այս պատերազմի օրերին։ Բայց ավելի շատ նրանք խոսել են իրենց հիմնական «փորացավից»՝ «4+4+4» ֆորմատով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներից եւ դրա շուրջ չստեղծված կոնսենսուսից։ Չի մոռացել նշել նաեւ, որ սահմանադրական հանրաքվեն կեղծիքներով է ընդունվել։



«Խոսեցինք, որ, այնուամենայնիվ, ամենակարեւոր խնդիրը, որը պետք է լուծվի, կոնենսուսն է, եւ ես առաջարկ արեցի, որ իրենք կենտրոնանան այդ խնդրի վրա»,-ասաց Զուրաբյանը։ ՀՀԿ-ի հետ հանդիպումից հետո էլ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ հանդիպմանը խոսք է եղել ԸՕ նախագծի քննարկումների շուրջ, եւ առաջարկություն է հնչել կոնսենսուսի հնարավորության մասին։ «Մենք լիահույս ենք, որ կունենանք կոնսոլիդացիա քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ, եւ լիահույս ենք նաեւ, որ վերջնական արդյունքում ցանկալի է ունենալ նաեւ կոնսենսուս»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ