100 միլիարդի համար շնորհակալություն հարկայինի՞ն

100 միլիարդի համար շնորհակալություն հարկայինի՞ն

Սերժ Սարգսյանը վերջերս Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հարկային մարմիններն ապրիլ ամսին շուրջ 100 մլրդ. դրամ հարկ են հավաքագրել, ինչը համարել է աննախադեպ։ Ինչո՞վ էր դա աննախադեպ, եւ այդ ի՞նչ հրաշք են գործել հարկային մարմինները, որ մեկ ամսում նման ծավալի հարկ են հավաքագրել, ինչը զարմանք է պատճառել նույնիսկ երկրի ղեկավարին։



ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այս հարցին ունի հին չինովնիկի ոչինչ չասող պատասխան․ «Այո, շուրջ 100 միլիարդի մասին է խոսքը, եւ ապրիլ ամսին, այո, պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 100 միլիարդ հարկային եկամուտներ, եւ դա հիմնականում հարկային ուժեղացված վարչարարության շարունակական կատարելագործման արդյունք է հանդիսացել»։ Նա նշեց, որ մանր բիզնեսը չի կարող պետբյուջե նման խոշոր չափի գումարներ մուտքագրել, հետեւաբար, իրենք խոշորներից են այդ գումարները գանձել։



Ըստ նրա՝ կարելի է ասել, որ ստվերն է կրճատվել, որ նման գումար է հավաքագրվել։ Սակայն նա չցանկացավ խոշորների անուններ նշել, որոնք դուրս են եկել ստվերից, կամ իրենց ուսումնասիրության արդյունքում ճշգրտվել են տվյալ տնտեսվարողների հարկային հաշվարկները։ «Եթե Դուք կոնկրետ վիճակագրություն եք ուզում, կարող եք գրավոր դիմել, հիմա ես անգիր չեմ հիշում։ Այ, վերջին հազարը՝ խոշորը վերցրեք, կայքում դրված է, մեկից մինչեւ հազարը նայեք»,-ասաց նա։



Այսինքն՝ այդ 100 միլիարդը հավաքվել է ոչ թե տնտեսվարողների՝ բարեխիղճ հարկատու լինելու, այլ ձեր վարչարարության խստացմա՞ն հաշվին։ Միրումյանը շարունակեց ոչինչ չասել։ «Ես եւս մեկ անգամ նշում եմ, որ վարչարարության գործիքակազմը տարբեր է։ Կան հսկողական գործիքներ՝ ստուգումներ, ուսումնասիրություններ, եւ կան վերլուծական աշխատանքներ եւ դրա արդյունքում հիմնավորված գնահատականներ, որոնք ներկայացվում են տնտեսվարող սուբյեկտներին»։



Հիմա ո՞ւմ շնորհակալություն հայտնենք այդ 100 միլիարդի համար, իրե՞նց, թե՞ հարկ վճարողներին։ Միրումյանն ասաց․ «Կարծում եմ՝ մենք մեր աշխատանքն ենք կատարում, հարկ վճարողները՝ իրենց պարտավորությունը։ Որեւէ մեկին շնորհակալություն հայտնել պետք չէ»։ Այդուհանդերձ, ո՞ւմ շնորհքն էր, որ 100 միլիարդ դրամ հարկ վճարվեց պետբյուջե։ «Հարկային վարչարարության»,-իրենց աշխատանքը գնահատեց ՊԵԿ նախագահի տեղակալը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ