Ինչ սքանչելի է պարզապես ողջ լինելը․ Օդրի Հեփբերն

Ինչ սքանչելի է պարզապես ողջ լինելը․ Օդրի Հեփբերն

Իմ կեսը իռլանդուհի է, կեսը հոլանդուհի, իսկ ծնողներս ապրում են Բելգիայում։



Երբ փոքր էի, ծնողներս միշտ իմ ժամանակը չունեին։ Շոկոլադն իմ միակ սերն էր, որ երբեք ինձ չէր դավաճանում։



Ամբողջ կյանքում մայրս ինձ սովորեցրել է, որ մարդը պետք է օգտակար լինի։



Հիշում եմ, երբ հիվանդացա բրոնխիտով պատերազմի ժամանակ, մայրս ասում էր․ «Ինչպես կցանկանայի քեզ նարնջի հյութ խմացնել, ինչպես կցանկանայի քեզ համար կաթ ու ձու գնել»։ Հետո միայն ես հասկացա, ինչ էր նշանակում մորս համար քնելն այն մտքով, որ չգիտեր թե հաջորդ օրն ինձ ինչ է կերցնելու։



Փոքր ժամանակ ինձ սովորեցնում էին, որ ուշադրություն գրավելն ու խաղալը անդաստիարակության նշան է։ Հենց այդպես ես սկսեցի հաց վաստակել։



Ես գեղեցկուհի չեմ, մի անգամ մայրս ինձ անճոռնի ճուտիկ անվանեց, բայց եթե ինձ ուշադիր զննեն, հնարավոր է ինչ-որ լավ բան գտնեն։



Իմ կյանքում եղել են պահեր, երբ ատել եմ ինքս ինձ։ Ես համարում էի, որ շատ գեր եմ, կամ շատ բարձրահասակ, կամ էլ շատ հասարակ, երբեմն էլ շատ տգեղ։



Սեքսուալությունը այն է, որ թաքնված է կնոջ ներսում։ Ես չեմ կարող համեմատվել Սոֆի Լորենի, կամ էլ Ջինա Լոլոբրիջիդայի չափսերի հետ, բայց սեքսուալությունը չէ՞ որ չափսերի մեջ չէ։ Անպայման չէ լինել ննջարանում սեքսուալ լինելու համար։ Ես խնձորենուց կարող եմ խնձոր քաղել անձրեւի տակ ու լինել սեքսուալ։



Պաշտում եմ այն մարդկանց, ովքեր ինձ ծիծաղեցնում են։ Ծիծաղը իմ սիրելի զբաղմունքն է, այն կարող է շատ հիվանդություններ բուժել։



Ես երբեք բաժանում չէի ցանկանա, տանել չեմ կարողանում այդ բառը։ Ես երազում եմ ամուսնանալ մեկ անգամ ու մեկընդմիշտ։



Ականջօղերը, որոնք նվիրում է տղամարդը, կարող են պատմել այն ամենն, ինչ նա մտածում է ձեր մասին։



Մարդիկ, ինչպես իրերը, կարիք ունեն, որ նրանց վերցնես, խնամես, տեղ գտնես ու ներես․ երբեք ոչ մեկին դեն մի նետեք։



Յուրաքանչյուր մարդու պարտականություն պետք է լինի օգնել այն երեխաներին, ովքեր տառապում են։ Մնացած ամեն ինչ սուտ է։



Ես հավատում եմ, բայց իմ հավատը ոչ մի կրոնի հետ կապ չունի։



Ես տառապում եմ, երբ ինձ տեսնում եմ էկրանին, դա շատ ծանր է ինձ համար։



Հոլանդիայում, Բելգիայում, հետո նաեւ Անգլիայում ես ամենաերջանիկը եղել եմ, երբ գյուղում էի։ Ես պաշտում եմ բնությունը, ծառերը, թռչուններին եւ ծաղիկներ։ Ես քաղաքի բնակիչ չեմ, ցեմենտը ներսս ձանձրույթով է լցնում։



Ես երջանիկ կլինեի, եթե հանգստյան օրերն անցկացնեի միայնակ իմ բնակարանում, այդպես ես լիցքավորվում եմ։



Եթե շատ անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ մինչեւ հիմա պաշտում եմ հեքիաթներ կարդալը։
Ընթերցանությունն իմ սիրած զբաղմունքն է։



Եկեք խոստովանենք, որ շոկոլադե տորթը օգնում է մարդկանց ապրել։ Ինձ հաստատ օգնում է։



Նրանք, ովքեր չեն հավատում հրաշքներին, ռեալիստ չեն կարող լինել։



Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ քեզ տրված են երկու ձեռքեր, մեկով որպեսզի ինքդ քեզ օգնես, մյուսով՝ որ օգնես ուրիշներին։



Միայն շատ վճռական մարդիկ են հաջողակ։



Պետք է կարողանալ արժանապատիվ ծերանալ, իսկ դա չի լինի, եթե դու ամսագրերի էջերից չես իջնում։



Ինչ սքանչելի է պարզապես ողջ լինելը։



Աշխեն Քեշիշյան