ԵՄ դեսպանն ինքը պետք է մեկնաբանի իր հայտարարությունը. Արփինե Հովհաննիսյան

ԵՄ դեսպանն ինքը պետք է մեկնաբանի իր հայտարարությունը. Արփինե Հովհաննիսյան

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշագրավ մի հայտարարություն է արել։ «Մենք ունենք 15 միլիոն եվրո հատկացված գումար՝ օգնելու Հայաստանի կառավարությանը պայքարելու կոռուպցիայի դեմ: Բայց կան պայմաններ դրա տրամադրման համար։ Մեզ պետք են կոնկրետ արդյունքներ եւ եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոն եվրոն չի ծախսվի, չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,-հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:



Հանդիպմանը ներկա էր նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Ավելի ուշ Hraparak.am-ը խնդրեց նախարարին արձագանքել Սվիտալսկու այս հայտարարությանը։ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նախընտրեց հեշտ ճանապարհը՝ չմեկնաբանել ԵՄ դեսպանի խնդրահարույց հայտարարությունը։



«Ես կոռեկտ չեմ համարում նախ մեկնաբանել դա, բայց ուզում եմ նախևառաջ ասել, որ Եվրամիությունն աջակցում է մեզ այդ հարցում, և կարծում եմ, որ նախևառաջ պարոն դեսպանն ինքը պետք է մեկնաբանի, թե շոշափելի արդյունքներ կան, թե ոչ։ Իսկ մեր քայլերի հաջորդականությունը մենք իրագործելու ենք։ Եվ էնպես չի, որ մենք պայմանավորել ենք այդ քայլերի իրականացումը կամ դրանց արդյունավետությոuնը այդ աջակցությամբ։ Այդ աջակցությունը մեզ համար կարևոր է, դա մեր հարաբերությունների գործընկերային բնույթի մասին է վկայում»,-ասաց նա։



Մենք նկատեցինք, թե արդյոք ԵՄ պատվիրակության ղեկավարի այս հայտարարությունը հստակ մեսիջ չէ՞ր առ այն, որ ԵՄ-ն կասկածներ ունի, որ շոշափելի արդյունքներ կան կամ կարող են լինել կոռուպցիայի դեմ պայքարում։ Նախարարը մնաց անդրդվելի. «Ես արդեն ասացի, որ Սվիտալսկու հայտարարությունն ինքը պետք է մեկնաբանի, ոչ թե ես»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ