Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում. Դ. Հարությունյան

Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում. Դ. Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն տեսակետին, թե կառավարությունը հիմա է սկսել պայքարել կոռուպցիայի դեմ, և որ նախորդ տարիներին նման քայլեր չեն կատարվել։ «Թույլ տվեք չհամաձայնել, որ նախորդ տասնամյակներում ոչ մի բան չի արվել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը այս թեմայով։



Ըստ նրա՝ վարչապետի հարցադրումը հետևյալն է. «Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք լրջագույն քայլեր են կատարում։ Օրինակ՝ ինչպե՞ս տարանջատել քաղաքացուն ծառայություններ մատուցող պետական ծառայողներից և այլն։ Այդ բոլորն որղղված են կառուպցիայի դեմ պայքարին։ Եվ իրենք իրենց արդյունքը տալիս են։ Բայց այդ արդյունքն անմիջապես շոշափելի չէ։ Մենք շատ արագ ենք սովորում լավին, վատը, բնականաբար, մեր աչքին ավելի արագ է երևում, և դա լավ է»։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նախարարից, թե այդ շոշափելի արդյունքները ե՞րբ կտեսնենք՝ նկատելով, որ ԵՄ դեսպան Սվիտալսկին այսօր հայտարարել է, որ մինչև այդ շոշաթելի արդյունքները չտեսնեն, ԵՄ-ն 15 մլն եվրո գումար չի փոխանցի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի համար։
«Ուրեմն որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում»,-ասաց նա՝ նշելով, որ կոռտուպցիայի դեմ պայքարն ամենեւին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ։



Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին՝ որպես այդպիսին, փող չի պահանջում։ «Այն պահանջում է ուղղակի որոշ դեպքերում միգուցե ծայրահեղ կոշտ որոշումներ, և այն, ինչ ասաց վարչապետը, նա ասաց, որ ինքն արդեն իր համար պատրաստել է որոշակի մոտեցումներ, սպասում է նաև հանրային արձագանքին, ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի, որպեսզի իր փաթեթն ամբողջականացնի և կյանքի կոչի»,-ասաց Դավիթ Հարությունյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ