Իսկ ինչպե՞ս արձագանքել շեղվելու հակում ունեցող կամ սխալ թույլ տվող մարդկանց

Իսկ ինչպե՞ս արձագանքել շեղվելու հակում ունեցող կամ սխալ թույլ տվող մարդկանց

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ասաց, որ այդ մասին պետք է ոչ միայն խոսել, այլև  քայլեր ձեռնարկել, և այդ քայլերը, նախարարի կարծիքով, ձեռնարկվում են։



Լրագրողներից մեկը նկատեց, որ ՀՀ կառավարությունը 20 տարուց ավելի է՝ ասում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, կամք ունի այդ հարցում։ Ապա խնդրեց կառավարության հայտարարած այդ երկարամյա կոռուպցիայի դեմ պայքարում երեք շոշափելի արդյունք մատնանշել։ Ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց միայն հետևյալը. «Ինձ համար, ճիշտն ասած, դժվար կլինի 20 տարվա կտրվածքով գնահատական տալ այդ հայտարարություններին և կամ դրանց իրագործելիությանը՝ շատ հասկանալի պատճառներով։ Ինչ վերաբերում է, ընդհանրապես, հայտարարություններին կամ դրանց իրագործելիությանը, ես ուզում եմ ասել, որ հարցրեք տարբեր մարդկանց` որևէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ակնթարթային արդյունքներ չի արձանագրել»։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նախարարից, թե քանի՞ տարի է, որ հայրենի կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ե՞րբ է սկսել այդ պայքարը։ Հովհաննիսյանը նախ հիշեցրեց, որ ինքը ութ ամիս է, ինչ կառավարության անդամ է։



«Ես կարող եմ ասել, որ այդ շրջանակներում վստահ եմ, որ եղել է, մինչ այդ էլ, բնականաբար, տարբեր մակարդակներով հայտարարվել են»,-նկատեց նախարարը։ Իսկ այս ընթացքում՝ թե՛ այդ ութ ամսվա, թե՛ մինչ այդ էլ, կարո՞ղ է կոնկրետ քայլեր մատնանշել։



«Բավականին քայլեր են իրականացվել, իրականում։ Օրինակ՝ պետռեգիստրում կամ ոստիկանությունում, բոլորդ էլ գիտեք, հիմա էլ կարող եք ինքներդ էլ՝ որպես լրագրող, գնալ և ստուգել, որ տարիներ շարունակ կառուպցիայի դեմ պայքարի մասին էր էնտեղ խոսք գնում, որ գումարներ են վերցնում... Գիտե՞ք, բացարձակ արդյունքներ ակնկալել և ասել, որ որևէ ոլորտում՝ ձեր ոլորտում, պետական ոլորտում ամեն ինչ բացարձակ է, բոլորը պրոֆեսիոնալ են, բոլորը լավն են և բոլորը կարող են երաշխավորել, որ որևէ մեկը սխալ չի անի.. ես վստահ եմ, քավ լիցի, էդպես չի լինում։ Որևէ ոլորտում դժվար է ասել, որ չկան մարդիկ, որ շեղվելու ցանկություն կամ հակում ունեն։ Այլ հարց է՝ ինչպես արձագանքել այդ մարդկանց։ Իսկ ինչպես արձագանքել, կարծում եմ՝ տեսնում եք և դեռ տեսնելու եք»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը չի ուզում հիմա շատ վերամբարձ ու բացառիկ մտքեր հայտնել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ