Թաթուլ Մանասերյանը հույս ունի, որ վարչապետը խիստ կպատժի նույնիսկ իր մերձավորներին

Թաթուլ Մանասերյանը հույս ունի, որ վարչապետը խիստ կպատժի նույնիսկ իր մերձավորներին

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ուզում է հավատալ, որ Հովիկ Աբրահամյանը կկարողանա պայքարել կոռուպցիայի դեմ և հարկ եղած դեպքում պատժել նաև իր մերձավորներին։ Մանասերյանը հասարակությանը բաժանում է երկու շերտի՝ իշխանություննեին քծնողների, կեղծավորների և իշխանությունների հրաժարականը պահանջողների և սուր քննադատողների։ «Ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակաություն, պետք է նաև իշխանությունների հետ աշխատել և նրանց աշխատեցնել սովորենք»,-ասաց նա, ում հետ զրուցեցինք Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությունից և կոռուպցիայի դեմ պայքարից։



-Պարոն Մանասերյան, ի՞նչ եք կարծում, արդյոք պե՞տք է այդքան աղմուկ հանել, բարձրաձայնել, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, թե՞ պետք է ուղղակի լուռ գործ անել և արդյունք ցույց տալ։



-Բարձրաձայնե՞լ։ Ինչու՞ չէ։ Ես չեմ կարծում, թե դա արգելված է կամ որևէ վնաս է հասցնում։ Բայց, իհարկե, ցանկալի է, որ գործնականում յուրաքանչյուր պետական պաշտոնյայից այդ ակնկալիքը լինի։ Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ունի մեկ լուծում՝ պատիժը։ Եթե խիստ պատիժ չպիտի կիրառվի կոռուպցիոներների նկատմամբ, մնացած հարցերին արդեն փիլիսոփայորեն կարելի է մոտենալ։



-Դուք վարչապտի ելույթից ի՞նչ հասկացաք և ի՞նչ եք մտածում այդ առնչությամբ։



-Ես հասկացել եմ, որ վարչապետը վճռական է և ուզում է փոփոխությունները լինեն, և կարծում եմ, որ բարձրաձայնելը կարևոր է, զգաստության կոչ անելը կարևոր է։



-Իսկ այդ ելույթից զգացի՞ք, որ վարչապետը պատրաստ է նաև պատժելու։



-Ես կարծում եմ, որ ոչ միայն պատրաստ է... վարչապետը կամայական չի պատժում, օրենքով է դա անում։ Դրա համար միայն վարչապետով չպետք է դա դիտարկել, ցանկացած նախարար, ցանկացած կառույցի ղեկավար պիտի ինքն իր ոլորտում այդ ամենը փորձի անել։



-Թերևս Դուք էլ նկատած կլինեք այն թերահավատությունը հասարակության մեջ և մամուլում, որ վարչապետը, նաև կառավարության մի շարք անդամներ, որոնք հսկայական կարողության են տիրապետում, չեն կարող իրապես պայքարել կոռուպցիայի դեմ, կասկած կա նրանց խոսքերի արժանահավատության հարցում։



-Ես ունեցվածքը չէի նույնացնի այդ արժանահավատության հետ, որովհետև և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներում կան նաև լավ օրինակներ, երբ որ կառավարության ղեկավարը կամ նույնիսկ երկրի ղեկավարը մեծահարուստ է, բայց դա իրեն չի խագարում։ Ես կմեջբերի նույն Սինգապուրի օրինակը։ Վարչապետ Լի Կուան Յուն բավականին հարուստ աձնավորություն էր, բայց նաև շատ խստապահանջ, և օրենքի գերակայությունն էր, որ իշխեց։ Այնտեղ կեղծ ժողովրդավար մեթոդներով չեն շարժվում, որ կեղծ մարդասիրությունը հանգեցնի ամենաթողության։



-Բայց Լի Կուան Յուն սեփական շրջապատից, իր ընտանիքի անդամներից ու մերձավորներից սկսեց՝ պատժելով նրանց։ Դուք հույս ունե՞ք, որ մեզ մոտ էլ նման բան տեղի կունենա։



-Այո, այնտեղ մահապատիժներ էին կիրառում, գողության համար ձեռք էին կտրում։ Ես դաժան մարդ չեմ, բայց կարծում եմ՝ մինչև պատիժ չլինի, այն մարդիկ, ովքեր թալանում են երկիրը, նրանց մինչև չզգաստացնենք մեկ-երկու օրինակով, մյուսները ուշքի չեն գա։



-Նույնիսկ մահապատժին կամ ձեռք կտրելու՞ տարբերակին եք կողմ Հայաստանում։



-Ես ցանկացած տարբերակի կողմ եմ, որը կբերի կարգուկանոնի հաստատման։



-Այդուհանդերձ, մեր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հարցում կասկածները գալիս են այնտեղից, որ Հայաստանում պետական պաշտոնյաները հսկայական կարողություն են դիզում սովորաբար կոռուպցիոն գործարքների միջոցով, և այս առումով կասկած կա նաև կոռուպցիայի դեմ պայքարողների մասով։



-Ինձ մոտ մշտապես է եղել, տարբեր կառավարությունների օրոք առիթ եմ ունեցել հրավեր ստանալ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, հրաժարվել եմ, որովհետև չեմ հավատացել, որ նախորդ կառավարությունները շատ հաստատակամ և վճռական են եղել։Ուզում եմ հավատալ, որ ներկայիս կառավարությունն այդ վճռականությունը կունենա։ Իհարկե, նորից եմ կրկնում, մինչև հստակ արդյունք չերևա, այդ արժանահավատության մասին խոակցությունները անհիմն են լինելու։ Բայց ես ուզում եմ կարևորել նաև քաղաքացիական հասարակության դերը այս հարցում։ Դա մեզնից յուրաքանչյուրից է նաև կախված։



-Վերջին հարցը։ Վստահություն կամ հույս ունե՞ք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է թե՛ ուղիղ, ֆիզիկական, թե՛ փոխաբերական իմաստով կտրել գողի, կոռուպցիոների ձեռքը, եթե նույնիսկ դա իր մերձավոր շրջապատից լինի։



-Ես չհավատալու հիմք չունեմ, ես միշտ լավատես եմ և կարծում եմ, որ պետք է այդ քայլերն արվեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ