Թուրքիան «պատմական սխալ գործեց»

Թուրքիան «պատմական սխալ գործեց»

Շաբաթավերջին լրատվամիջոցներով երեւի ավելի վաղ տարածվեց Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցող Կատի Պիրիի գնահատականը, թե Թուրքիան «պատմական սխալ գործեց», քան կտարածվեր լուրը, թե բուն Թուրքիան ինչ արեց: Պիրիի գնահատականը պատմական սխալի մասին վերաբերում էր Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը, որ մայիսի 20-ին 376 եւ 377 ձայներով երկրորդ եւ երրորդ ընթերցում է անցավ եւ ընդունվեց խորհրդարանում:



Պատգամավորական անձեռնմխելիության վերացումն այն հարցն է, որի առաջին ընթերցման ժամանակ` ապրիլի 27-ին, խորհրդարանի լիագումար նիստում ծեծկռտուք սկսվեց իշխող AK եւ ընդդիմադիր, քրդամետ HDP կուսակցությունների պատգամավորների միջեւ: Բռնցքամարտային իմպրովիզն այնքան պատգամավոր ընդգրկեց, որ խորհրդարանի նախագահը ճարահատյալ երկու օրով ընդմիջեց նիստը, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ մի քանի օրենքների քվեարկությունն էլ թողնելով օդում կախված: Հաջորդ օրը պատգամավորական անձեռնմխելիության հարցը քննարկվեց խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում, նորից տուրուդմփոց սկսվեց AK-ի եւ HDP-ի միջեւ, հինգ պատգամավոր մարմնական վնասվածքներ ստացան: Հարցի հաջորդ քննարկումը մայիսի 2-ին էր, երբ մեր հայրենակից, Ստամբուլից ընտրված HDP-ի պատգամավոր Կարո Պալյանի` Թուրքիայի արդարադատության նախարար Բոզդագին ուղղված «ոչ, այդպես չի եղել, զրպարտում եք» ռեպլիկից հետո երրորդ անգամ ծեծկռտոց սկսվեց արդեն Կարոյի գործուն դերակատարությամբ, ինչն ակամա հեռարձակվել էր ուղիղ եթերով, ավելի ուշ էլ տեսանյութը հայտնվեց համացանցում:



Ի դեպ, հենց այս` մայիսի 2-ին պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու հարցի շուրջ ծագած դիմակայությունն ու Կարո Պալյանի մասնակցությամբ ծեծկռտուքն էին հայաստանյան լրատվամիջոցներն աղավաղել եւ Հայաստանում ներկայացրել իբրեւ Թուրքիայի խորհրդարանի ապրիլի 21-ի նիստում Հայոց ցեղասպանության առնչությամբ Պալյանի ունեցած ելույթից հետո նրա վրա կատարված հարձակում: Իրականում ապրիլի 21-ի ելույթից հետո Կարոյի դեմ որեւէ բռնություն չի եղել, եւ հայաստանյան ԶԼՄ-ների տարածածը կեղծիք էր, անկախ հանգամանքից՝ դա արվել էր չիմացությամբ, թե միտումնաբար: Մեկ-երկու տասնյակ քաղաքացիներ էլ անգամ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ էին գնացել՝ իրենց աղավաղված տեղեկատվությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին պահանջներ ներկայացնելու:



Ինչեւէ, բոլոր ծեծուջարդերից, իսկ ամենաէականը` կացնային մեթոդներով գործելուն ընդդիմացող Ահմեդ Դավութօղլուի` վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, մայիսի 20-ին, AK-ն այդքան վիճելի օրինագիծը միանգամից երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ անցկացրեց: Հասկանալիորեն, խորհրդարանում միայն 316 պատգամավոր ունեցող AK-ն չէր կարող օրինագիծն անցկացնել, եթե ընդդիմության որոշիչ աջակցությունը չլիներ: Ինչպես ենթադրելի էր, սկզբից եւեթ AK-ի կողքին է կանգնել Դեւլեթ Բահչելիի ազգայնական MHP-ը՝ իր բոլոր 40 պատգամավորներով: Երկրորդ եւ երրորդ փուլում կողմ ձայներ են ավելացել նաեւ հիմնական ընդդիմադիր CHP-ից:



Այսպես, թե այնպես, այժմ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անդամներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը հաստատված է, այդքանով էլ «պատմական սխալը» կատարված է: Թեեւ երեկ երեկոյան Մերկելն Էրդողանի հետ քննարկելու էր խնդրո առարկա օրինագծի հարցը, սակայն դրանից դժվար թե ետդարձ լինի։ Ամենքն էլ գիտակցում են, որ այս օրինագիծը HDP-ի պատգամավորներին, հատկապես կուսակցության առաջնորդ Սելահատին Դեմիրթաշին անձեռնմխելիությունից զրկելու նպատակ ունի: Սակայն զավեշտն այն է, որ Դեմիրթաշն ընդդիմության միակ առաջնորդը չէ, որի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով նյութեր եւ ամբաստանություններ են առկա խորհրդարանում: Նման նյութեր կան բոլոր երեք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների վերաբերյալ, եւ նույնիսկ ամենամեծ թվով նյութերը Դեմիրթաշի դեմ չեն: Ռեկորդակիրը CHP-ի առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն է, որի դեմ, ըստ թուրքական լրատվամիջոցների, 46 գործով կամ դրվագով ամբաստանություններ կան խորհրդարանում: Այժմ, պատգամավորական անձեռնմխելիության վերացումից հետո, այդ տասնյակ գործերը պետք է գնան արդարադատության նախարարություն, քննչական կառույցներ, դատախազություն, եւ յուրաքանչյուր կոնկրետ ամբաստանության դեպքում այն ուսումնասիրող քննիչը որոշի` քրեական գործ հարուցել, թե ոչ: 41 նման գործ կա HDP-ի Դեմիրթաշի դեպքում, եւս ինը նման գործ՝ MHP-ի Բեհչելիի պարագայում:



Լրագրողների, ինտելեկտուալների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական ակտիվիստների հետապնդումներից հետո, հիմա էլ, փաստորեն, AK-ն դուռ է բացում անցանկալի պատգամավորների հետապնդման համար` դրանից Թուրքիայի ժողովրդավարության եւ միջազգային վարկի համար բխող բոլոր ծանր հետեւանքներով: Երեւում է՝ Աբդուլլա Գյուլի առաջնորդությամբ AK-ից հեռացածների կողմից նոր կուսակցություն ստեղծելը (մանավանդ՝ Դավութօղլուի հրաժարականից եւ Յիլդիրիմի վարչապետ դառնալուց հետո) եւ իսլամիստական ձայներն Էրդողանից տանելը դառնում են Թուրքիան բռնապետությունից եւ քաղաքացիական բախումներից փրկելու միակ ճանապարհ:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ