Մենք կարողացանք հաղթել առանց հաց, առանց վառելիք, առանց զենք

Մենք կարողացանք հաղթել առանց հաց, առանց վառելիք, առանց զենք

Երեկ «Արտբրիջ» սրճարան-գրախանութում տեղի ունեցավ «Կոլլաժ» հրատարակչության կողմից հրատարակված «Ճանապարհ դեպի հաղթանակ» եռալեզու գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը, նվիրված ղարաբաղյան շարժման 28 եւ ՀՀ անկախության 25-ամյակներին:



Ֆոտոալբոմում տեղ է գտել մոտ 200 լուսանկար՝ համառոտ մեկնաբանություններով եւ նկարագրություններով: Այն ընդգրկում է Ղարաբաղյան շարժումից մինչեւ 1994-ի հրադադարը, ներառելով 1988-ի երկրաշարժը, սումգայիթյան ոճիրը, բլոկադայի տարիները, «Կոլցո» օպերացիայի հետեւանքով կորցրած Գետաշենը: Լուսանկարների հեղինակն է Աշոտ Մուրադյանը: Տեքստերի հեղինակը՝ Հայկ Դեմոյանը:



Աշոտ Մուրադյանն ասում է, որ նման ալբոմ ունենալու գաղափարը շատ վաղուց իրեն հանգիստ չէր տալիս, լուսանկարչի համար 88-94-ը ճանապարհ էր դեպի հաղթանակ, որովհետեւ կարողացել ենք այդ տարիների դժվարությունները հաղթահարելով՝ հասնել այս օրվան։ «Ամենաբարդ խնդիրների միջով անցնելով է այդ հաղթանակը կերտվել, դրա համար գրքում եւ մութ ու ցուրտ տարիների լուսանկարներ կան, եւ բլոկադայի ու երկրաշարժի, այդ անհավանական դժվարությունները բերեցին հաղթանակի։ Մենք կարողացանք հաղթել առանց հաց, առանց վառելիք, առանց զենք, առանց լիքը բաների, եւ կրկնակի, եռակի ուժեղ է այդ հաղթանակը, որովհետեւ այդ գնով, բայց կարողացանք հաղթել այդ ամենը։ Կարծում եմ՝ մեր բացն է, որ մեր հաղթանակը մենք չենք կարողանում այն ձեւի ներկայացնել, ինչպես որ պետք է ներկայացված լիներ»,-ասում է լուսանկարիչն ու նկատում, որ ամենադժվարը 88-94թթ. ընթացքում արված լուսանկարներն ընտրելն էր, որովհետեւ արխիվը մեծ էր ու հսկայական, պետք էր մի քանի տասնյակ հազար լուսանկարից ընտրել 200-ը։



Մուրադյանի համար այս լուսանկարները փաստաթղթեր են, վավերագրություն եւ ոչ թե լիրիկա։ Նա իր խոսքում ընդգծում է՝ իրեն համարում է բախտավոր մարդ, հետո նաեւ բախտավոր լուսանկարիչ, որ ներկա է եղել հաղթանակի բերկրանքի պահին ու լուսանկարել է մարդկանց տրամադրությունները։ Մուրադյանը տեղեկացրեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ ֆոտոալբոմը կվաճառվի նաեւ Լոս Անջելեսի մեծ գրախանութներից մեկում։



Շնորհանդեսին ներկա լրագրող Մարկ Գրիգորյանի բնորոշմամբ էլ այսօր դժվար է հավաքել այդ տարիների լուսանկարները եւ հրատարակել մի գրքի ձեւով, բայց. «Աշոտ Մուրադյանը կարողացավ հավաքել այդ տարիների լուսանկարները, զտել կարեւորը պակաս կարեւորից, գտնել այն պահերը, որոնք եւ իր համար էին հետաքրքիր նկարելու ընթացքում, եւ բոլորիս համար, որովհետեւ դրանք էին այն իրադարձությունները, տարիները եւ մարդիկ, երբ սկսեց ձեւավորվել մեր անկախության միտքը, եւ սկսեց առաջ գալ մեր անկախության գաղափարը»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ