Նա ո՞վ է, քեզ ծանո՞թ է, գնա իրենից հարցրու. Մանվել Գրիգորյանը` Վահան Բադասյանի հայտարարության մասին

Նա ո՞վ է, քեզ ծանո՞թ է, գնա իրենից հարցրու. Մանվել Գրիգորյանը` Վահան Բադասյանի հայտարարության մասին

Հանրապետության օրվա առթիվ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից շատերն այսօր գտնվում էին Սարդարապատի հուշահամալիրում։ Նախագահի գլխավորությամբ Սարդարապատ էին այցելել գործադիրի, օրենսդիրի անդամները, բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկներ: 



Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց, որ զինվորների բարոյահոգեբանական պատրաստվածությունը շատ բարձր է: «27 տարի է ինչ մենք ադրբեջանցու հետ պայքարի մեջ ենք, այդ նույն կրակոցները կան, երբ կարողանան հայի արյունը կթափեն, երբ կարողանան մարդու ականջ կկտրեն ու կսպանեն»։



Անդրադառնալով Վահան Բադասյանի հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը հայհոյել է զինվորներին, իսկ նրա թիկնապահներն էլ` ավտոմատով սպառնացել, ԵԿՄ նախագահը նշեց, որ ինքը Վահան Բադասյանի հետ որեւէ միջադեպ չի ունեցել.«Նա ո՞վ է, քեզ ծանո՞թ է, գնա իրենից հարցրու»։ 



Խոսելով Սամվել Բաբայանի Հայաստան գալու մասին` գեներալն ասաց, որ այստեղ ոչ ոքու կարիքը չկա, հայ ժողովուրդն ինքն իրենով կարողանում է իր կարիքները հոգալ. «Այսօր բանակն էլ է մարտունակ, մեր զինվորականներն էլ, ամեն ինչն էլ տեղը տեղին ա, առաջնագծում էլ հայոց բանակն ա մեն մինակ կանգնած էդ նույն թուրքի դիմաց։ Ամեն հայի վերադարձի կարիք կա, էս երկրի մեջ, բռնած ինձնից, առանձնահատուկ մարդ չկա, սաղս միասին ենք մեզնից բան ներկայացնում։ Զինվորականությունը իր պարտականությունը չոտկի գիտի և կատարում ա»։



Մեկնաբանելով 800 հեկտար կորցրած տարածքների մասին լուրերը` Մանվել Գրիգորյանն ասաց, որ մենք տարածք չենք կորցրել, նման բան չկա, իսկ Սերժ Սարգսյանը 800 հեկտարի մասին հայտարարել է թուրքերի համար, քանի որ նրանք գլուխ էին գովացել, թե քանի գյուղ գրավել են. «Հեկտարը 1000 մետր ա, մի տնամերձ, ասենք 80 հա տնամերձ հողամաս ա, մի օր մենք ենք վերցրել, մի օր իրանք, կարողա էդ 800 հեկտարը հիմա էլ վերցրած ըլնեն»։



Ինչ վերաբերում է Թալիշում տարհանված մարդկանց չվերադառնալու մասին, ԵԿՄ Բախագահը նշեց, որ մայիսի 3-ին Թալիշում է եղել, մարդիկ կային. «Բայց պարզի չի՞ կին-էրեխեքին պիտի հանեին։ Բա ժամանակավոր մարդկանց պիտի կացարան տան, հո չէ՞ին թողելու մնային փողոցները։ Թալիշ չգնալու պատճառ չկա, եթե կրակեն հեռահար զենքերով, Ստեփանակերտի վրա էլ կկրակեն, եթե տենց մտածենք Երևանի վրա էլ կկրակեն»։