Դաշնակցությունն ունի մեծ առաքելություն. ՀՀ կրթության եւ գիտության նախարար

Դաշնակցությունն ունի մեծ առաքելություն. ՀՀ կրթության եւ գիտության նախարար

Hraparak.am-ը Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատ այցելած ՀՀ կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ապրիլյան պատերազմի օրերին շատ է խոսվում քաղաքական դաշտի առողջացման, պետական կառավարման արդյունավետության մասին։
«Ո՞րն է Դաշնակցության առաքելությունն այսօր»,- հետաքրքրվեցինք Լեւոն Մկրտչյանից։
«Առաքելությունը շատ մեծ է։ Գիտեք ինչ, պետք է յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր անհատ կատարի իր պարտականությունները։ Քաղաքական ուժերն ամեն ինչ պետք է անեն, որ այս երկիրը լինի քաղաքականապես կայուն, ուժեղ, հզոր տնտեսությամբ, կարողանա իր առջեւ դրված խնդիրները կատարել։ Եթե նշանակված պաշտոնյա է, ապա պետք է իր պարտականությունները ճշտորեն կատարի, իր տված խոստումները կատարի»,- ասաց Լեւոն Մկրտչյանը։



«Դուք արդեն չորրորդ անգամ եք նշանակվում ՀՀ կրթության եւ գիտության նախարար։ Այս ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում անել»,- հետաքրքրվեցինք ԿԳ նախարարից։ Այստեղ Լեւոն Մկրտչյանը ներողություն խնդրեց, մոտեցավ իր ծանոթներից մեկին եւ նրա հետ ճանապարհը շարունակեց զրուցելով՝ օդում առկախված թողնելով մեր այդ եւ հետագա հարցադրումները։