Մայիսն ազատության և հաղթանակի ամիս է. լուսանկարներ Ապարանի տոնախմբությունից

Մայիսն ազատության և հաղթանակի ամիս է. լուսանկարներ Ապարանի տոնախմբությունից

«Իմ տղան բարձրացել է դիրք և պայքարել դիվերսիոն խմբի դեմ, իսկ ադրբեջանական, թուրքական լրատվամիջոցները ասում են, որ նա տեռորիստ է և Բանվորական կուսակցությունից եկած զինվոր, որ պայքարում է Հայաստանի համար: Ոչ, նա Ալագյազում ծնված եզդի Սիդար Ալոյանն է».- զինվորի տատիկի ձայնը չէր դողում: Նրա առջև կանգնած երեխաներն իրենց ձեռքերում ունեին ապրիլյան 4-օրա պատերազմի բոլոր զոհվածների նկարները... «Բոլոր դեպքերում եզդին ձեզ հետ է, ձեր կողքին է»:



Այսօր Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում տեղի ունեցավ ամենամյա տոնախմբություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 98-ամյակին: Թեպետ ապրիլյան ծանր դեպքերն իրենց հետքը թողել էին տոնախմբության վրա, այնուամենայնիվ, ինչպես Սիդար Ալոյանի տատիկը նշեց. «Մայիսն ազատության և հաղթանակի ամիս է»:





Այսօրվա տոնախմբությունը քիչ ավելի տարբեր էր նախորդներից, և միայն Արցախում տեղի ունեցած դեպքերը չէին, այս տարի բացակայում էր արդեն նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, բացակայում էր նաև «Նիգ Ապարան»-ի ամենակարկառուն ներկայացուցիչներից Սամվել Ալեքսանյանը: Մի պահ մեզ թվաց, որ ՀՅԴ-ական մարզպետի ներկայությունից «նեղացել է» նաև Վահրամ Բաղդասարյանը, ով այս տարվա 1715-րդ խաչի քավորն է, սակայն մի փոքր ուշացումով նա ևս միացավ միջոցառմանը: Շքախումբը նախ ծաղիկներ դրեց մեր ազգային հերոսների շիրիմներին, ելույթներ լսեցին, անցյալ տարիների նման այս տարի ևս պաշտոնյաները շուրջպար բռնեցին և իհարկե ավանդական տորթ կտրելու արարողությունը:





«Հենց այսօրվա պայծառ օրը, բոլորի ուրախությունը, մեր անկախ պետականության առկայությունը շուրջ 100 տարի դա հենց խորհուրդն է այն հաղթանակի, որ Բաշ Ապարանում մեր ժողովուրդը, մեր աշխարհազորայինը տարավ: Եվ դրանով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ժողովրդի կամքն ուղղակի անկոտրելի է: Դրանով առաջին անգամ նաև կոտրեցին Օսմանյան կայսրության բանակի անպարտելի լինելու միֆը, և դա արեց մեր ժողովուրդը».- նշեց Աղվան Հովսեփյանը: