Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է

Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ազատ է արձակվել, սակայն գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին վերջինս գրել է իր Ֆեյսբուքի էջում. «Բարև հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի և Ամանորի առթիվ բոլոր շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար։ 6 ամիս անց «առաջին իսկ» հնարավորությունն է: Իմացա հաճախ եմ օնլայն եղել.... մինչ այդ ու դրանից հետո բոլոր ինձ ուղարկած ձեր նամակները կարդալու հնարավորություն չեմ ունեցել ... թե ով էր իմ տեղը կարդացել չգիտեմ....



Երևի Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին։



...հասկնում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել է առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք է մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի:



Հատուկ լրագրողների համար.  նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ նախաքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ Որևէ այլ ինֆորմացիա ունենալու, կամ իմանալու համար դիմեք բացառապես ԱԱԾ֊ին».- գրել է Տիգրան Առաքելյանն ու մեկնաբանություններում հաստատել, որ արդեն տանն է գտնվում:



Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է 2015 թվականի հուլիսի 30-ին ԱԱԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով (շորթում) հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա ՀՀԿ-ական պատգամավորներին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի է ենթարկել։ Մասնավորապես շոշափվում էր Հովհաննես Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի անունները: