Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Անի Զախարյան

Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Անի Զախարյան

Hraparak.am-ի «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում շարունակում ենք վերլուծել նրանց իմիջը. թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն։ Շարքի նախորդ երեք «զոհերը» եղել են Սփյուռքի նախարար Հրանուշ ՀակոբյանըՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե ԲիշարյանըԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը , ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե ՆաղդալյանըԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ Այս անգամ մենք անդրադարձել ենք «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար, սկանդալային իրավիճակներում մշտապես հայտնվող, բոլորին հայտնի Անի Զախարյանին: Դիզայներ-ոճաբան Նիակրիսին նախապես տրամադրել ենք նրա տարբեր տարիներին արված մոտ 20 լուսանկար: Եւ ահա ներկայացնում ենք արդյունքը։



Ոճը անթույլատրելի է. չի օգտվում ոճաբանի ծառայություններից



Քաղաքականության մեջ էպատաժային, առանձնացող արտաքին ունենալը միանշանական պլյուս է, այդկերպ կարելի է շատ հեշտ հիշվել և ընտրողների ինչ որ խավի ձայներ ստանալ: Բայց ինչ վերաբերում է տիկին Զախարյանին՝ էպատաժը նրա կերպարում հասնում է անճաշակության գրոտեսկի բարձրագույն աստիճանին: Տիկին Զախարյանը փորձում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցներով ընդգծել իր մարմինը, իհարկե գեղեցիկ կազմվածքը ցանկացած կնոջ զենքն է, բայց այդ զենքը չպետք է դառնա զանգվածային ոչնչացման զենք: Ես վստահ եմ, որ Անի Զախարյանը երբևէ չի օգտվել ոճաբանի ծառայություններից, և կարծում եմ՝ նաև դիմահարդարի: Անիի ոճում սխալներն այնքան շատ են և տեսանելի, որ չարժե անգամ դրանք վերծանել:



Ինչ չանել



Միանշանակ նման մարմին ունենալու դեպքում կարելի է բավականին համարձակ և սեքսուալ հագնվել, շատ լավ օրինակ է Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին: Ես խորհուրդ եմ տալիս ընդմիշտ հրաժարվել բարձր երկարաճիտ կոշիկներից, ծնկից ավելի քան 10 սմ կարճ կիսաշրջազգեստներից, միանշանակ չկրել ջինսեր, որոնք ցուցադրում են բաց որովայնը, և իհարկե քաղաքականության մեջ հարիր չէ թափանցիկ կամ կիսաթափանցիկ հագուստը:



Սխալ դիմահարդարում



Տիկին Զախարյանին շատ են սազում բաց գույները՝ սպիտակ, կաթնագույն, բաց վարդագույն, արժի հրաժարվել դեմքին մոտ սև գույնը կրելուց, քանի որ սև գույնը միշտ տարիք է ավելացնում և հոգնած տեսք է հաղորդում: Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ասում են՝ դեմքի դեմքը հոնքերն են, և շատ հաճախ հոնքերի սխալ ձևը, հաստությունը կնոջը զայրացած կամ զավեշտալի տեսք են տալիս, հիմա արդիական են հաստ, գրեթե բնական հոնքերը: Կարծում եմ՝ Անիի արտաքինը կշահի, եթե փոխվի հոնքերի հաստությունը, ձևը: Մուգ շրթներկը ևս չի գեղեցկացնում տիկին Զախարյանին, այլ ընդգծում է հայկական մեծ քիթը:



Անխնամ տեսք ունի



Ընդհանուր առմամբ՝ ամբողջական կերպարը էժան և անխնամ է թվում, և եթե փորձենք դատել առաջին հայացքից, ապա կարող ենք վստահ ասել, որ այս կինը քաղաքական գործիչ չէ: Առանց պրոֆեսիոնալ միջամտության հնարավոր չի լինի շտկել իրավիճակը:
Խորհուրդ չեմ տալիս հրաժարվել սեքսուալ, գրավիչ ոճից, բայց ցանկացած կնոջ և հատկապես քաղաքական գործչի կերպարում պետք է ակնհայտ լինի խնամվածությունը, խոսքը իհարկե «ֆենած» մազերի մասին չէ. ամենահեշտ միջոցը թանկ և տպավորիչ լինելու մեկ կոմպլեկտում 3-ից ոչ ավելի գույն համադրելն է: Ամեն դեպքում հետաքրքիր էր Անիի նկարները զննելը, չնայած որ ոչ մի կերպ չէի հավատում աչքերիս:



Պատրաստեց՝ Աննա Պապիկյանը