ՀՀԿ-ական պատգամավորների մականուններն եւ դրանց պատմությունները

ՀՀԿ-ական  պատգամավորների մականուններն եւ դրանց պատմությունները

Աշոտ Երկաթ, Խոսրով Կոտակ, Աշոտ Ողորմած, Սմբատ Տիեզերակալ, Տրդատ Մեծ, Երվանդ Սակավակյաց, Աշոտ Բագրատունի Մսակեր… շարքը կարելի է անվերջ լրացնել, մեր պատմության իշխանական այրերն են, որոնք մականուններ են ստացել իրենց ժամանակներում և այդպես էլ հիշվել պատմության մեջ: Հետաքրքիր է, օրինակ Աշոտ Մսակերը գնո՞ւմ էր պատմագիրների մոտ և հորդորում իր մասին գրելիս մականունը չօգտագործել… դժվար:



Hraparak.am-ը ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի մականունների «աստղաբույլը»: Ցավոք «Բարեգութ», «Մեծ», իսկ ամենակարևորը «Սակավակյաց» (սակավիշխող) մականուններն արդիական չեն: Սկսել ենք իշխող Հանրապետական կուսակցությունից:



ՀՀԿ-ի ցուցակում առաջին մականուն ունեցող պատգամավորը Աշոտ Աղաբաբյանն է, ում կնքել են «Բուռնաշ» մականունով: Ի դեպ, պատգամավորի անունը պատմություն ունի, Աշոտ Աղաբաբյանը պատմել է, որ երիտասարդ տարիներին շատ նման է եղել «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի դերասանին, ով մարմնավորում էր Բուռնաշի կերպարը:



Ցավոտ է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թեման, վերջինս չի սիրում իր մականունը, որն էլ թարսի պես շատ է օգտագործվում՝ Լֆիկ: Հայաստանի ամենահարուստ բիզնեսմենը գործարարությամբ սկսել է զբաղվել դեռ երիտասարդ տարիներից, պատմում են, որ սկսել է գումար վաստակել՝ կրծքկալ վաճառելով: Եվ այդպես ձեռք բերել Լֆիկ մականունը:



Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր Կարեն Ավագյանը 2012 թվականին է ձեռք բերել իր մականունը՝ Փուչիկ Կարեն: Չի մոռացվի ՀՀԿ-ի կազմակերպած համերգ-հանրահավաքը, որի ժամանակ ցավալի դեպք տեղի ունեցավ, փուչիկների պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին: Եվ զուր էին վերջինիս հայտարարություններն ու արդարացումները, որ  ընդհանրապես կապ չի ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների, փուչիկների պատվիրման ու ձեռքբերման հետ:



Շատերը կերազեին նման մականուն ունենալ՝ Մաեստրո, կնքել են միակ և անկրկնելի Գալուստ Սահակյանին, ում մտքի գոհարները այնքան զվարճացրեցին մարդկանց: «Մաեստրո»-ն ի դեպ, հայտնի «Արմքոմեդի» հաղորդման միտքն է:



Միգուցե ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի մականունն ապագայի սերունդները բացատրեն նրանով, որ պատգամավորը լավ դհոլ է նվագել, չենք կարող ասել: Միայն թե հիմա բոլորը գիտեն, որ իր մականունը պատգամավորը ստացել է 2008 թվականին անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, երբ անվանեց նրան դատարկ դհոլ:



Մեկ այլ տխրահռչակ պատգամավոր Առաքել Մովսիսյանին էլ Շմայս են անվանում:  Ասում են՝ այդ մականունը ձեռք է բերել դեռևս պատերազմի տարիներին, քանի որ միակն է եղել, ով ունեցել է գերմանական «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ: Թեպետ ինքնաձիգի անվանումը տրանսֆորմացվել է, բայց համաձայնեք գերմանական հնչեղության «Շմայսեր»-ն ավելի կսազեր նրան:



Հանրապետական Համլետ Հարությունյան՝ Բառադի Համո. Դեպքն «առեղծվածային» է, մականունի «եզերքի» մասին պատմություններ չկան, թեպետ շատերն ասում են պատգամավորը հենց իր «բառադի» պահվածքի համար է ձեռք բերել այդ մականունը:



Իսկ հիմա մի քիչ բիզնեսներից... ամեն դեպքում մեզ չեն հասել Ձիերի Աշոտ, Կալվածքի Բագրատ, կամ ասենք Բյուզանդստանի Վարազդատ և նմանատիպ մականուններով պատմական դեմքեր, սխալն ուղղելու ժամանակն է:



ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը՝ Քլոս, կամ Ջերմուկի Արսեն. Դե քանի որ պատգամավորը «Ջերմուկ գրուպի» նախագահն է:



Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկ. պատգամավորի անունը ընտանեկան բիզնեսից է սերում, գործարանը փաստացի պատկանում է պատգամավորի որդուն:



Նեմիրոֆի Արման. պատգամավոր Արման Սահակյանը հանդիսանում է «Նեմիրոֆ» արտադրատեսակի ներկայացուցիչը Հայաստանում, ժամանակ առ ժամանակ պատգամավորին անվանում են նաև իր մյուս բիզնեսի անունով՝ «Պռեսստենդի Արման»:



«Եվրոստան ույուտ»-ի սեփականատեր Մանվել Բադեյանը կնքվել է Եվրոստանի Մանվել մականունով, լավ է գոնե «ույուտ»-ը կրճատել են:



Պատգամավոր Հակոբ Հակոբյանը ժամանակին ստորգետնյա աշխատանքներով է զբաղվել և վաստակել Թունելի Հակոբ անունը:



Հայ ազգը դեռ հին ժամանակներից տեղանուններով մարդկանց «անվանակոչել» շատ է սիրել, այնպես որ տեղանուններով մականունները մեզանում նորություն չեն: Նման բախտ է վիճակվել Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախի Մհերին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանին՝ Էջմիածինցի Հրանտին:



Ինչ վերաբերում է անուններ կրճատելուն, ապա հանրապետական պատգամավոր Արմեն Մխիթարյանը հայտնի է Մխիկ անունով, իսկ Նահապետ Գևորգյանը՝ Նովո անունով:



ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն իր կանաչ աչքերի համար վաստակել է Չախկալ Արթուր անունը: «Ստեղծագործ» Տաճատ Վարդապետյանին կնքել են պոետ մականվամբ: Եվ եթե Տաճատ Վարդապետյանի մոտ գնահատել են տաղանդը, ապա Վոլոդյա Բադալյանի մոտ՝ խնամիական կապերը: Քանի որ վերջինս Ռոբերտ Քոչարյանի խնամին է, կնքվել է Խնամի Վալոդ մականունով:



Շարունակելի