NEWS.am-ի ավանդական բարեգործական ակցիան այս անգամ էլ միավորել էր երեխաներին եւ պաշտոնյաներին (Ֆոտոշարք)

NEWS.am-ի ավանդական բարեգործական ակցիան այս անգամ էլ միավորել էր երեխաներին եւ պաշտոնյաներին (Ֆոտոշարք)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը կազմակերպել էր իր ավանդական բարեգործական մեծ ակցիան, որից գոյացած հասույթն այս անգամ ամբողջությամբ տրամադրվելու է ապրիլին շփման գծում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ կան երեխաներ: Պաղպաղակները եւ ըմպելիքը NEWS.am-ի անձնակազմի հետ վաճառում էին շոու-բիզնեսի աստղերը, քաղաքական–հասարակական գործիչները։



Միջոցառմանը ներկա քաղաքական գործիչները



Միջոցառմանը ներկա էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով եկել էր Հյուսիսային պողոտա ընկերուհու երեխաների հետ: Երեխաների համար նա գնեց պաղպաղակներ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ սա շատ լավ նախաձեռնություն է, այս տարի ևս շատ մեծ խորհուրդ ունի. «Կարծում եմ, որ բոլորն էլ պետք է մասնակցեն: Ցանկացած նախաձեռնություն, որը հնարավորություն է տալիս երեխաներին օգնելու, ողջունելի է»:



ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն էլ իր երիտասարդ տարիներից հիշում է, որ կար միայն երկու տեսակի պաղպաղակ, և այն ժամանակվա պաղպաղակները չեն ունեցել այն որակը, ինչ հիմա: Խոսելով իր մանկության տարիներից` նա ասաց, որ դպրոցում գերազանց է սովորել, իսկ այսօր պաղպաղակ է գնել բոլոր երեխաների համար: Նրա կարծիքով` այսօր երեխաների իրավունքների պաշտպանությունը բավարար մակարդակի վրա է, մեր երկրում երեխայի, ընտանիքի դերը մեծ նշանակություն ունի:



Իսկ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այսօր վաճառողի դերում էր, նրա խոսքերով` առևտուրը հաջող է ընթանում, իսկ օրվա վերջում հասույթի մակարդակը բարձրանում է: Նա նաև նշեց, որ անցյալ տարի բավականին մեծ գումար է հավաքվել, որը տրամադրվել է Գավառի մի քանի գյուղերին:



Այս բարեգործական միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր թոռնիկների հետ: Մոտենալով յուրաքանչյուր տաղավարին` նա տրամադրում էր որոշակի գումար: Իսկ թոռնիկներին առաջարկում էր պաղպաղակներ, չիպսեր, ըմպելիքներ, բայց նրանք հրաժարվում էին: Տաղավարներից մեկում էլ, երբ նրանց առաջարկեցին չիպս, թոռնիկների փոխարեն վարչապետը վերցրեց այն ու փոխանցեց թիկնապահներին: Վարչապետը պատրաստակամ լուսանկարվում էր բոլորի հետ, ժպտում: Մարդիկ էլ, օգտվելով հասարակություն դուրս եկած վարչապետի ներկայությունից, լուսանկարվում էին: Հովիկ Աբրահամյանն անգամ ինքն առաջարկեց լուսանկարվել: Սա բոլոր երեխաների համար էր կազմակերպված, բայց վարչապետի թոռնիկների դեմքին այսօր այդպես էլ ժպիտ չտեսանք: Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ ինքը կարևորեց այն փաստը, որ երեխաներին պատմվում է Արցախյան պատերազմի մասին, նա իր թոռնիկներին ասել է, թե ինչի համար են այսօր եկել այստեղ: Նա նաև նշեց, որ երեխաների իրավունքները ՀՀ-ում լիովին պաշտպանված են:



Նվերներ ու ուրախ տրամադրություն երեխաներին



Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, ծնողները եկել էին երեխաների հետը, փոքրիկների համար անակնկալ կար՝ հատուկ սեղանների մոտ նրանք ջրաներկով նկարում էին, խաղեր խաղում, բաժանվում էր նաև նվերներ: Իսկ ելույթով հանդես էին գալիս մանկական երաժշտական, պարային խմբերը: