Որքա՞ն կարելի է հուսալ

Որքա՞ն կարելի է հուսալ

Տպագրվել է ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի՝ այսպես կոչված տարածքային ամբողջականությունը» հոդվածը: (http://www.azg.am/AM/2016052718)



Անցյալ դարի 70-80- ականների «կուռ տրամաբանությամբ» կառուցված շարադրանքն սկսվում է Գյուլիստանի պայմանագրի հիշատակումից, անցնում 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին, ՌԿ(բ)Կ Կովկասյանի բյուրոյի որոշմանը, որով Լեռնային Ղարաբաղը «թողնվել է Ադրբեջանի կազմում» եւ ավարտվում այսպես. «Տեղին է հնչեցնել հետեւյալ հարցադրումը` ի՞նչ վատ արարք է կատարել Հայաստանը Ռուսաստանի հանդեպ նրանց միջեւ բազմադարյան հարաբերությունների պատմության ընթացքում: Բայց կարծես Ռուսաստանն արթնանում է եւ նման հարցադրումներ կատարում են Ռուսաստանի իսկական հայրենասերները եւ զանգվածային լրատվության միջոցները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ» (նույն տեղում) 1988-89-ին Մոսկվա մեկնող-վերադարձող պատվիրակությունները նույնն էին ասում: Իբր, ԽՍՀՄ (փաստացի՝ Ռուսաստանի) ղեկավարությունը բաժանված է երկու ճամբարի: Մեկը ԼՂ հարցում պատմական արդարության վերականգնման եւ ազգերի ինքնորոշման լենինյան սկզբունքը կյանքի կոչելու ջատագով է, մյուսը՝ պահպանողական-ստալինական:



1989թ. նոյեմբերի 28-ին՝ Հայաստանում բոլշեւիկա-քեմալական հեղաշրջման հերթական տարելիցի նախօրյակին, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը վերահաստատեց ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, լուծարեց ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն եւ ինքնավար մարզը վերստին հռչակեց Ադրբեջանի Ակադեմիկոս Աղալովյանը հույս է տածում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրները գուցե ծանոթ չեն ԼՂ հարցի «նյուանսներին, բայց չէ՞ որ Ռուսաստանը գիտի ամեն ինչ», ուստի թող լավ հարաբերություններ ունենա եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ, «բայց հերթական անգամ՝ ոչ ի վնաս Հայաստանի»: Ռուսաստանն, այո «գիտի ամեն ինչ», բայց Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ կարող է ունենալ միայն …ի վնաս ԼՂ անկախությանը կամ Հայաստանի մաս ճանաչելուն:Քանի որ Ռուսաստանի հետ Ադրբեջանը հարաբերություններ կառուցում է բացառապես այդ ռակուրսով: Եւ եթե Մոսկվան չի հրաժարվում Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններից, ուրեմն դա Ռուսաստանի աշխարհաքաղաքական ընտրությունն է: Այստեղ հայ ակադեմիկոսի մորմոքը կամ խանդավառությունը որեւէ դեր չեն խաղում: 



40 տարի է՝ հազարավոր նման հրապարակումներ են արվում: Ավելի վաղ նամակներ էին հղվում ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ ԳԽ, Նախարարների խորհուրդ: Եւ արդյունքն այն է, որ «Վալդայ» ակումբի փոձագետը եզրահանգել է, թե «հայերը փորձում են ԼՂ շփման գծում իրավիճակի անփոփոխելիության պատասխանատվությունը բարդել»: Իհարկե, կարելի է եւս մեկ անգամ համառել-պնդել, որ «Վալդայը» Ռուսաստանի պաշտոնական տեսակետը չի ներկայացնում: Բայց ինչու՞ մոռանալ, որ բանավեճի այդ ակումբի տարեկան հավաքներն անցնում են ՌԴ նախագահ Պուտինի մասնակցությամբ:



Հ.Գ. Վահան Իշխանյանը հայկական մամուլում «ռուսաֆոբիայի» վիճակագրություն է արել: Հուսամ, «մեղապարտների» շարքը չեմ համալրելու: Անկախ ռուս-թուրքական հարաբերությունների ընթացիկ փուլի լարվածությունից, Մոսկվան եւ Անկարան պարտադրված են գոնե Կովկասի հարցում մնալ դաշնակիցներ: Հակառակ դեպքում նրանց միջեւ բախումն անխուսափելի կդառնա:



…Ճիշտ է, մենք Հովհաննես Թումանյանի նման շարունակում ենք հուսալ, որ մի գեղեցիկ օր ռուսներն իրենց հաղթական վահանը մեխելու են Ցարգրադի (Կոստանդնուպոլիս- Ստամբուլի) դարպասներին, բայց զլանում ենք ճշտել՝ եթե դա անգամ տեղի ունենա, ո՞րն է լինելու հայերիս օգուտը: Մի՞թե Ռուսաստանը կիսելու է նեղուցների վերահսկողության իրավունքը:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ