Անտառաշենցի երեխան խեղդվել էր նախկին մարզպետի կնոջը պատկանող ԳԷՍ-ում

Անտառաշենցի երեխան խեղդվել էր նախկին մարզպետի կնոջը պատկանող ԳԷՍ-ում

Մայիսի 21-ին, ժամը 21։00 -ի սահմաններում, Անտառաշեն գյուղին հարակից լճակում ջրահեղձ էր եղել նույն գյուղի բնակիչ 12-ամյա Ա. Ա.-ն: Hraparak.am-ի հետ զրույցում Անտառաշենի գյուղապետ Ռաֆիկ Խառատյանն ասել էր, որ գյուղից 300 մետր հեռավորության վրա ԳԷՍ կա կառուցված, խողովակներով գետից ջուրը բերում են, ջրամբարներում հավաքում, երեխան էլ 3 ընկերների հետ գնացել է լողանալու, ընկերներն ասել են, որ չմտնի, սակայն չի լսել, երկու անգամ մտել, դուրս է եկել, երրորդ անգամ մտել է ու այդ դեպքն է եղել: «Որ մտել է լիճը, հավանաբար սառել է երեխան ու խեղդվել»,-ասել էր գյուղապետը։



Իսկ այսօր գյուղապետը մեզ հայտնեց, որ շաբաթ օրը քննիչ է եկել, տարածքը զննել, քննություն է ընթանում, մեղադրյալներ չկան, երեխան ինքն է մտել և խեղդվել։ Գյուղապետը հաստատեց մեր տեղեկությունը, որ ԳԷՍ-ը պատկանում է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի ընտանիքին, մասնավորապես՝ նրա կնոջ՝ Ասյա Քոչինյանի անունով է այն գրանցված. «ԳԷՍ են կառուցել, հոսանք են արտադրում ու տալիս գյուղին»։



Նշենք, որ մահացած տղան իրենից 2 տարով մեծ եղբայր ուներ, իսկ տարածքը ցանկապատված չի եղել, անգամ պահակ չի ունեցել: