Նորակերտում տիղմով լցված հեղեղատարը վտանգավոր է մերձակա ցանքատարածությունների համար

Նորակերտում տիղմով լցված հեղեղատարը վտանգավոր է մերձակա ցանքատարածությունների համար

Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում հեղեղատարը տիղմով լցվելու պատճառով հեղեղման վտանգի տակ են հայտնվել հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները: Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավազան գյուղի սարերից սկիզբ առնող հեղեղատարը Նորակերտ գյուղի տարածքում տիղմով է լցվել մոտ 2 կիլոմետր 200 մետր երկարությամբ, ինչի արդյունքում հեղեղատարի ափերից դուրս եկած ջրերն արդեն սպառնում են մերձակա ցանքատարածություններին: «Հեղեղատարը վերջին անգամ մաքրվել է 6 տարի առաջ, պետական միջոցներով տրամադրված հզոր տեխնիկայի միջոցով: Սելավատարի կողքին գյուղատնտեսական հողեր են, որոնցում ցանված են կարտոֆիլ, գարի, ցորեն: Հատվածը, որտեղ, որ փուլ էր եկել, փակել ենք, բայց դա հարցի լուծում չի: Հեղեղատարը այնքան է լցվել, որ դաշտերից 1-2 մետր բարձր է գտնվում»:



«Այս պահի դրությամբ ջրածածկվել է հեկտարներով ցանքատարածություն, եթե գյուղնախարարությունը քայլեր չձեռնարկվի, ապա հնարավոր մոտ 500 հեկտար ցանք կարող է վնասվել»,- մտահոգված էին գյուղացիները: Գյուղապետ Գերասիմ Սարգսյանն էլ նշեց, որ հեղեղատարի մաքրման համար տեղում աշխատում է Վարդենիսի ջրօգտագործողների ընկերության տեխնիկան, բայց իրավիճակը մնում է անհաղթահարելի:



Նշենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրել է 677 մլն դրամ: Գեղարքունիքի մարզին հատկացված մոտ 80 մլն դրամով իրականացվել է Գավառագետի եւ Մարտունի գետի հուների մաքրման աշխատանքներ, սակայն այս հեղեղատարի հետ կապված որեւէ աշխատանք չի իրականացվել:



Նելլի Կարապետյան