Ապրիլյան գոյամարտ. լույս եւ ստվեր

Ապրիլյան գոյամարտ. լույս եւ ստվեր

Այն մեզանում սրեց մի հարցադրում. ո՞րն է կյանքի չափը, և տվեց պատասխանը՝ սերը առ հայրենիք, առ հայ զինվորը, ով պատանեկան հասակից նոր-նոր միայն դուրս եկած՝ հերոսացավ։ Մեր միտքը սևեռվեց Մայր Հայաստան-Սփյուռք- Արցախ եռամիասնության վրա։ Եվ միտքը, որ հայրենիքը վտանգի տակ է, շարժեց հոգին։ Հոգին դարձավ առավել զգայուն, մեծացավ տագնապը սահմանը պահող զինվորի նկատմամբ։



- Մեկնում եմ Արցախ, դիրքերում կանգնած մարտիկների մոտ. – Լոս Անջելեսի Հարավ Արևմուտք իրավաբանական դպրոցի ուսանողուհի Էլեն Հովհաննիսյանի մղումն անբեկանելի էր։ Նուրբ, փխրուն, սակայն անկոտրում Էլենը թռավ Հայաստան։



- Հայրենիքը որքան ուժեղ, մեր թիկունքն այնքան ապահով կլինի, - երիտասարդ կնոջ՝ Էլենի հետ Հայաստան շտապեց նաև ամուսինը՝ սիրիահայ Հակոբ Պետրոսյանը։ Իրադրության թելադրանքով, սակայն, դիրքեր մեկնել չհաջողվեց և փոքրիկ օգնությունը, որ նախատեսված էր սահմանում կանգնած զինվորների համար, հարկ եղավ բաժանել զոհված և վիրավոր մարտիկների ընտանիքներին։



Կրտսեր սերժանտ, սակրավոր Վաժիկ Համբարյանը վիրավորվեց ապրիլի 2- ին՝ արկի պայթյունից։ Անմիջապես տեղափոխեցին Մարտակերտ, այնուհետև՝ Ստեփանակերտ, Սիսիան, Երևան՝ կենտրոնական հոսպիտալ։ Չհամարակալած շենքերի շփոթի մեջ մի կերպ գտանք Վաժիկենց բնակարանը՝ Վանաձորի Սոխումի 6 հասցեում։



- Փա՜ռք Աստծո, որդիս գոնե ողջ է, - տամկանում են Վաժիկի մոր՝ Իրինա Գուսենկոյի աչքերը։ Քանի՜-քանիսը իրենց ծնողներին կարոտը թողեցին...



- Վաժիկիս հետ ծանր վիրավորվեցին նրա ընկերը Նոդարը, հրամանատարը՝ Հովսեփ Կիրակոսյանը։ Ավա՜ղ, երկուսն էլ մահկանացուն կնքեցին։



- Հիվանդանոցում օգնություն ցույց տվող բժշիկներին հրամանատարը շշնջացել է. «Առաջինը զինվորներին օգնեք», - Իրինա Գուսենկոն դժվարանում է թաքցնել հուզմունքն ու երախտագիտությունը։ Առջևում Վաժիկին սպասվում է ևս մեկ վիրահատություն, մարմնում դեռ բեկորներ կան, և հուսադրում են, որ նա նորից շարք կվերադառնա, - մայրը ուրախ է որդու համար և հպարտությամբ ցույց է տալիս մեդալներն ու պատվոգրերը, որոնք Վաժիկը ստացել է ձյուդոյի մրցումներում։



- Անչափ երախտապարտ ենք, որ դժվար պահին մեզ չեք մոռացել ու մեր կողքին եք, - Իրինա Գուսենկոն այցելության համար իր շնորհակալությունն է հայտնում Էլեն Հովհաննիսյանին։ 



Թերևս լրագրողական հնարք թվա, բայց հնարավոր չէ չհիշել շենքի բակում մեզ հանդիպած երեքամյա Արտյոմի խոսքերը, որը մեր հարցին, թե մեծանաս ի՞նչ ես անելու, անմիջապես ասաց.



- Բանակ եմ գնալու...



Հաճելիորեն ապշած էինք։ Հուզիչ, սրտառուչ էին Էլենի այցելությունները զոհված Կարեն Դավթյանի (Վանաձոր), Գևորգ Գևորգյանի (Աքորի) և տասնյակ այլ ընտանիքներ... Կորուստ ունեցող հարազատները զգացին, որ իրենք իրենց վշտի և դժվարությունների հետ միայնակ չեն։



Ապրիլյան առաջին օրերը արյունով բացվեցին, բայց և խոստովանենք՝ աշխարհին ներկայացավ հայի նոր տեսակը, ով կարող է բռունցքվել և արժանի հակահարված տալ թշնամուն։ Հայը զարթոնք ապրեց այնպես, որ անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդ. Շարմազանովը խոստովանեց, որ ապրիլյան դեպքերը հարկադրեցին այլևս նորովի մտածել ու գործել...



... Երանի այդպես լիներ...



Հ.Գ.– այս օրերին մեր հոգիներում լույսը շատացավ։ Մայր Հայաստանի սրտի տրոփյունն ու զարկերը զգացին և մեր տագնապներին արձագանքեցին հեռավոր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, ամենուր։ Բայց լույսի կողքին, ցավոք, նկատելի է նաև ստվերը։ Խոսքն այս անգամ բանակի համար նախատեսված ապրանքի անթույլատրելի վաճառքի կամ ներքաղաքական խնդիրների մասին չէ։ Այլ թվացյալ մանր, մասնավոր հարցի է վերաբերում։ Իրինա Գուսենկոն զրույցի ընթացքում իմիջիայլոց նկատեց՝ վիրավոր որդուն հիվանդանոց այցելելու համար ինքը զգուշացրել է հրուշակեղենի պատրաստման և վաճառքի արտադրության փոքրիկ արտադրամասի հաշվապահին և բացակայել։ Խոստացել են մի քանի օրից կանչել։ Մինչ օրս ոչ մեկը, սակայն, իրենով չի հետաքրքրվել ու աշխատանքի անցնելու հրավեր այլևս չի ստացել...



Հովհաննես Կարապետյան



Վանաձոր