Տարիներ անց Գյումրիում կմնան միայն անօթեւանները, քանի որ չեն կարող վաճառել նվիրաբերած բնակարանները

Տարիներ անց Գյումրիում կմնան միայն անօթեւանները, քանի որ չեն կարող վաճառել նվիրաբերած բնակարանները

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, արտագաղթի տենդենցն այնքան զգալի է, որ առանց երկար-բարակ մտածելու, միայն ճանապարհածախսի համար շատերն ստիպված վաճառում են բնակարանները: Շիրակ հասարակական կազմակերպությունը, որ տասնյակ տարիներ զբաղված է Գյումրու անօթևանների հոգսը թեթևացնելով, իր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել է բնակարաններ ձեռք բերել եւ նվիրաբերել անօթևաններին: Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը վերջին շրջանի զգալի արտագաղթի հետ կապված սեփական դիտարկումն ունի, նա ցավով արձանագրում է. «Արտագաղթի ծավալները Գյումրիում ահռելի և գերվտանգավոր չափերի են հասել: Ամեն օր տասնյակ մարդիկ պարզապես խնդրում են, որ անօթևան ընտանիքներին նվիրաբերելու նպատակով, հատկապես իրենց բնակարանները գնենք, պատճառաբանելով, որ բնակարանը վաճառել չկարողանալու պատճառով է, որ դեռևս Գյումրիում են մնացել: Նրանցից շատերի ընտանիքներն էլ վաղուց արտագաղթել են»:
Ստացվում է, որ այս ցուցանիշով Գյումրիում մի քանի տարի անց մնալու են նախկին անօթևանները՝ նվիրաբերած բնակարանները վաճառելու արտոնություն չունենալու պարզ պատճառով, հակառակ դեպքում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք էլ կմեկնեն:



Իսկ ուր եւ ինչու են մեկնում գյումրեցիները: Մեր հարցումներից պարզ դարձավ, որ մշտական բնակության համար ՌԴ մեկնող գյումրեցիների թիվը քիչ է, արհեստավոր գյումրեցուն հիմնականում ձգում է Եվրոպան, որտեղ, իրենց խոսքերով ասած, իրենց գնահատող կա, եւ որտեղ ամեն գնով ծանոթ, բարեկամ ու հարազատ են գտնում՝ մեկնելու հեռանկարով: «Ես էստեղ ոսկու գործ կենեմ, արհեստավոր տղա եմ, բայց ոչ հագածներս է մի բան, ոչ կերածներս, հըմի ընգերս Բելգիա է, կանչե գը, կըսե դու արի էստեղ, քո արհեստով կապրես մարդավայել, ինչըխ չէրթամ, ամենաուշը մինչև աշուն, գործերս կեղնի, ընտանիքս կվերցնեմ կէրթամ»,-ասում է զրուցակիցս՝ 42-ամյա Սասունը: Ի տարբերություն Սասունի, ով հայրական տունը վաճառելու մտադրություն չունի, 48-ամյա տիկին Էմման Գյումրու Կենտրոնական Ռիժկովի փողոցում տեղակայված 3 սենյականոց տան «ձեռքն է կրակն ընկել»:«Ինչ անեմ, աղջկաս վերցնելու եմ գնամ, ես հետ եկողը չեմ, հիմա ինձ անհրաժեշտ է՝ շտապ տունս վաճառեմ, բայց չեն առնում, կենտրոն տեղ է, չեմ կարող ջրի գին տալ: Ստիպված եմ մնալ, մինչև վաճառեմ»,-ասաց նա:



Ու որքան էլ տարօրինակ է, զրուցակիցս ափսոսում է, որ իր տունը ծայրամասային Մուշ կամ Անի թաղամասում չէ, քանի որ այնտեղ բնակարանները մատչելի են, եւ գոնե անօթևաններին նվիրաբերելու համար բարեգործ գնորդներ կհայտնվեին:
Թերևս Գյումրին, հատկապես Ռիժկովի փողոցը կարծես երբեք էլ լքելու միտք չունի գյումրեցիներին ծանոթ հարմոն կամ ակորդեոն նվագող պապիկը,եւ ոչ այն պատճառով, որ վաստակածն է իրեն բավարարում, կամ հեռանալու տեղ չունի, այլ՝ ինչպես ինքն ասած. «Թախտիցս փախնեմ, բա բախտիցս ուր փախնեմ աղջիկ ջան»:



Արևիկ Հակոբյան, Գյումրի