Երբեք եւ ոչ մի պայմանով չեմ առաջադրվի. Ժուռնալիստների միության նախագահ

Երբեք եւ ոչ մի պայմանով չեմ առաջադրվի. Ժուռնալիստների միության նախագահ

Ժուռնալիստների միության առաջիկա համագումարը տեղի կունենա 2017թ. սկզբին, նախատեսված ժամկետում։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը։
«Կրկին կառաջադրվեք Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում»,- հետաքրքրվեցինք Աստղիկ Գեւորգյանից։ «Երբեք եւ ոչ մի պայմանով։ Ո՛չ խառվնելու եմ, ո՛չ որեւէ առաջարկություն կամ դիտողություն եմ անելու։ Թող համագումարը որոշի, թե ում է տեսնում այդ պաշտոնում։ Դաշտում շատ կան գործող, երիտասարդ լրագրողներ, որոնք կարող են ղեկավարել միությունը»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Իր գործունեության մասին էլ նա նշեց, որ մեծ ջանքերի, գրեթե կյանքի գնով կարողացել է պահպանել շենքը, որպեսզի այն չօտարեն եւ չսեփականաշնորհեն։ Ըստ Աստղիկ Գեւորգյանի՝ եղել են ազդեցիկ մարդիկ, որոնք միջնորդավորված կերպով առաջարկել են սեփականաշնորհել շենքը, սակայն ինքը դա թույլ չի տվել, եւ իր խիղճն այդ առումով հանգիստ է։



Ժուռնալիստների միության երկարամյա նախագահը հույս ունի, որ այդպես կվարվի նաեւ հաջորդ նախագահը։ Թե ովքեր են «աչք ունեցել» Ժուռնալիստների միության շենքի վրա՝ Աստղիկ Գեւորգյանը խուսափեց անուններ տալուց։ Նա բավարարվեց նշելով, որ նրանք հանրությանը հայտնի մարդիկ են, բայց՝ ոչ օլիգարխներ։ Հետաքրքրվեցինք, թե ինչու Ժուռնալիստների միությունում նախկինի պես չեն կազմակերպվում մամուլի ասուլիսներ եւ այլ միջոցառումներ։ Աստղիկ Գեւորգյանն ասաց, որ իրենք այժմ ավելի շատ աշխատում են ուսանողության հետ, արհմիություն հիմնելու նպատակ ունեն։ Բացի այդ, ձմռան ամիսներին շենքը չի ջեռուցվում, իսկ իրենք դրամական միջոցների խնդիրներ են ունենում։